Ցիցերոնի ելույթը Հռոմեական սենատում |
Իրոք, բազմաթիվ քաղաքական ու պետական գործիչների, քաղաքագետների ու
վերլուծաբանների կողմից բազմիցս հնչեցված միտքը, թե Հայաստանը Սփյուռքի հետ և
առանց Սփյուռքի տարբեր քաշային կատեգորիաներ են, այսօր դժվար թե որևէ հայի մոտ
կասկածի տեղիք տա:
Այն որ Սփյուռքը ներկայիս աշխարհքաղաքական մարտահրավերների պայմաններում
Հայաստանի Հանրապետության գոյության և զարգացման համար ռազմավարական հսկայական
ռեսուրս է` թե քաղաքական, թե տնտեսական, և թե, ինչու չէ նաև` մշակութային
առումներով որևէ մեկի կողմից չի վիճարկվում:
Ու թեև հայրենիքին աջակից լինելու, այն զորացնելու անհրաժեշտության մեջ
միակարծիք են բոլորը, այս գործընթացներում Սփյուռքի ներգրավման ձևերի ու
մեխանիզմների շուրջ կարծիքների ու մոտեցումների առատության պակաս չկա:
Հայաստանի քաղաքական անկախացումից հետո, հատկապես վերջին տասնամյակում
Հայաստան-Սփյուռք գործակցության ձևաչափը էական փոփոխություններ է կրել: Համահայկական
Խորհրդաժողովները Հայրենիքի հանդեպ Սփյուռքի “բարեսիրական” մոտեցումները ինչ-որ չափով
վերափոխեցին “գործարար-գործընկերայինի”, ապա` 2008-ից ՀՀ պետական կառուցվածքում
Սփյուռքի հարցերով զբաղվող իրավասու մարմին ստեղծելուց հետո այդ
հարաբերությունները դարձան առավել ինստիտուցիոնալ: Հայաստան-Սփյուռք
գործակցությունը այլևս ձեռք բերեց հայեցակարգային նշանակություն, ստացավ
համակարգային բնույթ, ունեցավ իր ոլորտային հստակ ուղղությունները և
ուղղվածությունը:
Այնուհանդերձ, որքան էլ համակողմանի և ընդգրկուն լինի Հայաստան-Սփյուռք
համագործակցությունը տարբեր բնագավառներում, մինչ այժմ Սփյուռքի մասնակցությունը Հայաստանի
պետական քաղաքականության իրականացմանը նվազագույնի էր հասցված, եթե չհաշվենք հայ
ավանդական կուսակցությունների մասնակի ներգրավումը Հայաստանի քաղաքական կյանքում:
Փաստենք, որ Սփյուռքի որոշ շրջանակներ, լիարժեք գիտակցելով դրա ողջ
պատասխանատվությունը, պատրաստ են այն ստանձնելու և բնավ էլ դեմ չեն այդ
մասնակցությանը: Այդ մասին կարծիքներ և տեսակետներ են արտահայտվել դեռևս
1990-ականների սկզբին, Հայաստանի քաղաքական անկախացումից հետո:
Սույն թվականի հունվարի 30-ին Լոս Անջելեսում Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը մտադիր է Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարել, մի նոր օրենսդրական վերին պալատ` Սենատ ստեղծելու համար, որն իր մեջ ընդգրկելու է Սփյուռքի ներկայացուցիչներին: Հայտարարությունը մեծ արագությամբ
տարածվեց ամբողջ Հայկական աշխարհում: Ամենուրեք, հայահոծ համայնքներում
ամենաբազմազան քննարկումներ են սկսվել այս թեմայով: Արձագանքը թե Հայաստանում, թե Սփյուռքում միանշանակ չէ:
"Ազատություն" ռադիոկայան, փետրվար, 2011
Եվրոպական պառլամենտը, Բրյուսել |
Քաղաքական գիտության մեջ և պրակտիկայում նույնպես, սովորաբար
ազգ-պետություն կատեգորիան ընդունվում է որպես նորմ, և ներկայացուցչական
ինստիտուտները ձևավորվում են հիմնականում այդ պետության քաղաքացիներից:
Մի փոքր այլ է մեր պարագան: Պատմականորեն, օբյեկտիվ և սուբյեկտիվ
պատճառներով հայ ազգի շուրջ 2/3-ը ապրում է մայր Հայրենիքից` ՀՀ-ից դուրս`
“Սփյուռք” հավաքական անվանումով մի տարածքում: Նրանք չեն մոռացել իրենց ազգային
պատկանելիությունը, ինքնությունը, լավ, թե վատ պահպանում են այն և նրանցից շատերը
բացի զուտ աշխարհագրականից ապրում են մի վիրտուալ
