среда, 3 июля 2002 г.

ԻՆՉՊԻՍԻ՞Ն ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԸ




Քանի որ, վերջին տարիներին Նորին Գերազանցություն ՇՈՒԿԱՆ իր երկար վերջավորությունը (ես ի նկատի ունեմ քիթը) խոթել է մեր կյանքի բոլոր խորշերը, այդ թվում և հեռուստատեսություն, և վերջին շաբաթն էլ ես, հանգամանքների բերումով, առիթ եմ ունենում տնտեսագիտություն կարդալ (տնտեսագետ չեմ), փորձեմ հենց շուկայական հարաբերությունների տերմինաբանությամբ մեկնել տեսակետս:

 Այսօր հեռուստատեսային շուկայում կա հեռուստահաղորդումների որոշակի պահանջարկ: Երևանում և մարզերում դրանք տարբեր են, բայց թողնենք այդ տարբերության ուսումնասիրությունը սոցիոլոգներին: Եվ մեր հեռուստաալիքները, ելնելով հեռուստատեսային շուկայի այսօրվա պահանջարկից և փորձելով ամեն կերպ, «Նպատակն արդարացնում է միջոցները» կարգախոսով լսարան ապահովել, թողարկում են ցածրաճաշակ, միջակ արտադրանք (այն, ինչը ռուսերենում կոչվում է «Ширпотреб»), որից մեծ հաշվով տուժում է դարձյալ հասարակությունը:

 Բայց հեռուստատեսությունը երշիկ չէ, որ պահանջարկից ելնելով ձևավորի առաջարկ և լցնի շուկան:

Հեռուստատեսությունը ինֆորմացիա է (կանխամտածված չեմ ասում` տեղեկատվություն, հասկացության ծավալային կողմը չնեղացնելու նպատակով): Այն ստեղծում է հասարակական կարծիք, ձևավորում հասարակական գիտակցություն, հետևապես որոշում է հասարակության զարգացման ուղղությունները, միտումները:

Այսօր մեզ պետք է հստակ գիտակցում, որ հեռուստատեսությունը պետք է կրթի հասարակությանը, գիտելիք տա և ճաշակ ձևավորի (գեղագիտական և այլ), հասու դարձնի իրական կենսական արժեքներին (պատմական, քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային, ազգային և համամարդկային): Հեռուստատեսությունը պետք է ոչ միայն և ոչ այնքան բավարարի, որքան` ձևավորի պահանջարկ: Այն պետք է փարոս հանդիսանա հասարակության համար:


Ինչպիսի՞ն պետք է լինի հայկական հեռուստաալիքը:

Վերը նշվածին հավելենք թերևս միայն «ազգայինի» տարրը:

Այսօր, առավել քան երբևէ, մեր հասարակությանը պակասում է «ազգայինի» գիտակցությունը:
 Բանն այն է, որ հասարակությունները չեն կարող գոյություն ունենալ և զարգանալ միայն քաղաքացիական սկզբունքի վրա, առանց ազգային ինքնագիտակցության: Դրա վառ ապացույցը, թերևս, Եվրոպայի զարգացած (և` ոչ այնքան) երկրներում վերջերս տեղ գտած ազգայնական շարժումներն են, որոնք կարծես ցուցիչի (ինդիկատոր) դեր են կատարում, երբ հասարակությունը սկսում է տարվել «գլոբալիզացիայի և համաշխարհային ինտեգրացիայի» գաղափարներով, շատ է «առաջ ընկնում» և մոռանում է ինքն իրեն:

Ազգային գաղափարախոսությունը միֆ չէ, ինչպես պնդում էր նախկին նախագահը, այն ազգի գոյության, ինքնարտահայտման ու ինքնակայացման անհրաժեշտ և պարտադիր նախապայման է: Ինչպես առանձին անհատը չի կարող ապրել և կայանալ առանց իր կյանքի պատմության մասին ունեցած հիշողության, այնպես էլ ազգը, որպես էթնոս, որպես հավաքական ոգի, կարիք ունի ազգային ինքնագիտակցության, որը խարսխված է պատմական հիշողության վրա, սնվում է նրանից, սնվում է անընդհատ, կամա թե` ակամա:


Հայկական հեռուստաալիքը պետք է լինի ՀԱՅԿԱԿԱՆ:


հուլիս 2002թ.