пятница, 28 декабря 2001 г.

ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ. ՊԱՏՃԱ՞Ռ, ԹԵ` ՀԵՏԵՎԱՆՔ:


Citatum:                         Ահաբեկչությունը քաղաքական պայքարի ձև է
Նեմեսիսգործողության թղթափանակից


Ահաբեկչության մասին խոսելիս շատ կարևոր է պարզել մի հարց. ո՞րն է ահաբեկչության բնույթը, բնությունը: Արդյո՞ք այն սուբյեկտիվ երևույթ է` ծնված մարդկանց գլուխներում որպես գաղափարախոսության իրականացման մեթոդ, թե՞ այն օբյեկտիվ երևույթ է` կապված որոշակի աշխարհքաղաքական զարգացումների հետ, արդյո՞ք ահաբեկչությունը ազդեցության եղանակ է` ներգործելու պատմական և քաղաքական ինչ-ինչ գործընթացների վրա, թե՞ այն ինքնին հենց հակազդեցություն է պատմական և քաղաքական որոշակի գործընթացների, ունի նրանցից ուղղակի կամ անուղղակի կախում և ըստ այնմ հավակնում է պատմական կամ քաղաքական անհրաժեշտություն լինելու:

Այս հարցադրումը չափազանց կարևոր է մի քանի պատճառներով:

Նախ, բացահայտելով ահաբեկչության բնույթը և ծագման պատճառները, մենք պարզում ենք այդ երևույթի կանխատեսելիության հնարավորությունը: Երկրորդ, ուսումնասիրելով ահաբեկչության կապվածությունն ու կախումը պատմական և քաղաքական գործընթացներից, հնարավորություն է ստեղծվում, վերջիններիս վրա ներգործելով, կանխել կամ բացառել այն: Եվ վերջապես, հարցադրումը շատ կարևոր է, քանի որ այս նույն հարցադրման  տակ են ընկնում պատմական այնպիսի կարևոր գործընթացներ, ինչպիսիք են պատերազմները, հեղափոխությունները, կայսրությունների առաջացման ու վախճանի երևույթները:

Եվ եթե վերջիններս շատ, թե` քիչ ուսումնասիրված են պատմագիտական և այլ տեսանկյուններից, դրանց հետ կապված դուրս են բերված որոշակի օրինաչափություններ, ապա ահաբեկչությունը` որպես գլոբալ համամարդկային հիմնահարց ի հայտ եկավ սեպտեմբերի 11-ի հայտնի դեպքերից հետո:

Եվ ուրեմն ո՞րն է ահաբեկչության բնույթը, արդյո՞ք այն պատճառ է, թե` հետևանք, և վերջապես, ո՞ր հասկացության համատեքստում է այն հարմար դիտարկել:

Ես ուզում եմ փորձ կատարել, ահաբեկչությունը դիտարկել արդարության հասկացության համատեքստում: Բայց ինչպե՞ս, չ՞է որ ահաբեկչությունը հանցագործություն է, իսկ արդարությունը` բարոյագիտական կատեգորիա: Փորձենք, սակայն դիտարկել այն փիլիսոփայական տեսանկյունից:

Արդարության փիլիսոփայական իմաստը հակադրությունների ու միասնության դիալեկտիկական օրենքի մեջ է: Ասել է, թե` ցանկացած համակարգ, լինի դա հասարակություն, պետություն, թե` երկրագնդի աշխարհքաղաքական համակարգը կենսունակ է և բնականոն է գործում միայն այն ժամանակ, երբ համակշռված է, այսինքն, երբ նրա ներսում գործում են բազմաթիվ (առնվազն` երկու) միմյանց զսպող ուժեր և ազդեցություններ, որոնց փոխգործակցության հետևանքով համակարգում ստեղծվում է կայուն դինամիկ հավասարակշռություն: Այդ բնականոն հաշվեկշռի խախտման դեպքում, որպես դիալեկտիկական անհրաժեշտություն, համակարգի ներսում ի հայտ են գալիս ուժեր, ազդեցություններ, որոնք կոչված են վերականգնելու այդ խախտված հաշվեկշիռը: Եվ որքան մեծ է բալանսի այդ խախտումը, այնքան ազդեցիկ և ակնառու է այդ ուժերի ազդեցությունը:

Սովետական կայսրության փլուզումը, միաբևեռ աշխարհքաղաքական համակարգի հաստատումը, աշխարհի վրա Միացյալ Նահանգների քաղաքական և տնտեսական ազդեցության ահագնացումը, գլոբալիզացիոն աննախընթաց գործընթացները և կենսական ձևերի ու արժեքների տարերային ունիֆիկացումը հանգեցրեցին երկրագնդի` որպես աշխարհքաղաքական համակարգի բնականոն հաշվեկշռի խախտման, որը չէր կարող մնալ անհետևանք:

Հետևանքը ահաբեկչությունն էր, որն ի հայտ եկավ նոր` իսլամական ֆունդամենտալիզնի կերպարանքով, ընդ որում, դրա` որակապես նոր դրսևորմամբ: Դա պատահական չէ, քանի որ արաբական աշխարհը, առավել, քան մնացածը, տարբերվում է արևմտյան աշխարհից իր քաղաքական և էթնոմշակութային արժեքային համակարգերով:

Citatum:                                   “Обострение дружбы народов…”

Այստեղից կարելի է եզրակացնել. ահաբեկչությունը պատճառ չէ, այն որոշակի աշխարհքաղաքական զարգացումների օբյեկտիվ հետևանք է: Այն իր ծագմամբ ազդեցության եղանակ չէ` ներգործելու պատմական և քաղաքական ինչ-ինչ գործընթացների վրա, ահաբեկչությունը ինքնին հակազդեցություն է պատմական և քաղաքական որոշակի գործընթացների, ունի նրանցից ուղղակի կամ անուղղակի կախում և ըստ այդմ հավակնում է պատմական կամ քաղաքական անհրաժեշտություն լինելու:

 դեկտեմբեր 2001թ.