…ու միշտ քանի որ կա
Շահ
ու գերի, ստրուկ ու տեր,
Չի
լինելու երկրի վրա
Ոչ
շիտակ խոսք, ոչ կյանք ոչ սեր:
Հովհ. Թումանյան
Կարդացի
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակի «Ինչ են ասում Կարեն Սերոբիչի օրագրերը» հրապարակումը` http://thearmenians.am/hy/blog/inch-en-asum-karen-serobichi-oragrery: Իրոք, շատ հետաքրքիր էր, թե նյութի
բովանդակության, թե արժեքավոր եզրահանգումների առումներով: (Սարոյանի ու Հրանտ Մաթևոսյանի երկխոսությունն ուղղակի հանճարեղ է…):
Մշակույթի
գործիչների ու իշխանության հարաբերությունների ներկայացման միջոցով բարձրացված են, թերևս, արժեքային ու մշակութային խնդիրներ`
ազատության ու ստրկամտության, արժանապատվության, մտածողության հորիզոնի և այլն...
Կարծում
եմ` հոդվածն ավարտուն է, փաստերն ինքնին խոսուն են, չկա լրացուցիչ պարզաբանելու և մեկնաբանելու կարիք: Մի երկու միտք և վերապահում, այնուհանդերձ փորձենք անել:
Ի սկզբանե ասեմ, որ Կարեն Դեմիրճյանի օրագրերը պետք չէ «հալած յուղի» տեղ ընդունել, առավել ևս` նորից ձևավորել կամ փոխել կարծիք սովետահայ մտավորականության մասին:
Նախ, բոլոր
ժամանակների մտավորականներն էլ մարդիկ են` իրենց մարդկային խնդիրներով ու թուլություններով,
իրենց ստեղծագործական նկրտումներով, չբավարարված փառասիրությամբ ու նախանձով: Դրան,
առնվազն, հանգիստ պետք է վերաբերվել: Այդ իրողությունից նրանց տաղանդի մեծությունը
կամ ստեղծագործական ժառանգությունը ոչ ավելանում են, ոչ էլ` պակասում, ինչպես և չի
սասանվում հայ մշակույթում նրանց ունեցած տեղն ու դերը:
Երկրորդ,
բացառված չէ, որ իրեն «ամենակարող» զգացող Հայաստանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարը
խտացրել է գույները ինքն իր աչքին ավելի մեծ և կարևոր երևալու համար: (Օրագրերի գրման հոգեբանական առանձնահատկությունները
հայտնի են): Նաև` իրենից խիստ օբյեկտիվ ու
ավելի հայրենասեր կերպար կերտելու, բնականաբար,
նկատի առնելով և գիտակցելով, որ այդ օրագրերը ինչ-որ մի ժամանակ հրապարակվելու են:
Բայց դարձյալ
անդրադառնանք երևույթին` ազատությանն ու ստրկամտությանը:
Չվիրավորելով
ոչ մի անձի և խոսելով բացառապես հասկացությունների տիրույթում, շարունակենք հոդվածի
հեղինակի հարցադրումը. Ինչո՞ւ արդեն 25 տարի անկախ պետությունը չի ծնում ազատ քաղաքացի:
Պատասխան: Ծնել է, բայց Նա դեռ 25 տարեկան է: Նա այն «հանդիպմանը» ներկա չէր: Նա առայժմ
իրեն դրսևորել է միայն Բաղրամյան փողոցի ընդվզմանը: Բայց Նա կայանում է, ամրանում է,
ուժ է հավաքում, և հեռու չէ այն օրը Նրա` թե իշխանություն, թե ազատ մտավորականություն
դառնալու ժամանակը:
Իսկ Նախագահի հետ հանդիպողները սովետի ծնունդ են…
Հ.Գ. Եվ առաջնորդեց Մովսեսն իր ժողովրդին և նրան դուրս բերեց Եգիպտոսի գերությունից՝ տանելով դեպի Ավետյաց
երկիր: Եվ 40 տարի նրանք դեգերեցին անապատում,
մինչև որ մահացավ նրանց միջի վերջին ստրուկը... որ հասնեն Ավետյաց երկիր: