воскресенье, 24 апреля 2016 г.

«ՄԱՅՐԻԿ», «ՊԱՐԱԴԻ ՓՈՂՈՑ 588». ՈՐՈՇ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՖԻԼՄԻ ՄԱՍԻՆ

Հերթական անգամ դիտեցի «Մայրիկը»: Անրի Վերնոյի (Աշոտ Մալաքյան) համանուն կենսագրական վիպակի վրա ստեղծված հրաշալի մի ֆիլմ, որն ամեն անգամ դիտելիս հուզառատ ու նրբին զգացողություններ ես ապրում:
Ուզում եմ մտորումներս կիսել կապված ֆիլմի որոշ կերպարների, դրանց ընկալումների, հարաբերությունների ու հեղինակի ստեղծագործական մտահղացման ավարտունության հետ:

Եթե փորձենք մի կողմ դնել «ազգայինի» երանգը, շերտը, ապա ֆիլմը (նովելը) դասական մի պատմություն է մարդու կյանքի ճանապարհի, դասական մի «շրջապտույտ», ցիկլ, տաղանդավոր պրովինցիալ մարդու «ուղևորության» դեպի Մեծ Կյանք, դեպի քաղաքային ու քաղաքակրթական հորձանուտներ, ապա` վերադարձ դեպի ինքնություն, դեպի ակունքներ: Այս ճանապարհը որքան անհրաժեշտ, բնական ու օրինաչափ է մարդուս համար, նույնքան ցավոտ և հակասական հույզերով ու զգացումներով լի: Իր անձի նույնացման մշտական երկվությունը, ընտրության հիմնահարցը, սեփականի և օտարի մշտական խոր հակադրությունը, և այս ամենում ինքնության մշտական որոնումները...

Ինչևէ, սա է կյանքը և խնդիրը նույնքան հին է, որքան հին է մեր քաղաքակրթությունը, որքան հին է «գյուղ-քաղաք» ընտրանքը, կոնտրաստը:

Եվ այստեղ գալիս է խոսք ասելու տղամարդու մշտական ուղեկիցը` կինը (!): Տվյալ դեպքում` Կարոլը: Նրա կերպարն, իմ համեստ կարծիքով, ֆիլմում թերի է, անավարտ: Այն ամբողջացված չէ, ավելին` իջեցված է էպիզոդիկ մակարդակի, և իրադարձությունների ու զարգացումների պատկերում կարծես «չի երևում»: Ավելին, ֆիլմի հիմնական առանցքի, ասելիքի, ուղերձի (իմա` վերադարձ դեպի ինքնություն) հետ հակադրության մեջ ներկայացված լինելով, Կարոլի կերպարը պարզունակացվում է և «արժանանում» ընդհանրական հանդիսատեսի հակակրանքին: Մինչդեռ այս կերպարը ֆիլմում և, հատկապես, հերոսի կյանքում, նրա կենսական ճանապարհին ունի վճռորոշ նշանակություն ու դերակատարում: Ո՞վ է Կարոլը:


Ֆրանսիական արքայական տոհմից` Կարոլինգներից իր անունը ստացած այս կերպարը քաղաքային մշակույթի ներկայացուցիչն է, սիմվոլն է: Նա ճակատագրի բարեհաճությամբ անհրաժեշտաբար է հայտնվել Ազատ Զաքարյանի կողքին, որպեսզի նրանից կերտի Պիեռ Զաքար, որպեսզի ռեալիզացնի նրա տաղանդը, որպեսզի հանրահռչակի նրան, դարձնի հայտնի դրամատուրգ, Փարիզի բոհեմայի մի մասնիկ, ընտրի նրա համար «ճիշտ» կոստյումներ, «ճիշտ» փողկապներ, կազմակերպի նրա երեկույթներն ու ընդունելությունները, նրա պիեսների տպագրությունն ու բեմադրությունները, նրա հարցազրույցները և այլն: Արդի եզրով ասած` լինի նրա պրոդյուսերը:
Առանց Կարոլի Պիեռ Զաքարը կմնար մի գավառական Ազատ Զաքարյան, մի շնորհալի գրող Մարսելից... Ընդամենը: Ո՞րն է ավելի լավը, ավելի ճիշտը, ներդաշնակը: Ճաշակի հարց է, բայց մեկ բան հաստատ է: Ազատը չէր անցնի իր մեծ ճանապարհը, կյանքի իր ուղին, իր առաքելությանն ու կոչմանը համահունչ, չէր դառնա նշանավոր ֆրանսիացի, չէր դառնա Պիեռ Զաքար:

Սա է օրինաչափությունը, կյանքի դիալեկտիկան: Ազնավուր Ազնավուրյանը դարձավ Շառլ Ազնավուր, որովհետև նրա կողքին ճիշտ ժամանակին հայտնվեց իր Կարոլը (կարդա` Էդիտ Պիաֆ): Օրինակները բազմաթիվ են...
Չինգիզ Այթմատովը իր պատմվածքներից մեկում գրել է. «Լավ կինը վատ ամուսնուց միջակ կկերտի, միջակից` լավը, իսկ լավին աշխարհահռչակ կդարձնի»:

***

Ֆիլմում մի դրվագ կա, երբ Կարոլը իր հանդեպ հանդիմանությանը ուրիշ խոսքեր չի գտնում և շփոթված նետում է` «դե իհարկե, երբևէ մտքովդ չի անցել, որ կարող է` սիրել եմ քեզ...»: Լավ հարց է: Սիրե՞լ է Կարոլը Ազատին, թե՞ սիրել է Պիեռին: Իսկ ի՞նչ է սերը: Քանի մեծանում ենք ու «իմաստնանում», ավելի դժվարությամբ ենք գտնում այս հարցի պատասխանը: Միգուցե, Կարոլի սերն «ապացուցված» կլիներ, եթե նա հայերեն սովորեր և Ազատին համոզեր թողնել Փարիզը, վերադառնալ տուն, Մարսել, իր ծնողների մոտ: Դե ինքն էլ աշխատանքի անցներ, ասենք, սկեսրոջ կարի փոքրիկ արտադրամասում: Միգուցե:


Բայց նա Ազատի մեջ Պիեռ տեսավ և սիրեց այդ Պիեռին, կողակիցը, նեցուկը դարձավ նրա մեծ ճանապարհին, նրա «աճին ու զարգացմանը», Ազատից Պիեռ նրա «փոխակերպմանը» Այո, նա սիրել է Պիեռին, որն անհրաժեշտաբար պիտի դառնար, որովհետև դա էր նրա կոչումը, դա էր նրա ճակատագիրը, նախանշած ուղին: Եվ Կարոլն այդ կոչման իրագործման մեջ ունեցավ իր վճռորոշ դերը, մասնակցությունը: 

Комментариев нет:

Отправить комментарий