воскресенье, 3 апреля 2016 г.

ԴԱՇՆԱԿՑԻ «ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆԸ» ԿԱՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՍՈՒՆՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ

- Пап, а русские нам друзья, или братья?
- Братья, сынок, братья, друзей мы сами себе выбираем...

Հայաստանի «ռազմավարական դաշնակցի» վերջին տարիների գործունեությունը մեկ անգամ չէ, որ բուռն կրքեր է բորբոքել հասարակական-քաղաքական տարբեր շրջանակներում: Բանավեճը, սակայն, որպես կանոն ընթացել է պաթետիկ-հուզական դաշտում, բերել հասարակական անջրպետների, և որպես կանոն, հանգել անպտուղ ավարտի` ի հայտ բերելով նորանոր «...մետեր» և «...ատյացներ»:


Հարկ է, վերջապես, դասեր առնել, եթե ոչ պատմությունից, ապա` գոնե վերջին, նորանկախ շրջանում մեզ ու մեր պետությանը բաժին հասածից, քաղաքական հասունություն դրսևորել մեր մտքերում, մոտեցումներում ու գործունեության մեջ: Կարողանալ վերջապես տարբերել իրական քաղաքական գործընթացը զանազան դիվանագիտական ձևակերպումներից, հրապարակային արձանագրումներից ու կնիքներից:

Այսուհետ մեզ և քաղաքականությամբ զբաղվող մեր հետագա սերունդների համար հարկ է մեկընդմիշտ ամրագրել հետևյալ աներկբա իրողությունները.

1. Հայաստանի Հանրապետությունն ունի մեկ ռազմավարական դաշնակից` դա իր բնօրրանում ապրել և զարգանալ ցանկացող Հայ ժողովուրդն է` Հայաստանում և սփյուռքում:
2. Ռուսաստանը մշտապես հետապնդել և հետապնդելու է սեփական աշխարհաքաղաքական, տվյալ դեպքում` կայսերա-մեծապետական շահը, թե տարածաշրջանում, թե աշխարհում, առհասարակ, և ռուսները շարքային ԺԵԿ-ի պետից սկսած մինչև հայազգի արտգործնախարար իրականացնելու են իրենց գործունեությունը բացառապես այս առանցում:
3. Մեր շահը ռուսները ինչ-որ չափով հաշվի են առել (առնում, առնելու) միայն այնքանով, որքանով այն պատմական կարճ կամ երկար ժամանակահատվածում համընկել է սեփական քաղաքական շահերին: Այս երևույթը տարբեր ժամանակներում, ըստ ճաշակի, անվանակոչվել է «եղբայրական», «ռազմավարական», գործընկերային» և այլն:
4.    Այս վերջին բառերը (ընդամենը!) իրական քաղաքականության հետ աղերս չունեն, դրանք իրական հարաբերությունների բնութագրիչներ չեն, ավելին` հարաբերությունների մեկնարկ չեն ենթադրում, և իրական քաղաքական գործընթացներում ունեն բովանդակությունից տարբեր, «ապրանքային պիտակի» նշանակություն:
5. Իհարկե, դրանք լիովին գործածելի են և պատշաճորեն պետք է կիրառվեն արարողակարգային, դիվանագիտական գործընթացներում (իմա` diplomacy):
6. Բայց այս «եզրերը» իրական քաղաքականության հետ շփոթողները մեղմ ասած` քաղաքական ռոմանտիկներ են, որոնց համար քաղաքականությամբ զբաղվելը արկածախնդրություն է, իսկ դրանցով փաստարկելը, դրանք վկայակոչելը, հիշեցնելը, շահարկելը, «երեսով տալը» և որպես հետևանք` «նեղանալը կամ լայնանալը» իրական քաղաքական գործընթացից դուրս գործողություններ են, առողջությանը վնասական ջղաձգումներ: Նույն վնասական գործունեության տեսակներից են հուսախաբ հողի վրա առաջացած ռուսատյացությունը, թուրքատյացությունը և սադոմազոխիստական այլ դրսևորումները:

Հիմա` տեսությունից իրականություն:

Հայաստանի ռազմական անվտանգության ներկայիս համակարգի այլընտրանքի բացակայությունը (գոնե այս փուլում) պարտադրում է այս կամ այն կերպ հարաբերվել ռուսների հետ, նորից կրկնեմ, ցանկալի է` հասուն կերպով, առանց «օրհնված ոտքի» հայեցակարգի:
Ռուսաստանը (ռուսներին) սիրել կամ չսիրել պետք չէ, պետք կարողանալ աշխատել նրանց հետ: Աշխատել անընդհատ, հետևողական, համակարգված և ծրագրված: Աշխատել ռուսերեն լավ իմացողների միջոցով (!): Զավեշտ է, չէ՞: 
Այս պարզ ճշմարտությունը չի ընկալվում, դեռ հասու չէ... (Յա տոժե ռուսկի շկոլա սկանչալսա...):

Աշխատել մշտապես ու բոլոր մակարդակներում` պետական և հասարակական, անձնային և խմբային, կազմակերպական և կուսակցական, պաշտոնական ու ոչ պաշտոնական և այլն: Ստեղծել անձնական ու գործնական կապեր, բարեկամական խմբեր, ակումբներ: Պետք է կարողանալ ռուսներին (և այլոց, ընդհանրապես) «մատնացույց անել» իրենց սեփական շահը ընդհանուրի համատեքտում, համադրել դրանք, ստեղծել ընդհանուր շահի մտայնություն... Սա, ներեցեք, ԼՈԲԲԻՆԳ է կոչվում...

Բարեբախտաբար, այս հարցում մեկնարկը զրոյից չէ: Ռուսաստանի քաղաքական, հասարակական ու մշակութային վերնախավում կան հայտնի ու ազդեցիկ բազմաթիվ մարդիկ (այդ թվում` մեծաթիվ հայեր), իրապես բարեկամ ու գործընկեր` գիտնականներ ու փորձագետներ, հասարակական ու մշակութային գործիչներ, պետական պաշտոնյաներ և այլն: Վերջապես, Ռուսաստանում է մեր սփյուռքի ամենամեծ հատվածը: Փորձ արվե՞լ է գնահատել շուրջ երեք միլիոն հայի` որպես պոտենցիալ քաղաքական գործոնի նշանակությունը, նրանց հնարավոր ազդեցությունը քաղաքական գործընթացների և որոշումների կայացման վրա:

Ընդհանրապես պետք է բոլորի հետ կարողանալ աշխատել, աշխատել իրենց լեզվով ու իրենց մեթոդներով, աշխատել իրենց քաղաքակրթական ու մշակութային տարածքում: Սովորենք մի փոքր «ավետյաց երկրի» հնաբնակներից:

Комментариев нет:

Отправить комментарий