пятница, 26 апреля 2013 г.

ԱՅՐԵԼ, ԹԵ ՉԱՅՐԵԼ… ԱՅՍ Է ԽՆԴԻՐԸ


Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումների համատեքստում ի թիվս այլ հարցերի ակտիվորեն քննարկվում էր նաև ավանդական դարձած "ջահերով երթի" ժամանակ թրքական դրոշն «այրել-չայրելու» հարցը:
Ոմանք դա հայրենասիրության և պահանջատիրության անզիջում պայքարի ակնառու դրսևորում են որակում, մյուսները` անպտուղ շոու, մի մասը կարծում է, թե դա քաղաքական ակցիա է` ուղղված «արևմուտքին», որոշ վերլուծաբաններ էլ դա որակում են «լածիրակություն», հիմնավորելով, թե «մենք Պետություն ե՞նք, թե՞ Պաղեստինի նման խալխ...»: Հիմա` ի՞նչ անել. Այրե՞լ, թե՞...

Միանգամից ասեմ` այրե՚լ: Այրել, ցույց տալու թրքական պետության և նրա ժխտողական պետական քաղաքականության հանդեպ վերաբերմունքը:
Եվ պետք չէ ասել, որ դա քաղաքական կոռեկտությունից դուրս է: Ընդհանրապես հասկանալի չէ «քաղաքական կոռեկտության» եզրի կիրառումը մի պետության հանդեպ, որն այդ եզրույթի հետ որևէ աղերս չունի և երբևէ չի ունեցել Հազար տարում` հազիվ դառավ մարդասպան» Հովհ.Թումանյան):

Հիմա` երկու վերապահում:
Առաջին. դա պետք է անեն բացառապես քաղաքական ուժերի ներկայացուցիչները, երիտասարդները, մասնավորապես, ինչը և արվում է: Պետությունն այս ակցիային չպետք է ունենա առնչություն: Մեր պետությունը թրքական ժխտողականության դեմ պետք է պայքարի միջազգային քաղաքականության և դիվանագիտության հարթության մեջ:

Երկրորդ. այրել է պետք ոչ այնքան Երևանում, որքան Վաշինգտոնում, Լոս-Անջելեսում, Բրյուսելում, Ստրասբուրգում, Թել-Ավիվում, Բեռլինում, Մոսկվայում, Ստամբուլում (եթե վաղը-մյուս օրը իրեն քաղաքակիրթ հռչակած Թուրքիայում խոսքի ազատությունը նման «գերաճ» տա...), և այլուր: Այրել դեսպանատների դիմաց, այլոց աչքի առաջ, ի ցույց դեսպանների, դիվանագետների, այդ երկրների իշխանությունների և հասարակությունների:
 
Այրել, ու ասել` թե ինչու ենք այրում այդ պետության խորհրդանիշը:
Այրում ենք, որովհետև այդ պետությունը ժխտում է, ուրանում է իր կատարած հանցագործությունը, դա անում է տասնամյակներ շարունակ, համակարգված, հետևողական, օգտագործելով իր բոլոր միջոցները, ի հեճուկս աշխարհի բազմաթիվ պետությունների ու միջազգային կազմակերպությունների` այս հարցով ունեցած հստակ դիրքորոշմանը, նրանց կողմից ընդունած ու դեռևս ընդունելիք փաստաթղթերի:

Պետության խորհրդանիշի այրումը, առհասարակ, շատ հասցեական քաղաքական ակցիա է: Սա քաղաքական պայքարի գործիք է և պետք է կիրառվի ճիշտ և նպատակային:
Հարկ է փաստել, որ մեր հանրության մեջ մոտեցումների բազմազանություն և նմանատիպ դիսկուրսներ միայն այս հարցով չէ, որ առկա են: Ցավոք, տարակարծությունները վերաբերում են ազգային մեր շատ հարցերին ու հիմնախնդիրներին, Հայ դատի ու պահանջատիրության բազմաթիվ ասպեկտներին: Տարբեր են պետական պաշտոնական ու քաղաքական կուսակցությունների մոտեցումները, սփյուռքյան և հայաստանյան կազմակերպությունների մոտեցումները, հետազոտական կենտրոնների և անհատ փորձագետների, գիտնականների մոտեցումները: Եվ այդ տարբերությունները թե՚ վերջնանպատակին են վերաբերում, թե՚ իրագործման ուղիներին:
 
Մինչդեռ, Հայոց պահանջատիրությունը պետք է ունենա մեկ միասնական կոնցեպտ: Բաղկացած լինի ձևակերպված նպատակից, խնդիրներից, գործողությունների ծրագրից: Այդ ծրագրում պետք է տեղ գտնեն քաղաքական, իրավական, դիվանագիտական, տեղեկատվական, տնտեսական, ինչու չէ` նաև մշակութային պայքարի ամենաբազմազան ձևերը, որոնք պետք է կյանքի կոչվեն զուգահեռաբար, մեկը մյուսի հետ համակցված, անպայմանորեն ճիշտ դերաբաշխումով: Արդյունքը միայն այդ ժամանակ ի հայտ կգա:

Վերջապես, խնդիրը «այրել-չայրելը» չէ: Կարելի է և չայրել, եթե հարցի համակողմանի քննարկումները հանգեցնեն քաղաքական այդ ակցիայի անարդյունավետության կամ ժամանակավրեպ լինելու եզրակացության: Խնդիրը, մեծ հաշվով, կոնցեպտի առկայության և միասնական մոտեցման մեջ է. թե՚՚ Հայոց պահանջատիրության պայքարի թեկուզ և փոքր, բայց այնուամենայնիվ` բաղադրիչ հանդիսացող այդ եղանակի կիրառման, և` թե՚ համազգային նշանակության հիմնախնդիրների լուծման ուղիների առումներով, ընդհանրապես: Սրանք այն հարցերն են, որտեղ քաղաքական բազմակարծությունը ոչ միայն արդյունավետ չէ, այլև թույլատրելի չէ, ավելին` վտանգավոր է:
Cicatum:                                           «Է~, բա եղա՞վ... հինգ հոգով վեց երգ ենք երգում...
Հարյուր հոգով մի երգ պիտի երգենք, որ օճորքը քանդվի":
«Եռանկյունի» ֆիլմից