понедельник, 12 октября 2015 г.

ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՀԱՎԱԿՆՈՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Դիտեցի Արամ Աբրահամյանի հերթական «ԱՐՏ կանոնը»[1]

Արժեքաստեղծ ու դիտարժան հաղորդաշար է: Շնորհակալություն: Եվ ինչպես բոլոր որակյալ հաղորդումները ցուցադրվում է գիշերով... (ահա` մեր Հանրային հեռուստատեսության մշակութային քաղաքականությունը...):
Հատկապես դուր եկավ Բանավեճը, որի թեման մարդու, արվեստագետի ամբիցիաներն էին: Հյուրերը բավականին գեղեցիկ ու պատկերավոր անդրադարձան խնդրին, ընդգրկուն ու սպառիչ կերպով ներկայացրեցին իրենց տեսակետները:

Իրոք, «դրական» ու «բացասական» ամբիցիաների սահմանը շատ նուրբ է, հաճախ դժվար է տարբերակել` որ ամբիցիաներն են օգնում մարդուն առաջ գնալ իր նպատակներում, իսկ որոնք են, որ խանգարում են:
Հաղորդումը դիտելիս նկատեցի, սակայն, որ մեր չնաշխարհիկ լեզուն, մեր ոսկեղենիկ Հայերենը ցույց տալիս է մեզ այդ նուրբ սահմանը. «դրական» ամբիցիաները հավակնություններն են, «բացասականը»` անձի անհիմն հավակնոտությունը: (Ձեր հյուրերը բազմիցս գործածեցին այս եզրերը, չկարևորելով դրանց նրբերանգային տարբերությունները):

Իսկ ամբիցիաների իրական որպիսիությունը, իմ համեստ կարծիքով, հեշտ է տարբերակել: Պետք է պարզապես դիտարկել դրանք Ձևի և Բովանդակության համամասնության համատեքստում:

Եթե անձի (մտավորականի, արվեստագետի, առհասարակ` որևէ մարդու) ձգտումները մղում են նրան գործելու, արարելու, ինքնադրսևորվելու, գործի մեջ իրեն իրացնելու, իրեն գտնելու, ապա նրա մղումները և հավակնությունները միանգամայն դրական և ողջունելի են:

Իսկ եթե բանը սահմանափակվում է իրեն ցույց տալով, իր մասին խոսելով, իրեն գովազդելով, արդի լեզվով ասած` միայն սեփական PR-ով զբաղվելով, ապա գործ ունենք «հավակնոտ» մեկի և նրա փուչ ու դատարկ անբիցիաների հետ: