пятница, 17 мая 2013 г.

ԳԱԶԸ, ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿՈՄՊԼԵՄԵՆՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ


Citatum:                                              …или у кого-то есть другие соображения?!
И.В.Сталин

Ամեն ինչ այս կյանքում իր գինն ունի. Աքսիոմատիկ այս ճշմարտությունից զերծ էչ նաև Մեծ քաղաքականությունը: Քիչ է ասել՝ «զերծ չէ», այն հենց խիստ հաշվարկների վրա էլ հիմնված է, հաշվարկների ու շահերի: Մնացածը՝ «ազգերի եղբայրություն», «ռազմավարական գործընկերներ», «եղբայրական (մեծ-ախպերական) ժողովուրդներ», ինչպես ասում են, քնարերգություն է, լիրիկա:


«Հայաստանը պատրաստվում է ստորագրել «Ասոցացման համաձայնագիրը», «Խորը և համապարփակ ազատ առևտրի» պայմանագիը, որն անելուց հետո անհնար կլինի Եվրասիական միությանը միանալը: Այդ երկուսը բացառում են միմյանց: Կապված տնտեսական հարցերի հետ՝ երկիրը չի կարող միաժամանակ մտնել խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մեջ լինել և առանձին պայմանագիր ստորագրել Եվրասիական միության հետ:»

Եվրոպայի խորհրդի արտաքին հարաբերությունների   փորձագետ Ժաննա Կոբզովա

«Հայաստանը պետք է կատարի ոչ թե աշխարհքաղաքական, այլ՝ քաղաքակրթական ընտրություն»
Զդիսլավ Ռաչինսկի, Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան


Գազի գինը բարձրանալու է: Արդեն կասկած չկա: Այս անգամ՝ հաստատ: Արդեն մեկ-երկու տարի տևած խոսակցությունները առարկայացան հայաստանյան ընտրական ցիկլի ավարտին համահունչ:

Սա այն գինն է, որն առայժմ վճարելու է Հայաստանը Եվրոպական միության հետ «խաղեր» տալու համար: Դժվար է ասել՝ սրանով կավարտվի կայսերապաշտական քաղաքականությունը:

Բայց դա էլ ամբողջը չէ: Երեկ տեղեկատվություն տարածվեց, որ Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազան համալրվում է տարածաշրջանում նմանը չունեցող հրթիռային սպառազինությամբ:

Ինչպես ИА REGNUM գործակալությանը հայտնել է Ռուսաստանի զինված ուժերում առկա աղբյուրը, բազայի սպառազինման համար սկսվել է նոր ծանր տեխնիկայի մատակարարումը, իսկ շուտով կմատակարարվի լուրջ հրթիռային սպառազինություն: «Ամենայն հավանականությամբ` խոսքը գնում է «Իսկանդեր-Մ» օպերատիվ տակտիկական հրթիռային համակարգի և «Տորնադո» համազարկային համակարգի մասին»,- հաղորդել է անանուն աղբյուրը: Արժի նշել, որ «Իսկանդեր-Մ» օպերատիվ տակտիկական հրթիռային համակարգը անսխալ կարող է խոցել մինչև 500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախները, ընդ որում, թռիչքի հետագծի առանձնահատկություններից ելնելով` ոչ մի հակահրթիռային համակարգ ի զորու չէ դրանք վնասազերծել:

Ի՞նչ է սա. Ռազմական ներկայության ամրապնդո՞ւմ: Ի՞նչ նպատակով:

Կարելի է բացատրությունը սկսել պարզապես ժամանակակից ռազմական տեխնիկայով ռազմաբազան վերազինելու Ռուսաստանի ընթացիկ գործողություններից և ավարտել գլոբալ տարածաշրջանային սպասվող ռազմական գործողություններին պատրաստ լինելու՝ ժամանակի հրամայականով:

Հարցերը շատ են: Պատմական, աշխարհաքաղաքական, տնտեսական բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններով պայմանավորված մեր պետության տոտալ կախվածությունը մեր հյուսիսային «ռազմավարական» գործընկերոջից աննախադեպ է: Այդպիսին, հավանաբար, կլինի տեսանելի ապագայում:

Ասում են՝ մեր արևմտյան դարավոր ոխերիմ հարևանից ռազմական ագրեսիայի մշտական վտանգը այդ աննախադեպ կախվածության հիմնական պատճառն է: Թերևս:
Ցանկալի կլիներ միայն հասկանալ: Կարելի է դեռևս ջանքեր գործադրել երկրի արտաքին քաղաքականության, իսկ Հայաստանի նման «խեղճուկրակ» պետության համար՝ «արտաքին քաղաքական կախվածության» դիվերսիֆիկացման ուղղությամբ, թե, ինչպես ասում էր մեր ընկերներից մեկը «արդեն ուշ ա~»: