суббота, 24 марта 2018 г.

ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՍՊԵԿՏՆԵՐԸ, կամ ՊՈՍՏՍՈՎԵՏԻԿՈՒՍԻ ՀԱՄԱԽՏԱՆԻՇԻ ՃԻՐԱՆՆԵՐՈՒՄ (քաղաքական էսսե)


Ինչո՞վ է կարևոր և արդիական «հետխորհրդայինի» թեման

(մեթոդաբանական հարցեր)

Ներկայումս մենք ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ առկա են հանրային-հասարակական բազմաթիվ խնդիրներ՝ աղքատություն, արտագաղթ, հակաօրինականություն, կոռուպցիա, տնտեսական և քաղաքական մենաշնորհներ, խնդիրներ ընտրական համակարգի, դատական համակարգի անկախության, իրավապահ մարմինների գործունեության հետ, հանրային վստահության պակաս, և այլն:

Որպես մարդ, որպես քաղաքացի, մեզ, բնականաբար, հուզում և մտահոգում են այդ խնդիրները: Մտահոգում առաջին հերթին այն պատճառով, որ կյանքը այսպիսի միջավայրում խիստ անհարմարավետ է շարքային օրինապահ քաղաքացու համար:  Մտահոգում, քանի որ պարկեշտ մարդու համար դժվար է կապել իր և իր երեխաների ապագան նման կենսամիջավայրի հետ: Վերջապես մտահոգում, որովհետև այդ խնդիրները էական խոչընդոտ են մեր պետության դինակիկ զարգացման, արդիականացման, ժամանակակից քաղաքակիրթ հասարակության կառուցման համար:

Միևնույն ժամանակ՝ որպես մտավորական և հետազոտող, մենք փորձում ենք հասկանալ այդ խնդիրների որպիսիությունը, դրանց ծագումը, պատմական և գենետիկ կապը ու պայմանավորություն­ները, կարճ ասած՝ տալ այդ խնդիրների ախտորոշումը, որը հնարավոր կդարձնի դրանք արդյունավետ լուծումը:

Այս հարցերի շուրջ տևական դիտարկումները, ուսումնասիրությունները տեսական և կիրառական մակարդակներում հանգեցրեցին մի հետևության, որ այդ խնդիրները, կամ դրանց զգալի մասը իրենց բնույթով արժեքային և մշակութաբանական են (կամ՝ սոցիալ-մշակութային), պայմանավորված են հասարակության մեջ գոյություն ունեցող և կիրառվող հարաբերականորեն կայուն վարքաբանական մոդելներով և ըստ էության «ժառանգված են» մեր ոչ վաղ անցյալից՝ խորհրդային հասարակարգից:

Առաջարկելով խնդրո առարկայի վերաբերյալ որոշակի մոտեցումներ, չեմ բացառում այլ տեսակետների ու կարծիքների գոյություն: Ավելին, հրավիրում եմ այս թեմայով հանրային լայն քննարկման, որը պիտի լինի անաչառ, ռացիոնալ, զերծ հուզականությունից, տարբեր կաղապարներից, «կլիշեներից» ու դոգմատիկ դրույթներից:

Ինչո՞ւ է կարևոր այս թեմայով հանրային դիսկուրսը:

Նախ՝ վերը նշված պատճառներով. այն աներկբա իրողությամբ, որ բոլորս (մեր հասարակության գերակշիռ մասը) «ծնունդով» Խորհրդային Միությունից ենք, կրում ենք մեր մեջ այդ երկրի արժեքամշակութային տարրեր և «ինքնավերլուծության» կարիք ունենք:

Երկրորդ, հարկ է փաստել, որ նշված թեմայով հանրայի դիսկուրսը մեր իրականության մեջ խիստ բևեռացված է՝ բացարձակ «ընդունումից» մինչև բացարձակ մերժողականություն: Կա ավագ սերունդ (որոշ բացառություններով), որը, վկայակոչելով խորհրդային ժամանակաշրջանի (գիտություն, կրթություն, արդյունաբերություն, քաղաքաշինություն, գյուղատնտեսություն, արվեստ և այլն) նվաճումները բնութագրում է այն բացարձակ դրական երանգով, և երիտասարդ սերունդ, որը ձևավորվել է այլ արժեքային դաշտում, ունի իրավունքների, ազատությունների և ժողովրդավարական հարաբերությունների այլ ընկալում և կենսադիրքորոշում: Այս սերունդը, բնականաբար, միարժեքորեն մերժում է «խորհրդային ամեն ինչը»:

Այս բևեռացումը ահագնանում է վերջին տասնամյակում մեր մերձավոր հարևան երկրում՝ Ռուսաստանում տեղի ունեցող հասարակական-քաղաքական գործընթացներով, որը հակիրճ կարելի է բնութագրել որպես նահանջ ժողովրդավարությունից դեպի ավտորիտար համակարգ, կամ «վերադարձ խորհրդային ժամանակներին»: Ահագնանում է այն պատճառով, որ մեր հասարակությունը իր թե քաղաքական-իշխանական, թե հանրային-հասարակական կապերով սերտորեն կապված է այդ երկրի հետ, լակմուսի պես զգում է և կրում է այնտեղ տեղի ունեցով գործընթաքցների ազդեցությունը:

Մինչդեռ, մեզ անհրաժեշտ է օբյեկտիվ դիսկուրս, վերլուծող ու «արմատը տեսանող» զերծ հուզականությունից ու կաղապարներից, միտված «ինքնաճանաչման» և մեր մեջ եղած խնդիրների բացահայտման:

Ահա՝ թե ինչու է անհրաժեշտ քննարկումը:

Մի վերապահում անեմ: Ներկայացված նյութում առկա պնդումները գիտական առումով և ակադեմիական մեթոդաբանության տեսանկյունից կարող են խոցելի թվալ, քանի որ օգտագործված չէ թեմատիկ գրականություն, չկան հղումներ կոնկրետ հեղինակներին կամ աշխատություններին: Դատողությունները և եզրահանգումները, որոնք ներկայացված են, վերցված չեն կոնկրետ գիտական աշխատություններից, թեև հետխորհրդային իրականության սոցիալ-մշակութային ասպեկտներին անդրադարձեր արվել են մեկ տասնյակից ավելի ռուս և արևմտյան հեղինակ-գիտնականների կողմից (կարելի է թվարկել): Այնուհանդերձ, թեմայում հնչեցված մտքերն ու արված դատողությունները ներկայացված են գիտականորեն ընդունված և ապացուցված գործընթացների ներքո, արդի քաղաքական գիտությունների, սոցիոլոգիայի, մշակութաբանության և հասարակագիտական այլ գիտակարգերի բազային հասկացությունների միջոցով (գիտական ապարատի առկայություն):

****

Մաս 1: Մշակութային տրանսֆորմացիան որպես տրանզիտի («անցման») կարևորագույն բաղադրիչ

Եվ այսպես՝ ԽՍՀՄ-ը փլուզվեց: Ի՞նչ տեղի ունեցավ:

Փլուզվեց ավտորիտար (տոտալիտար) քաղաքական համակարգը, փլուզվեց վարչահրամայական, պլանային տնտեսական համակարգը, փլուզվեց խորհրդային գաղափարախոսության ամբողջ կառույցը:

Հայաստանը, ի թիվս հետխորհրդային այլ երկրների սկսեց կերտել նոր մոդելի, նոր կառուցվածքի պետություն: Սկսվեց նոր հասարակարգի կառուցումը:

Պետք է փաստել, որ այդ նոր հասարակարգի կառուցումը ընթացավ երկու հիմնական ուղղություններով, երկու բազիսային վեկտորներով.
ա) քաղաքական համակարգի վերափոխում (տրանսֆորմացիա), կամ ժողովրդավարացում – դեմոկրատիզացիա,
բ) տնտեսական համակարգի վերափոխում (տրանսֆորմացիա), կամ ազատ շուկայական հարաբերությունների հաստատում – մարկետիզացիա:

Էստեղ մի կարևոր նկատառում անենք: Խորհրդային իդեոլոգիայի փլուզմանը և համընդհանուր մերժմանը չհաջորդեց որևէ այլ (տվյալ դեպքում՝ ազգային) գաղափարախոսության «առաջ քաշում» և ներդրում հանրային կյանք: Տեղի չունեցավ ընթացող «վերափոխման» գործընթացների գաղափարախոսական բազիսի ստեղծում[1]: Հանրապետության առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը իր բարձունքից ազգային գաղափարախոսությունը անվանեց միֆ (քաղաքական կեղծ կատեգորիա) և մերժեց: Ինչպես կտեսնենք, այս հանգամանքը հասարակության հետագա տրանսֆորմացիոն գործընթացներում չափազանց վատ հետևանքներ պիտի ունենա դրանց «բովանդակության» վրա:

Ցավոք, դեմոկրատիզացիան և մարկետիզացիան չուղեկցվեցին մշակութային տրանսֆորմացիայով՝ հասարակական-քաղաքական հարաբերությունների նոր մշակույթի ներդրմամբ, ինչը կենթադրեր մարդ-մարդ, մարդ-պետություն, մարդ-հասարակություն հարաբերությունների որակապես նոր, ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում ընդունված արժեքային կողմնորոշիչներ, վարքաբանական մոդելներ և կենսադիրքորոշում: Արդյունքում՝ հասարակությունը շարունակեց «կրել և կենսագործել» հին, Սովետից ժառանված մշակութաբանական մոդելները և վարքաբանությունը:


Էստեղ մի փոքր կանգ առնենք՝ հասկանալու հասարակական տրանսֆորմացիաների օրինաչափություններն ու առանձնահատկությունները: 

Երբ մենք խոսում ենք տրանսֆորմացիայի (տրանզիտ, անցում) մասին, մենք հաճախ գործածում ենք ռեֆորմ կամ բարեփոխում բառը: Ի՞նչ է ռեֆորմը: Ռեֆորմը (լատ. Reform, re-forma) ձևի, ֆորմայի փոփոխությունն է: Ասենք, մենք ունենք միակուսակցական պետություն (Խորհրդային Միությունը), որտեղ Կոմունիստական կուսակցությունը, Սահմանադրությամբ ամրագրված էր որպես «սովետական հասարակության ղեկավար և ուղղորդող ուժ» (ՍՍՀՄ 1977թ. Սահմանադրություն): Դեմոկրատիզացիայի հետևանքով մենք ունենք նոր իրավիճակ, որտեղ Սահմանդրությամբ ամրագրված է «գաղափարախոսական բազմակարծությունը և բազմակուսակցությունը»: Սրանք ֆորմալ փոփոխություններ են, ձևի փոփոխություն՝ ռեֆորմ:

Իրականում այս ֆորման պիտի ստանա բովանդակություն, «միս ու արյուն», որպեսզի արդյունավետ գործի: Այլ կերպ ասած՝ քաղաքականության սուբյեկտների, քաղաքական գործիչների ներքին համոզմունքը, կենսադիրքորոշումը, քաղաքական-իրավական մշակույթը պետք է համապատասխանի այդ նոր ֆորմայի ոգուն և տրամաբանությանը, որպեսզի քաղաքական այդ նոր ինստիտուտը իրապես կայանա և արդյունավետ գործի: Եթե քաղաքակության սուբյեկտները բազմակուսակցական սահմանադրական իրողություններում շարունակեն մտածել և գործել միակուսակցականության պարադիգմի և մտայնության մեջ, զերծ լինեն քաղաքական բազմակարծության մշակույթից, ոչ մի իրավական ամրագրում չի փոխի իրավիճակը: Այսինքն, պետք է տեղի ունենա մշակութային տրանսֆորմացիա:

