суббота, 27 декабря 2014 г.

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՔԱՌՈՒՂԻՆԵՐՈՒՄ...

Citatum:                          Պատմության քառուղիներով մենք քայլել ենք երկար`
Անղեկ, ցաքուցրիվ, անգաղափար
...
Ե.Չարենց

Էպիլոգ.                  «Մի օր էս Հայաստանը գնում ա դեպի պայծառ ապագա (իմա` դեպի Եվրոպա), մեկ էլ... Գայիշնիկը կանգնեցնում ա... »
Աշոտ Ղազարյանի հին անեկդոտներից

Իսկ իրականում տեղի է ունեցել հետևյալը:
Աշխարհքաղաքական գործընթացները, իմա` Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների վատացումը (օբյեկտիվ, մեզանից անկախ) բերեցին, հանգեցրեցին մի իրավիճակի, երբ եկավ օրհասական պահը կայացնելու քաղաքական որոշում` Հայաստանը չդարձնել Ուկրաինա (այն ժամանակ դեռ նույնիսկ պարզ չէր Ուկրաինայի ներկայիս ճակատագիրը): Նախագահ Սարգսյանը կայացրեց այդ որոշումը:

"Մտածողը", Օգյուստ Ռոդեն
Սա է հանգուցային հարցը: Մնացած ամեն ինչը` ամեն "փաստարկ" քաղաքակրթական և արժեքային կողմնորոշումների, եվրոպական 500մլն-անոց գնողունակ շուկայի, մարդու իրավունքների և ժողովրդավարության – մի կողմից, և ռուսական անծայրածիր շուկայի, տնտեսական ծաղկման և բարգավաճման և այլն – մյուս կողմից, դրանք բոլորը դատարկ խոսակցություններ են, քաղաքական շահարկումներ, ինչ-ինչ ուժերի և մարդկանց համար ականջահաճո ձևակերպումներ, ոչ ավելին:

Որովհետև քաղաքակրթական կամ ժողովրդավարական արժեքները, մենաշնորհների վերացումը, ազատ մրցունակ տնտեսությունը կամ իրական շուկայական հարաբերությունները ասոցացման համաձայնագրեր ստորագրելով չեն հաստատվում: Օրենքի գերակայությունը, իրավական պետությունը ու անկախ դատարանները այս կամ այն միությանը միանալով չէ, որ կայանում է:

Դրանք համապատասխան քաղաքական ու հասարակական կամքի և վճռականության պարագայում երկրի ներքին զարգացման ու բարեփոխումների արգասիքներ են, մեր հանրության ու հասարակության ներքին մղումներով ու համոզմունքներով հաստատվող արդյունքներ են: Քաղաքակրթական արժեքները, առհասարակ, չեն ներմուծում, դրանք մշակութային կատեգորիաներ են, դրանք ՄՇԱԿՈՒՄ ԵՆ` տարիներով, տասնամյակներով, դարերով (եթե ցանկանում են, իհարկե)

Citatum:                          «Ուզո՞ւմ ես ապրել քաղաքակիրթ եվրոպական երկրում – վերելակում մի թքիր, մի հայհոյիր, օրենք մի խախտիր, կաշառք մի վերցրու… և դու ինքդ էլ չես նկատի, թե ինչպես կհայտնվես եվրոպական քաղաքակիրթ երկրում»:

Ասել է, թե` էական չէ, որ միության կամ դաշինքի մեջ ես գտնվում, էականը` ո՞վ ես դու, ի՞նչ քաղաքակրթական ու արժեքային կողմնորոշումներ ունես, ինչպիսի՞ հանրություն ու հասարակություն ես, ի՞նչ են քեզ համար մարդը, պետությունը, հասարակությունը և այլն:

Խորհրդային միությանը բռնակցումը և ավելի քան հիսուն տարվա համակեցությունը չխանգարեց մերձբալթյան հանրապետություններին մնալ իրապես եվրոպական, քաղաքակիրթ հասարակություններ:

Ի՞նչն է մեզ խանգարել անկախության այս քսան և ավելի տարիների ընթացքում կառուցել իրապես ժողորդավարական, իրավական պետություն, օրենքի գերակայությամբ ու անկախ դատական համակարգով, ազատ, մրցակցային տնտեսությամբ ու առանց մենաշնորհների: Երկիր, որտեղ մարդը և նրա իրավունքները իբրև բարձրագույն արժեք ոչ միայն հանդիսավոր հռչակված են, այլև` աներկբա կենսագործված: Արդյո՞ք խնդիրը մեր ներսում չէ…  

Ֆրանսիական լուսավորականության հսկաներից մեկը` Վոլտերը մի առիթով ասել է. «Ազատությունն այն չէ, ինչ քեզ տալիս են, ազատությունն այն է, ինչը չեն կարող քեզանից խլել»:

Այդպես է ցանկացած արժեքի պարագայում: Դու կամ դրա կրողն ես, կամ` ոչ: Համաձայնագիր ստորագրել-չստորագրելով այդ հարցը չի լուծվում:


Ես հակված եմ հարցը դիտարկել սոցիալ-հոգեբանական հարթության մեջ (Տես՝ «Պոստսովետիկուսի համախտանիշը» հոդվածը):