տարածքում, որ կոչվում է “Հայկական աշխարհ”:
Նրանց զգալի մասը այլ երկրների քաղաքացիներ են` դրանից բխող իրավունքներով,
պարտականություններով, հպատակությամբ և այլն: Նույնիսկ երկքաղաքացիության
պարագայում, չի կարող մի երկրի քաղաքացին ընտրվել մեկ այլ երկրի խորհրդարանի
պատգամավոր: Սա իրավական և քաղաքական նոնսենս է և սրանից վախենալ պետք չէ:
Այլ հարց է, որ Հայաստանի պետական քաղաքականության իրականացման ժամանակ
Սփյուռքի ձայնը պետք է լսելի լինի և դրա համար անհրաժեշտ է ստեղծել գործուն
մեխանիզմներ այդ ձայնը տեղ հասցնելու համար: Եվ խոսքը ոչ այնքան ներպետական, լոկալ
խնդիրների մասին է:Ակնհայտ է, որ համազգային նշանակության խնդիրները, ինչպիսիք են, օրինակ Սփյուռքում
հայապահպանությունը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, կամ Հայոց
ցեղասպանության միջազգային ճանաչումը, դատապարտումը և հետևանքների հաղթահարումը
չեն կարող վերաբերել միայն ՀՀ տարածքում բնակվող և քաղաքացի հանդիսացող հայերին:
Դրանք ողջ հայության խնդիրներն են, իսկ եթե կուզեք` առավելապես սփյուռքահայության,
որպես Ցեղասպանությունից տուժածների ժառանգների խնդիրներն են, նրանց շահերի
պաշտպանության, իրավունքների վերականգնման, արժանապատիվ հատուցման հիմնախնդիրները:
Մինչդեռ այս հարցերը ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում են և որպես պետական
պաշտոնական քաղաքականություն իրականացվում են ՀՀ իշխանությունների կողմից: Այս համատեքստում լիովին տրամաբանական էին և որևէ մեկի մոտ տարակուսանք
չառաջացրեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ Հանրապետության
Նախագահի նախաձեռնած համազգային քննարկումները: Նույնպես տրամաբանական և ողջամիտ է, որ Ցեղասպանության միջազգային ճանաչման
պետական քաղաքականությունն իրականացնելիս նրանց ձայնը լսելի լինի, իսկ կարծիքներն
ու մոտեցումները հաշվի առնվեն:
Ի՞նչն է այդ դեպքում խոչընդոտում, որպեսզի ստեղծվի Սփյուռքահայության
ներկայացուցչականությունն ապահովող գործուն մեխանիզմ և այդ մեխանիզմը ոչ թե լինի
ժամանակավոր կամ իրավիճակային, այլ գործի մշտապես, ի՞նչն է խանգարում, որ մեր ազգի
բացարձակ մեծամասնությունը ներկայացնող մարմինը ամրագրվի ոչ թե այս կամ այն պետական
կառույցին կից խորհրդի կամ ժողովի ձևով, այլ` ամենաբարձր ինստիտուցիոնալ եղանակով`
Սահմանադրորեն:
Սակայն սփյուռքյան խորհրդարան ստեղծելու փորձերը մշտապես ձախողվել են
առնվազն երկու պատճառով. նախ` Սփյուռքի չափազանց բարդ ու բազմաշերտ կառուցվածքի,
բարդ աշխարհագրության, կազմակերպությունների ու կառույցների հսկայական թվի, դրանց
միջև առկա գրեթե միշտ խնդրահարույց հարաբերությունների պատճառով: Երկրորդ, այդ
գործի կազմակերպիչները միշտ ունեցել են լեգիտիմության ու վստահության պակաս
սփյուռքյան այս կամ այն կազմակերպության մոտ, քանի որ գործընթացը օբյեկտիվ հիմքով
ի սկզբանե գնացել է կուսակցական կամ կազմակերպական մակարդակով:
Այժմ, երբ այս “գործի գլխին” կանգնած է Հայաստանի Հանրապետությունը, այդ
պատճառներից առնվազն մեկը կարելի է լուծված համարել:
Ամփոփելով ասեմ, որ առայժմ խնդիրը սկզբունքային մոտեցումների և գաղափարի
մեջ է: Մեխանիզմները, բոլոր դեպքերում, դեռ երկարատև և լուրջ փորձագիտական
քննարկումների են սպասում:
հրատարակվել է "ԱԶԳ" օրաթերթում 10 մարտի 2011թ.
Комментариев нет:
Отправить комментарий