Ռուս պետական և քաղաքական գործիչ, ՌԴ նախկին վարչապետ Վիկտոր Չերնոմիրդինը Ռուսաստանում դեմոկրատիզացիայի գործընթացները մեկնարկելուց մեկուկես տասնամյակ հետո ասում էր. «Ինչ կազմակերպություն ստեղծում ենք, ԽՄԿԿ է ստացվում[2]»:

Գաղափարախոսության նշանակությունը հանրային կյանքի կազմակերպման մեջ, ընդհանրապես և անցումային (տրանզիտ) հասարակություններում, հատկապես, մի առանձին մեծ քննարկման թեմա է: Հանրային-հասարակական վերափոխումների (հեղափոխություններ, հեղաշրջումներ, հասարակարգային փոփոխություններ, նոր պետության կառուցում, տրանզիտներ, տրանսֆորմացիաներ) շրջանում գաղափարախոսությունները վիթխարի դեր ու նշանակություն են ունեցել այդ տրանսֆորմացիաները բովանդակությամբ լցնելու, լեգիտիմացնելու, դրանց կենսունակությունն ապահովելու գործում:

Սրա պատմական օրինակները բազմաթիվ են. Իսրայել պետության ստեղծման ժամանակ դա սիոնիզմի գաղափարախոսությունն էր, Ռուսաստանում տեղի ունեցած սոցիալիստական հեղափոխության պարագայում՝ պրոլետարիատի և Մարքսիզմ-Լենինիզմի, «չինական հրաշքը» բովանդակությամբ էր լցվում կոնֆուցիականության փիլիսոփայությամբ, սինգապուրյան հրաշքի հիմքում Լի Կուան Յուի գաղափարական դոգմաներն էին (պոստուլատներ) և այլն:

Եվ հակառակը: Գաղափարախոսության բացակայությունը բերում է տրանզիտի «բովանդակային» ձախողման, որի պարագայում մենք ունենք «ֆորմայի» փոփոխություն, բայց «բովանդակության» հին վարքաբանական մոդելներ: Տրանզիտի «բովանդակային» ձախողման հետևանքներից մեկը ըստ էության՝ սպառողական հասարակության ձևավորումն է (ինչի ականատեսն ենք):

Եվ այսպես, փաստենք, որ քաղաքական և տնտեսական տրանսֆորմացիաները (բարեփոխումները)՝ դեմոկրատիզացիան և մարկետիզացիան չուղեկցվեցին հասարակության մշակութային (սոցիալ-մշակութային) տրանսֆորմացիայով: Տեղի չունեցավ նոր արժեքների, նոր արժեհամակարգի վրա հիմնված վարքաբանական մոդելների ստեղծում և ներդրում: Հասարակությունը շարունակեց «կրել և կենսագործել» հին, Սովետից ժառանգած հանրային-հասարակական հարաբերությունները կարգավորող սոցիալ-մշակութային մոդելները և վարքաբանությունը: Իսկ որո՞նք էին դրանք:

(շարունակելի)

հրապարակվել է «Առավոտ» օրաթերթում 
https://www.aravot.am/2018/03/26/945103/


[1] ղարաբաղյան շարժումը, անկախությունը, ինքնորոշումը, իսկ այնուհետ՝ արցախյան ազգային-ազատագրական պայքարը տվյալ դեպքում կարելի է դիտարկել որպես «հեղափոխական», անցումային իդեոլոգիայի տարրեր, որոնք հետագա պետության կայացման երկարատև գործընթացներում չեն կարող հանդիսանալ հասարակության և ազգային պետության համար որպես գաղափարախոսական կայուն հենք:

[2] Խորհրդային Միության կոմունիստական կուսակցություն

понедельник, 26 декабря 2016 г.

ՍՈՎԵՏԻ ԾՆՈՒՆԴՆԵՐԸ

ու միշտ քանի որ կա
Շահ ու գերի, ստրուկ ու տեր,
Չի լինելու երկրի վրա
Ոչ շիտակ խոսք, ոչ կյանք ոչ սեր:
Հովհ. Թումանյան

Կարդացի «ՀԱՅԵՐ» մեդիահարթակի «Ինչ են ասում Կարեն Սերոբիչի օրագրերը» հրապարակումը http://thearmenians.am/hy/blog/inch-en-asum-karen-serobichi-oragrery: Իրոք, շատ հետաքրքիր էր, թե նյութի բովանդակության, թե արժեքավոր եզրահանգումների առումներով: (Սարոյանի ու Հրանտ Մաթևոսյանի երկխոսությունն ուղղակի հանճարեղ է…):
Մշակույթի գործիչների ու իշխանության հարաբերությունների ներկայացման միջոցով բարձրացված են, թերևս, արժեքային ու մշակութային խնդիրներ` ազատության ու ստրկամտության, արժանապատվության, մտածողության հորիզոնի և այլն...
Կարծում եմ` հոդվածն ավարտուն է, փաստերն ինքնին խոսուն են, չկա լրացուցիչ պարզաբանելու և մեկնաբանելու կարիք: Մի երկու միտք և վերապահում, այնուհանդերձ փորձենք անել:


 Ի սկզբանե ասեմ, որ Կարեն Դեմիրճյանի օրագրերը պետք չէ «հալած յուղի» տեղ ընդունել, առավել ևս` նորից ձևավորել կամ փոխել կարծիք սովետահայ մտավորականության մասին:
Նախ, բոլոր ժամանակների մտավորականներն էլ մարդիկ են` իրենց մարդկային խնդիրներով ու թուլություններով, իրենց ստեղծագործական նկրտումներով, չբավարարված փառասիրությամբ ու նախանձով: Դրան, առնվազն, հանգիստ պետք է վերաբերվել: Այդ իրողությունից նրանց տաղանդի մեծությունը կամ ստեղծագործական ժառանգությունը ոչ ավելանում են, ոչ էլ` պակասում, ինչպես և չի սասանվում հայ մշակույթում նրանց ունեցած տեղն ու դերը:
Երկրորդ, բացառված չէ, որ իրեն «ամենակարող» զգացող Հայաստանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարը խտացրել է գույները ինքն իր աչքին ավելի մեծ և կարևոր երևալու համար: (Օրագրերի գրման հոգեբանական առանձնահատկությունները հայտնի են): Նաև` իրենից խիստ օբյեկտիվ ու ավելի հայրենասեր կերպար կերտելու, բնականաբար, նկատի առնելով և գիտակցելով, որ այդ օրագրերը ինչ-որ մի ժամանակ հրապարակվելու են:
Բայց դարձյալ անդրադառնանք երևույթին` ազատությանն ու ստրկամտությանը:
Չվիրավորելով ոչ մի անձի և խոսելով բացառապես հասկացությունների տիրույթում, շարունակենք հոդվածի հեղինակի հարցադրումը. Ինչո՞ւ արդեն 25 տարի անկախ պետությունը չի ծնում ազատ քաղաքացի: Պատասխան: Ծնել է, բայց Նա դեռ 25 տարեկան է: Նա այն «հանդիպմանը» ներկա չէր: Նա առայժմ իրեն դրսևորել է միայն Բաղրամյան փողոցի ընդվզմանը: Բայց Նա կայանում է, ամրանում է, ուժ է հավաքում, և հեռու չէ այն օրը Նրա` թե իշխանություն, թե ազատ մտավորականություն դառնալու ժամանակը: 
Իսկ Նախագահի հետ հանդիպողները սովետի ծնունդ են…


Հ.Գ. Եվ առաջնորդեց Մովսեսն իր ժողովրդին և նրան դուրս բերեց Եգիպտոսի գերությունից՝ տանելով դեպի Ավետյաց երկիր: Եվ 40 տարի նրանք դեգերեցին անապատում, մինչև որ մահացավ նրանց միջի վերջին ստրուկը... որ հասնեն Ավետյաց երկիր: 

четверг, 22 декабря 2016 г.

ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԻՐԱՎԵՊԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է: БЬЕТ – ЗНАЧИТ ЛЮБИТ!

Մի կարևոր նկատառում Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանության  վերաբերյալ: 

Թուրքերը ռուսներին հստակ հասկացնել տվեցին, որ Ռուսաստանը Մերձավոր Արևելքում իր աշխարհաքաղաքական շահերը իրացնելիս պետք է իրենց հետ պարտադիր հաշվի նստի, ու Թուրքիայի աշխարհաքաղաքական շահերի հետ բախման դեպքում ռուսները ամեն մի “հաջող գործողության" համար “զոհաբերություն” պիտի անեն: Սիրիա ՌՏԶ (ռազմատիեզերական զորքեր) մուտք գործելիս այդ “զոհաբերությունը” նենգորեն խփված ռուսական ռազմական ինքնաթիռն էր, Հալեպի գրավման “գինը”՝ նույնպես թիկունքից խփված անզեն դիվանագետը:

Լրիվ՝ թուրքավարի…

Բայց ցավն այս պարագայում այն է, որ Ռուսաստանը կարծես համակերպվել է այս կանոնների հետ, ընդունել խաղի այդ “պայմանները” ու մտել այդ խաղի մեջ: Ավելին, Ռուսաստանը այլևս համակերպվել է ռեգիոնալ գերտերության կարգավիճակին: Պուտինը օրերս հայտարարեց՝ էդ ստոր ահաբեկիչներն են, որ ուզում են սեպ խրել ռուս-թուրքական դարավոր եղբայրության մեջ… Ինչպես ասում են՝ Мир, дружба, фестиваль; Туристы, Анталия, помидоры... 

Էս ամենը մեզ՝ հայերիս պիտի առնվազն լուրջ մտորելու և զգուշանալու տեղիք տա, ռուսների կողմից թուրքերին հերթական անգամ մատուցվող “մաղարիչ” (ղուրբան) չդառնալու հեռանկարից:

Պատմության դասերը…

четверг, 3 ноября 2016 г.

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ՝ ՊԵՏԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՕՂԱԿ

Citatum:                                                          - Այ էսպես է, որ տեսնում է իրեն ուշադիր լսում են, ինչքան
ասես՝ կնվագի, բայց որ ասում եմ նստիր պարապելու
դառնում եմ թշնամին…
-          Ա՛յ քույրս, մեղք չի՞ էս երեխան, ինչո՞ւ ես չարչարում…
“Երջանկության մեխանիկա”

Հայտնի ֆիլմի այս դրվագը բոլորիս ոչ վաղ անցյալը հիշեցրեց, երբ իրեն հարգող յուրաքանչյուր “ինտիլիգենտ” ընտանիք իր բնակարանում պարտադիր պետք է դաշնամուր ունենար (ցանկալի է Petroff, բայց կարելի էր “յոլա գնալ” նաև՝ մոմակալներով Բելառուսով), որի վրա ամուր ու անշարժ պիտի դրված լինեին երկու չինական ծանր ծաղկամաններ….

Սովետական ձևապաշտական ու քաղքենիական այդ վարքուբարքի մեջ, սակայն, մի արժեքավոր բան կար: Հանրության մտավորական մասի մոտ անձի երաժշտական կրթությունը (կրթվածությունը) կարևորվում էր, իսկ բազային երաժշտական կրթությունը պետական մշակութային քաղաքականության պարտադիր մաս էր: Կայսրությունը փլուզվեց իր հետ տանելով երաժշտական “պարտուսը” (պարտադիր ուսուցում), իսկ երաժշտական դպրոցները հանձնվեցին համայնքներին՝ որպես ուսումնական հաստատության տիպի արվեստի դպրոցներ:

Ներկայումս երաժշտական դպրոցները Հայաստանի Հանրապետությունում պատկանում են համայնքներին և ունեն համայնքային ոչ առևտրային կազմակերպության (ՀՈԱԿ) կարգավիճակ: Դա նշանակում է, որ համայնքները կարող են սեփական հայեցողությամբ ստեղծել, վերակազմակերպել և լուծարել այդ հաստատությունները: Որոշել դպրոցների կադրային հարցերը, հաստիքների տեսակները և քանակը, բնականաբար ներազդելով ուսուցման գործընթացի որակի և բովանդակության վրա: Գոնե իրավաբանորեն՝ այդպես է:

Պետական միասնական քաղաքականության հետ միակ կապող օղակը, թերևս, “Հայաստանի Հանրապետության երաժշտական, արվեստի, գեղարվեստի եվ պարարվեստի դպրոցների օրինակելի ուսումնական պլանները հաստատելու մասին” ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամաններն են, որոնցով սահմանված են ուսումնական գործընթացի տեսակները, ձևերը, ժամաքանակը ըստ տեսակների և այլն: Ուսումնական այդ պլանի հենց առաջին կետով արձանագրվում է՝  “Հայաստանի Հանրապետությունում երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցները (այսուհետ` դպրոց) լրացուցիչ կրթության ուսումնական հաստատություններ են և իրականացնում են մշակութային կրթություն` նպաստելով երեխաների գեղագիտական զարգացմանը”: Առաջին հայացքից իսկ պարզ է դառնում, որ երաժշտական դպրոցները սույն տրամաբանությամբ դասվել են գեղարվեստի և պարարվեստի դպրոցների հետ նույն հարթության մեջ, և ընդամենը կոչված են նպաստելու երեխաների գեղագիտական դաստիարակությանը…

Երաժշտական դպրոցը արվեստի խմբակ չէ: Այն կրթական կարևորագույն հաստատություն է, որտեղ պիտի իրականացվի երաժշտական համակարգված և հետևողական կրթություն: Երաժշտական դպրոցները երաժշտական մշակութային շարունակական կրթության առաջնային և կարևոր օղակն են, որտեղ ապագա երաժիշտները ստանում են նախնական երաժշտական մասնագիտական կրթություն: Կարելի է ասել, որ ապագա երաժիշտները իրենց առաջին մկրտությունը ստանում են երաժշտական դպրոցում: Ավելին, հենց երաժշտական դպրոցում է բացահայտվում երեխայի երաժշտական ունակություններն ու տաղանդը և դպրոցի որպիսիությունից է կախված նրա՝ որպես երաժշտի հետագա կայացումը, կամ չկայացումը:

Մինչդեռ, այս ոլորտում սիրողական մոտեցումների պակաս չկա: Մայրաքաղաքում և երկրի բազմաթիվ համայնքներում երաժշտական դպրոցների և տարբեր ստեղծագործական կենտրոնների ու խումբ-խմբակների միավորման հիման վրա ստեղծվում են “արվեստի դպրոցներ”, “գեղագիտության քոլեջներ” և այլ գեղեցիկ ու ժամանակակից անվանումներով հաստատություններ՝ խեղափոխելով երաժշտական դպրոցի դերն ու նշանակությունը և վնասելով երաժշտական-մշակութային կրթական գործընթացը: Համակարգված և հետևողական կրթության ավանդույթները պահպանված են, թերևս, միայն մայրաքաղաքի երկու-երեք երաժշտական դպրոցներում, եթե չհաշվենք Չայկովսկու անվան “տասնամյակը”:


Այս համատեքստում անհասկանալի ու խայտաբղետ պատկեր է նաև “ավելի վերևում”, երաժշտական միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների պատկանելիության հետ կապված: Երևանի պետական կոնսերվատորիան և երկու երաժշտական քոլեջները՝ Ռոմանոս Մելիքյանի և Առնո Բաբաջանյանի անվան, ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության տակ են, իսկ Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցը՝ ՀՀ մշակույթի նախարարության:  Ակնհայտ է, որ այստեղ խաթարված է թե՛ միասնական պետական քաղաքականության, թե՛ կրթական անընդհատության սկզբունքը, այս դեպքում՝ երաժշտական կրթության:

Տարօրինակ է, բայց լինելով մշակութային կրթության կարևորագույն օղակներ, երաժշտական դպրոցները ոչ մի ուղղակի առնչություն չունեն ՀՀ մշակույթի նախարարության և, ընդհանրապես, պետական մշակութային քաղաքականության հետ: Մինչդեռ, երաժշտական դպրոցը կենդանի օրգանիզմ է (ինչպես ցանկացած կրթական, առավել ևս՝ մշակութային կրթական օջախ) և մեր երկրի երաժշտական հանրույթի անբաժանելի օրգանական մասը: Երաժշտական դպրոցները իրենց կրթական և գեղարվեստական առօրյայով պետք է հաղորդակից լինեն ժամանակակից երաժշտական մշակութային կյանքին, անցուդարձին, հնարավորություն ունենան տեղեկացված լինելու երկրում տեղի ունեցող կարևոր մշակութային իրադարձություններին, աշխարհահռչակ երաժիշտ-արվեստագետների հյուրախաղերին և այլն, ասել է թե ապրեն լիարժեք մշակութային կյանքով: Նշված հանգամանքների պարագայում այս ամենը իրականանալի չի թվում:

