Ինչո՞վ է կարևոր և արդիական «հետխորհրդայինի» թեման
(մեթոդաբանական
հարցեր)
Ներկայումս
մենք ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ առկա են հանրային-հասարակական բազմաթիվ
խնդիրներ՝ աղքատություն, արտագաղթ, հակաօրինականություն, կոռուպցիա, տնտեսական և քաղաքական
մենաշնորհներ, խնդիրներ ընտրական համակարգի, դատական համակարգի անկախության, իրավապահ
մարմինների գործունեության հետ, հանրային վստահության պակաս, և այլն:
Որպես մարդ,
որպես քաղաքացի, մեզ, բնականաբար, հուզում և մտահոգում են այդ խնդիրները: Մտահոգում
առաջին հերթին այն պատճառով, որ կյանքը այսպիսի միջավայրում խիստ անհարմարավետ է շարքային
օրինապահ քաղաքացու համար: Մտահոգում, քանի
որ պարկեշտ մարդու համար դժվար է կապել իր և իր երեխաների ապագան նման կենսամիջավայրի
հետ: Վերջապես մտահոգում, որովհետև այդ խնդիրները էական խոչընդոտ են մեր պետության
դինակիկ զարգացման, արդիականացման, ժամանակակից քաղաքակիրթ հասարակության կառուցման
համար:
Միևնույն ժամանակ՝
որպես մտավորական և հետազոտող, մենք փորձում ենք հասկանալ այդ խնդիրների որպիսիությունը,
դրանց ծագումը, պատմական և գենետիկ կապը ու պայմանավորությունները, կարճ ասած՝ տալ
այդ խնդիրների ախտորոշումը, որը հնարավոր կդարձնի դրանք արդյունավետ լուծումը:
Այս հարցերի
շուրջ տևական դիտարկումները, ուսումնասիրությունները տեսական և կիրառական մակարդակներում
հանգեցրեցին մի հետևության, որ այդ խնդիրները, կամ դրանց զգալի մասը իրենց բնույթով
արժեքային
և մշակութաբանական են (կամ՝ սոցիալ-մշակութային), պայմանավորված են հասարակության մեջ
գոյություն ունեցող և կիրառվող հարաբերականորեն կայուն վարքաբանական մոդելներով և ըստ
էության «ժառանգված են» մեր ոչ վաղ անցյալից՝ խորհրդային հասարակարգից:
Առաջարկելով
խնդրո առարկայի վերաբերյալ որոշակի մոտեցումներ, չեմ բացառում այլ տեսակետների ու կարծիքների
գոյություն: Ավելին, հրավիրում եմ այս թեմայով հանրային լայն քննարկման, որը պիտի լինի
անաչառ, ռացիոնալ, զերծ հուզականությունից, տարբեր կաղապարներից, «կլիշեներից» ու դոգմատիկ
դրույթներից:
Ինչո՞ւ է կարևոր այս թեմայով հանրային դիսկուրսը:
Նախ՝ վերը
նշված պատճառներով. այն աներկբա իրողությամբ, որ բոլորս (մեր հասարակության գերակշիռ
մասը) «ծնունդով» Խորհրդային Միությունից ենք, կրում ենք մեր մեջ այդ երկրի արժեքամշակութային
տարրեր և «ինքնավերլուծության» կարիք ունենք:
Երկրորդ, հարկ
է փաստել, որ նշված թեմայով հանրայի դիսկուրսը մեր իրականության մեջ խիստ բևեռացված
է՝ բացարձակ «ընդունումից» մինչև բացարձակ մերժողականություն: Կա ավագ սերունդ (որոշ
բացառություններով), որը, վկայակոչելով խորհրդային ժամանակաշրջանի (գիտություն, կրթություն,
արդյունաբերություն, քաղաքաշինություն, գյուղատնտեսություն, արվեստ և այլն) նվաճումները
բնութագրում է այն բացարձակ դրական երանգով, և երիտասարդ սերունդ, որը ձևավորվել է
այլ արժեքային դաշտում, ունի իրավունքների, ազատությունների և ժողովրդավարական հարաբերությունների
այլ ընկալում և կենսադիրքորոշում: Այս սերունդը, բնականաբար, միարժեքորեն մերժում է
«խորհրդային ամեն ինչը»:
Այս բևեռացումը
ահագնանում է վերջին տասնամյակում մեր մերձավոր հարևան երկրում՝ Ռուսաստանում տեղի
ունեցող հասարակական-քաղաքական գործընթացներով, որը հակիրճ կարելի է բնութագրել որպես
նահանջ ժողովրդավարությունից դեպի ավտորիտար համակարգ, կամ «վերադարձ խորհրդային ժամանակներին»:
Ահագնանում է այն պատճառով, որ մեր հասարակությունը իր թե քաղաքական-իշխանական, թե
հանրային-հասարակական կապերով սերտորեն կապված է այդ երկրի հետ, լակմուսի պես զգում
է և կրում է այնտեղ տեղի ունեցով գործընթաքցների ազդեցությունը:
Մինչդեռ, մեզ
անհրաժեշտ է օբյեկտիվ դիսկուրս, վերլուծող
ու «արմատը տեսանող» զերծ հուզականությունից ու կաղապարներից, միտված «ինքնաճանաչման»
և մեր մեջ եղած խնդիրների բացահայտման:
Ահա՝ թե ինչու
է անհրաժեշտ քննարկումը:
Մի վերապահում անեմ: Ներկայացված նյութում առկա պնդումները գիտական
առումով և ակադեմիական մեթոդաբանության տեսանկյունից կարող են խոցելի թվալ, քանի որ
օգտագործված չէ թեմատիկ գրականություն, չկան հղումներ կոնկրետ հեղինակներին կամ աշխատություններին:
Դատողությունները և եզրահանգումները, որոնք ներկայացված են, վերցված չեն կոնկրետ գիտական
աշխատություններից, թեև հետխորհրդային իրականության սոցիալ-մշակութային ասպեկտներին
անդրադարձեր արվել են մեկ տասնյակից ավելի ռուս և արևմտյան հեղինակ-գիտնականների կողմից
(կարելի է թվարկել): Այնուհանդերձ, թեմայում հնչեցված մտքերն ու արված դատողությունները
ներկայացված են գիտականորեն ընդունված և ապացուցված գործընթացների ներքո, արդի քաղաքական
գիտությունների, սոցիոլոգիայի, մշակութաբանության և հասարակագիտական այլ գիտակարգերի
բազային հասկացությունների միջոցով (գիտական ապարատի առկայություն):
****
Մաս 1: Մշակութային տրանսֆորմացիան որպես տրանզիտի («անցման») կարևորագույն
բաղադրիչ
Եվ այսպես՝ ԽՍՀՄ-ը փլուզվեց:
Ի՞նչ տեղի ունեցավ:
Փլուզվեց ավտորիտար (տոտալիտար)
քաղաքական համակարգը, փլուզվեց վարչահրամայական, պլանային տնտեսական համակարգը, փլուզվեց
խորհրդային գաղափարախոսության ամբողջ կառույցը:
Հայաստանը, ի թիվս հետխորհրդային այլ երկրների սկսեց կերտել նոր մոդելի,
նոր կառուցվածքի պետություն: Սկսվեց նոր հասարակարգի կառուցումը:
Պետք է փաստել, որ այդ նոր հասարակարգի կառուցումը ընթացավ երկու
հիմնական ուղղություններով, երկու բազիսային վեկտորներով.
ա) քաղաքական համակարգի վերափոխում (տրանսֆորմացիա), կամ ժողովրդավարացում
– դեմոկրատիզացիա,
բ) տնտեսական համակարգի վերափոխում (տրանսֆորմացիա), կամ ազատ շուկայական
հարաբերությունների հաստատում – մարկետիզացիա:
Էստեղ մի կարևոր նկատառում անենք: Խորհրդային իդեոլոգիայի փլուզմանը
և համընդհանուր մերժմանը չհաջորդեց որևէ այլ (տվյալ դեպքում՝ ազգային) գաղափարախոսության
«առաջ քաշում» և ներդրում հանրային կյանք: Տեղի չունեցավ ընթացող «վերափոխման» գործընթացների
գաղափարախոսական բազիսի ստեղծում[1]:
Հանրապետության առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը իր բարձունքից ազգային գաղափարախոսությունը
անվանեց միֆ (քաղաքական կեղծ կատեգորիա) և մերժեց: Ինչպես կտեսնենք, այս հանգամանքը
հասարակության հետագա տրանսֆորմացիոն գործընթացներում չափազանց վատ հետևանքներ պիտի
ունենա դրանց «բովանդակության» վրա:
Ցավոք, դեմոկրատիզացիան և մարկետիզացիան չուղեկցվեցին մշակութային տրանսֆորմացիայով՝ հասարակական-քաղաքական
հարաբերությունների նոր մշակույթի ներդրմամբ, ինչը կենթադրեր մարդ-մարդ, մարդ-պետություն,
մարդ-հասարակություն հարաբերությունների որակապես նոր, ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում
ընդունված արժեքային կողմնորոշիչներ, վարքաբանական մոդելներ և կենսադիրքորոշում: Արդյունքում՝
հասարակությունը շարունակեց «կրել և կենսագործել» հին, Սովետից ժառանված մշակութաբանական
մոդելները և վարքաբանությունը:
Էստեղ մի փոքր կանգ առնենք՝
հասկանալու հասարակական տրանսֆորմացիաների օրինաչափություններն ու առանձնահատկությունները:
Երբ մենք խոսում ենք տրանսֆորմացիայի
(տրանզիտ, անցում) մասին, մենք հաճախ գործածում ենք ռեֆորմ կամ բարեփոխում բառը: Ի՞նչ
է ռեֆորմը: Ռեֆորմը (լատ. Reform, re-forma) ձևի, ֆորմայի փոփոխությունն է: Ասենք,
մենք ունենք միակուսակցական պետություն (Խորհրդային Միությունը), որտեղ Կոմունիստական
կուսակցությունը, Սահմանադրությամբ ամրագրված էր որպես «սովետական հասարակության ղեկավար
և ուղղորդող ուժ» (ՍՍՀՄ 1977թ. Սահմանադրություն): Դեմոկրատիզացիայի հետևանքով մենք
ունենք նոր իրավիճակ, որտեղ Սահմանդրությամբ ամրագրված է «գաղափարախոսական բազմակարծությունը
և բազմակուսակցությունը»: Սրանք ֆորմալ փոփոխություններ են, ձևի փոփոխություն՝ ռեֆորմ:
Իրականում այս ֆորման պիտի ստանա
բովանդակություն, «միս ու արյուն», որպեսզի արդյունավետ գործի: Այլ կերպ ասած՝ քաղաքականության
սուբյեկտների, քաղաքական գործիչների ներքին համոզմունքը, կենսադիրքորոշումը, քաղաքական-իրավական
մշակույթը պետք է համապատասխանի այդ նոր ֆորմայի ոգուն և տրամաբանությանը, որպեսզի
քաղաքական այդ նոր ինստիտուտը իրապես կայանա և արդյունավետ գործի: Եթե քաղաքակության
սուբյեկտները բազմակուսակցական սահմանադրական իրողություններում շարունակեն մտածել
և գործել միակուսակցականության պարադիգմի և մտայնության մեջ, զերծ լինեն քաղաքական
բազմակարծության մշակույթից, ոչ մի իրավական ամրագրում չի փոխի իրավիճակը: Այսինքն,
պետք է տեղի ունենա մշակութային տրանսֆորմացիա:
Ռուս պետական և քաղաքական գործիչ,
ՌԴ նախկին վարչապետ Վիկտոր Չերնոմիրդինը Ռուսաստանում դեմոկրատիզացիայի գործընթացները
մեկնարկելուց մեկուկես տասնամյակ հետո ասում էր. «Ինչ կազմակերպություն ստեղծում ենք,
ԽՄԿԿ է ստացվում[2]»:
Գաղափարախոսության նշանակությունը
հանրային կյանքի կազմակերպման մեջ, ընդհանրապես և անցումային (տրանզիտ) հասարակություններում,
հատկապես, մի առանձին մեծ քննարկման թեմա է: Հանրային-հասարակական վերափոխումների
(հեղափոխություններ, հեղաշրջումներ, հասարակարգային փոփոխություններ, նոր պետության
կառուցում, տրանզիտներ, տրանսֆորմացիաներ) շրջանում գաղափարախոսությունները վիթխարի
դեր ու նշանակություն են ունեցել այդ տրանսֆորմացիաները բովանդակությամբ լցնելու, լեգիտիմացնելու,
դրանց կենսունակությունն ապահովելու գործում:
Սրա պատմական օրինակները բազմաթիվ
են. Իսրայել պետության ստեղծման ժամանակ դա սիոնիզմի գաղափարախոսությունն էր, Ռուսաստանում
տեղի ունեցած սոցիալիստական հեղափոխության պարագայում՝ պրոլետարիատի և Մարքսիզմ-Լենինիզմի,
«չինական հրաշքը» բովանդակությամբ էր լցվում կոնֆուցիականության փիլիսոփայությամբ,
սինգապուրյան հրաշքի հիմքում Լի Կուան Յուի գաղափարական դոգմաներն էին (պոստուլատներ)
և այլն:
Եվ հակառակը: Գաղափարախոսության բացակայությունը բերում է տրանզիտի
«բովանդակային» ձախողման, որի պարագայում մենք ունենք «ֆորմայի» փոփոխություն, բայց
«բովանդակության» հին վարքաբանական մոդելներ: Տրանզիտի «բովանդակային» ձախողման հետևանքներից
մեկը ըստ էության՝ սպառողական հասարակության ձևավորումն է (ինչի ականատեսն ենք):
Եվ այսպես, փաստենք, որ քաղաքական և տնտեսական տրանսֆորմացիաները
(բարեփոխումները)՝ դեմոկրատիզացիան և մարկետիզացիան չուղեկցվեցին հասարակության մշակութային
(սոցիալ-մշակութային) տրանսֆորմացիայով: Տեղի չունեցավ նոր արժեքների, նոր
արժեհամակարգի վրա հիմնված վարքաբանական մոդելների ստեղծում և ներդրում: Հասարակությունը
շարունակեց «կրել և կենսագործել» հին, Սովետից ժառանգած հանրային-հասարակական հարաբերությունները
կարգավորող սոցիալ-մշակութային մոդելները և վարքաբանությունը: Իսկ որո՞նք էին դրանք:
(շարունակելի)
հրապարակվել է «Առավոտ» օրաթերթում
https://www.aravot.am/2018/03/26/945103/
https://www.aravot.am/2018/03/26/945103/
[1]
ղարաբաղյան շարժումը, անկախությունը, ինքնորոշումը,
իսկ այնուհետ՝ արցախյան ազգային-ազատագրական պայքարը տվյալ դեպքում կարելի է դիտարկել
որպես «հեղափոխական», անցումային իդեոլոգիայի տարրեր, որոնք հետագա պետության կայացման
երկարատև գործընթացներում չեն կարող հանդիսանալ հասարակության և ազգային պետության
համար որպես գաղափարախոսական կայուն հենք:
[2] Խորհրդային Միության կոմունիստական կուսակցություն
Комментариев нет:
Отправить комментарий