Նման մի աճպարարություն արեցին մեր հանրակրթական դպրոցների հետ, երբ վերջիններս “ձեռքից-ձեռք” էին անցնում. կրթության նախարարությունից՝ համայնքներ, ապա՝ մարզպետարաններ ու նորից նախարարություն: Որոնումները ավարտվեցին և գործընթացը վերջնականապես հստակեցվեց, երբ պարզ դարձավ, որ հանրակրթությունը պետք է տեղավորվի կրթական միասնական պետական քաղաքականության ներքո և իրականացվի բացառապես պետական գործադիր իշխանության կողմից՝ վերջինիս հանրապետական (ՀՀ կրթության և գիտության նախարարություն) և տարածքային գործադիր մարմինների (մարզպետարանի կրթության բաժին) միջոցով:

Կարծում եմ, այս հարցերը շատ կարևոր են և դրանց պետք է տրվի ոչ թե հայեցողական, այլ՝ համակարգային լուծումներ: Հարկ է վերանայել երաժշտական դպրոցների ենթակայության հարցը ապահովելու երաժշտական մշակութային կրթության անընդհատության, պետական մշակութային քաղաքականության մեջ վերջինիս ճիշտ և նպատակային ընդգրկվածության ապահովման առումներով: 

воскресенье, 24 апреля 2016 г.

«ՄԱՅՐԻԿ», «ՊԱՐԱԴԻ ՓՈՂՈՑ 588». ՈՐՈՇ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՖԻԼՄԻ ՄԱՍԻՆ

Հերթական անգամ դիտեցի «Մայրիկը»: Անրի Վերնոյի (Աշոտ Մալաքյան) համանուն կենսագրական վիպակի վրա ստեղծված հրաշալի մի ֆիլմ, որն ամեն անգամ դիտելիս հուզառատ ու նրբին զգացողություններ ես ապրում:
Ուզում եմ մտորումներս կիսել կապված ֆիլմի որոշ կերպարների, դրանց ընկալումների, հարաբերությունների ու հեղինակի ստեղծագործական մտահղացման ավարտունության հետ:

Եթե փորձենք մի կողմ դնել «ազգայինի» երանգը, շերտը, ապա ֆիլմը (նովելը) դասական մի պատմություն է մարդու կյանքի ճանապարհի, դասական մի «շրջապտույտ», ցիկլ, տաղանդավոր պրովինցիալ մարդու «ուղևորության» դեպի Մեծ Կյանք, դեպի քաղաքային ու քաղաքակրթական հորձանուտներ, ապա` վերադարձ դեպի ինքնություն, դեպի ակունքներ: Այս ճանապարհը որքան անհրաժեշտ, բնական ու օրինաչափ է մարդուս համար, նույնքան ցավոտ և հակասական հույզերով ու զգացումներով լի: Իր անձի նույնացման մշտական երկվությունը, ընտրության հիմնահարցը, սեփականի և օտարի մշտական խոր հակադրությունը, և այս ամենում ինքնության մշտական որոնումները...

Ինչևէ, սա է կյանքը և խնդիրը նույնքան հին է, որքան հին է մեր քաղաքակրթությունը, որքան հին է «գյուղ-քաղաք» ընտրանքը, կոնտրաստը:

Եվ այստեղ գալիս է խոսք ասելու տղամարդու մշտական ուղեկիցը` կինը (!): Տվյալ դեպքում` Կարոլը: Նրա կերպարն, իմ համեստ կարծիքով, ֆիլմում թերի է, անավարտ: Այն ամբողջացված չէ, ավելին` իջեցված է էպիզոդիկ մակարդակի, և իրադարձությունների ու զարգացումների պատկերում կարծես «չի երևում»: Ավելին, ֆիլմի հիմնական առանցքի, ասելիքի, ուղերձի (իմա` վերադարձ դեպի ինքնություն) հետ հակադրության մեջ ներկայացված լինելով, Կարոլի կերպարը պարզունակացվում է և «արժանանում» ընդհանրական հանդիսատեսի հակակրանքին: Մինչդեռ այս կերպարը ֆիլմում և, հատկապես, հերոսի կյանքում, նրա կենսական ճանապարհին ունի վճռորոշ նշանակություն ու դերակատարում: Ո՞վ է Կարոլը:


Ֆրանսիական արքայական տոհմից` Կարոլինգներից իր անունը ստացած այս կերպարը քաղաքային մշակույթի ներկայացուցիչն է, սիմվոլն է: Նա ճակատագրի բարեհաճությամբ անհրաժեշտաբար է հայտնվել Ազատ Զաքարյանի կողքին, որպեսզի նրանից կերտի Պիեռ Զաքար, որպեսզի ռեալիզացնի նրա տաղանդը, որպեսզի հանրահռչակի նրան, դարձնի հայտնի դրամատուրգ, Փարիզի բոհեմայի մի մասնիկ, ընտրի նրա համար «ճիշտ» կոստյումներ, «ճիշտ» փողկապներ, կազմակերպի նրա երեկույթներն ու ընդունելությունները, նրա պիեսների տպագրությունն ու բեմադրությունները, նրա հարցազրույցները և այլն: Արդի եզրով ասած` լինի նրա պրոդյուսերը:
Առանց Կարոլի Պիեռ Զաքարը կմնար մի գավառական Ազատ Զաքարյան, մի շնորհալի գրող Մարսելից... Ընդամենը: Ո՞րն է ավելի լավը, ավելի ճիշտը, ներդաշնակը: Ճաշակի հարց է, բայց մեկ բան հաստատ է: Ազատը չէր անցնի իր մեծ ճանապարհը, կյանքի իր ուղին, իր առաքելությանն ու կոչմանը համահունչ, չէր դառնա նշանավոր ֆրանսիացի, չէր դառնա Պիեռ Զաքար:

Սա է օրինաչափությունը, կյանքի դիալեկտիկան: Ազնավուր Ազնավուրյանը դարձավ Շառլ Ազնավուր, որովհետև նրա կողքին ճիշտ ժամանակին հայտնվեց իր Կարոլը (կարդա` Էդիտ Պիաֆ): Օրինակները բազմաթիվ են...
Չինգիզ Այթմատովը իր պատմվածքներից մեկում գրել է. «Լավ կինը վատ ամուսնուց միջակ կկերտի, միջակից` լավը, իսկ լավին աշխարհահռչակ կդարձնի»:

***

Ֆիլմում մի դրվագ կա, երբ Կարոլը իր հանդեպ հանդիմանությանը ուրիշ խոսքեր չի գտնում և շփոթված նետում է` «դե իհարկե, երբևէ մտքովդ չի անցել, որ կարող է` սիրել եմ քեզ...»: Լավ հարց է: Սիրե՞լ է Կարոլը Ազատին, թե՞ սիրել է Պիեռին: Իսկ ի՞նչ է սերը: Քանի մեծանում ենք ու «իմաստնանում», ավելի դժվարությամբ ենք գտնում այս հարցի պատասխանը: Միգուցե, Կարոլի սերն «ապացուցված» կլիներ, եթե նա հայերեն սովորեր և Ազատին համոզեր թողնել Փարիզը, վերադառնալ տուն, Մարսել, իր ծնողների մոտ: Դե ինքն էլ աշխատանքի անցներ, ասենք, սկեսրոջ կարի փոքրիկ արտադրամասում: Միգուցե:


Բայց նա Ազատի մեջ Պիեռ տեսավ և սիրեց այդ Պիեռին, կողակիցը, նեցուկը դարձավ նրա մեծ ճանապարհին, նրա «աճին ու զարգացմանը», Ազատից Պիեռ նրա «փոխակերպմանը» Այո, նա սիրել է Պիեռին, որն անհրաժեշտաբար պիտի դառնար, որովհետև դա էր նրա կոչումը, դա էր նրա ճակատագիրը, նախանշած ուղին: Եվ Կարոլն այդ կոչման իրագործման մեջ ունեցավ իր վճռորոշ դերը, մասնակցությունը: 

воскресенье, 3 апреля 2016 г.

ԴԱՇՆԱԿՑԻ «ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆԸ» ԿԱՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՍՈՒՆՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ

- Пап, а русские нам друзья, или братья?
- Братья, сынок, братья, друзей мы сами себе выбираем...

Հայաստանի «ռազմավարական դաշնակցի» վերջին տարիների գործունեությունը մեկ անգամ չէ, որ բուռն կրքեր է բորբոքել հասարակական-քաղաքական տարբեր շրջանակներում: Բանավեճը, սակայն, որպես կանոն ընթացել է պաթետիկ-հուզական դաշտում, բերել հասարակական անջրպետների, և որպես կանոն, հանգել անպտուղ ավարտի` ի հայտ բերելով նորանոր «...մետեր» և «...ատյացներ»:


Հարկ է, վերջապես, դասեր առնել, եթե ոչ պատմությունից, ապա` գոնե վերջին, նորանկախ շրջանում մեզ ու մեր պետությանը բաժին հասածից, քաղաքական հասունություն դրսևորել մեր մտքերում, մոտեցումներում ու գործունեության մեջ: Կարողանալ վերջապես տարբերել իրական քաղաքական գործընթացը զանազան դիվանագիտական ձևակերպումներից, հրապարակային արձանագրումներից ու կնիքներից:

Այսուհետ մեզ և քաղաքականությամբ զբաղվող մեր հետագա սերունդների համար հարկ է մեկընդմիշտ ամրագրել հետևյալ աներկբա իրողությունները.

1. Հայաստանի Հանրապետությունն ունի մեկ ռազմավարական դաշնակից` դա իր բնօրրանում ապրել և զարգանալ ցանկացող Հայ ժողովուրդն է` Հայաստանում և սփյուռքում:
2. Ռուսաստանը մշտապես հետապնդել և հետապնդելու է սեփական աշխարհաքաղաքական, տվյալ դեպքում` կայսերա-մեծապետական շահը, թե տարածաշրջանում, թե աշխարհում, առհասարակ, և ռուսները շարքային ԺԵԿ-ի պետից սկսած մինչև հայազգի արտգործնախարար իրականացնելու են իրենց գործունեությունը բացառապես այս առանցում:
3. Մեր շահը ռուսները ինչ-որ չափով հաշվի են առել (առնում, առնելու) միայն այնքանով, որքանով այն պատմական կարճ կամ երկար ժամանակահատվածում համընկել է սեփական քաղաքական շահերին: Այս երևույթը տարբեր ժամանակներում, ըստ ճաշակի, անվանակոչվել է «եղբայրական», «ռազմավարական», գործընկերային» և այլն:
4.    Այս վերջին բառերը (ընդամենը!) իրական քաղաքականության հետ աղերս չունեն, դրանք իրական հարաբերությունների բնութագրիչներ չեն, ավելին` հարաբերությունների մեկնարկ չեն ենթադրում, և իրական քաղաքական գործընթացներում ունեն բովանդակությունից տարբեր, «ապրանքային պիտակի» նշանակություն:
5. Իհարկե, դրանք լիովին գործածելի են և պատշաճորեն պետք է կիրառվեն արարողակարգային, դիվանագիտական գործընթացներում (իմա` diplomacy):
6. Բայց այս «եզրերը» իրական քաղաքականության հետ շփոթողները մեղմ ասած` քաղաքական ռոմանտիկներ են, որոնց համար քաղաքականությամբ զբաղվելը արկածախնդրություն է, իսկ դրանցով փաստարկելը, դրանք վկայակոչելը, հիշեցնելը, շահարկելը, «երեսով տալը» և որպես հետևանք` «նեղանալը կամ լայնանալը» իրական քաղաքական գործընթացից դուրս գործողություններ են, առողջությանը վնասական ջղաձգումներ: Նույն վնասական գործունեության տեսակներից են հուսախաբ հողի վրա առաջացած ռուսատյացությունը, թուրքատյացությունը և սադոմազոխիստական այլ դրսևորումները:

Հիմա` տեսությունից իրականություն:

Հայաստանի ռազմական անվտանգության ներկայիս համակարգի այլընտրանքի բացակայությունը (գոնե այս փուլում) պարտադրում է այս կամ այն կերպ հարաբերվել ռուսների հետ, նորից կրկնեմ, ցանկալի է` հասուն կերպով, առանց «օրհնված ոտքի» հայեցակարգի:
Ռուսաստանը (ռուսներին) սիրել կամ չսիրել պետք չէ, պետք կարողանալ աշխատել նրանց հետ: Աշխատել անընդհատ, հետևողական, համակարգված և ծրագրված: Աշխատել ռուսերեն լավ իմացողների միջոցով (!): Զավեշտ է, չէ՞: 
Այս պարզ ճշմարտությունը չի ընկալվում, դեռ հասու չէ... (Յա տոժե ռուսկի շկոլա սկանչալսա...):

Աշխատել մշտապես ու բոլոր մակարդակներում` պետական և հասարակական, անձնային և խմբային, կազմակերպական և կուսակցական, պաշտոնական ու ոչ պաշտոնական և այլն: Ստեղծել անձնական ու գործնական կապեր, բարեկամական խմբեր, ակումբներ: Պետք է կարողանալ ռուսներին (և այլոց, ընդհանրապես) «մատնացույց անել» իրենց սեփական շահը ընդհանուրի համատեքտում, համադրել դրանք, ստեղծել ընդհանուր շահի մտայնություն... Սա, ներեցեք, ԼՈԲԲԻՆԳ է կոչվում...

Բարեբախտաբար, այս հարցում մեկնարկը զրոյից չէ: Ռուսաստանի քաղաքական, հասարակական ու մշակութային վերնախավում կան հայտնի ու ազդեցիկ բազմաթիվ մարդիկ (այդ թվում` մեծաթիվ հայեր), իրապես բարեկամ ու գործընկեր` գիտնականներ ու փորձագետներ, հասարակական ու մշակութային գործիչներ, պետական պաշտոնյաներ և այլն: Վերջապես, Ռուսաստանում է մեր սփյուռքի ամենամեծ հատվածը: Փորձ արվե՞լ է գնահատել շուրջ երեք միլիոն հայի` որպես պոտենցիալ քաղաքական գործոնի նշանակությունը, նրանց հնարավոր ազդեցությունը քաղաքական գործընթացների և որոշումների կայացման վրա:

Ընդհանրապես պետք է բոլորի հետ կարողանալ աշխատել, աշխատել իրենց լեզվով ու իրենց մեթոդներով, աշխատել իրենց քաղաքակրթական ու մշակութային տարածքում: Սովորենք մի փոքր «ավետյաց երկրի» հնաբնակներից:

понедельник, 12 октября 2015 г.

ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՀԱՎԱԿՆՈՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Դիտեցի Արամ Աբրահամյանի հերթական «ԱՐՏ կանոնը»[1]

Արժեքաստեղծ ու դիտարժան հաղորդաշար է: Շնորհակալություն: Եվ ինչպես բոլոր որակյալ հաղորդումները ցուցադրվում է գիշերով... (ահա` մեր Հանրային հեռուստատեսության մշակութային քաղաքականությունը...):
Հատկապես դուր եկավ Բանավեճը, որի թեման մարդու, արվեստագետի ամբիցիաներն էին: Հյուրերը բավականին գեղեցիկ ու պատկերավոր անդրադարձան խնդրին, ընդգրկուն ու սպառիչ կերպով ներկայացրեցին իրենց տեսակետները:

Իրոք, «դրական» ու «բացասական» ամբիցիաների սահմանը շատ նուրբ է, հաճախ դժվար է տարբերակել` որ ամբիցիաներն են օգնում մարդուն առաջ գնալ իր նպատակներում, իսկ որոնք են, որ խանգարում են:
Հաղորդումը դիտելիս նկատեցի, սակայն, որ մեր չնաշխարհիկ լեզուն, մեր ոսկեղենիկ Հայերենը ցույց տալիս է մեզ այդ նուրբ սահմանը. «դրական» ամբիցիաները հավակնություններն են, «բացասականը»` անձի անհիմն հավակնոտությունը: (Ձեր հյուրերը բազմիցս գործածեցին այս եզրերը, չկարևորելով դրանց նրբերանգային տարբերությունները):

Իսկ ամբիցիաների իրական որպիսիությունը, իմ համեստ կարծիքով, հեշտ է տարբերակել: Պետք է պարզապես դիտարկել դրանք Ձևի և Բովանդակության համամասնության համատեքստում:

Եթե անձի (մտավորականի, արվեստագետի, առհասարակ` որևէ մարդու) ձգտումները մղում են նրան գործելու, արարելու, ինքնադրսևորվելու, գործի մեջ իրեն իրացնելու, իրեն գտնելու, ապա նրա մղումները և հավակնությունները միանգամայն դրական և ողջունելի են:

Իսկ եթե բանը սահմանափակվում է իրեն ցույց տալով, իր մասին խոսելով, իրեն գովազդելով, արդի լեզվով ասած` միայն սեփական PR-ով զբաղվելով, ապա գործ ունենք «հավակնոտ» մեկի և նրա փուչ ու դատարկ անբիցիաների հետ: