Citatum Хотели
как лучше, получилось как всегда.
Հասարակությունները տարբեր
են: Իրենց կառուցվածքով, արժեքներով, վարքով ու բարքով: Ասում են «եվրոպական» հասարակություն,
«ամերիկյան», «ասիական»..., ու այստեղ, բնավ, աշխարհագրական անվանումը չէ, որ բնորոշում
է տարբերություները: Հասարակությունները տարբեր են իրենց մշակույթով, հասարակական հարաբերությունների
բնույթով, բարոյական ու իրավական նորմերի համակարգերով, դրանց ընկալմամբ ու կիրարկումներով:
Մի երկրում թմրանյութերի
արտադրությունն ու վաճառքը ծանր հանցագործություն է, մյուս երկրում այն գյուղատնտեսության
կարևորագույն ճյուղ, մի տեղ կնոջ դավաճանությունը պատժվում է աներկբա մահվան վճռով,
մեկ այլ տեղ այն կարող է նախատեսվել «ամուսնական պայմանագրով», և այլն:
Բայց պատահում է, որ արարքը,
որ քրեական օրենսդրությամբ սահմանված է որպես հանցագործություն, առօրյա հասարակական
հարաբերություններում դառնում է սովորական նորմ, կենսաձև, այնքան սովորական, որ հաճախ
շփոթության կարելի է մատնվել, թե արդյո՞ք սա հանցագործություն է: Այդպես է մեզ
մոտ, ցավոք:
Փողերի յուրացումը քրեորեն
պատժելի արարք է, հատկապես պետական փողերի, բայց արի ու տես, որ մեր իրականության մեջ
«ատկատները» այնքան սովորական ու առօրեական են դարձել, որ մարդիկ զարմանում են, թե
ինչպես կարելի է այլ կերպ: Ի՞նչ է սա, հասարակական մշակո՞ւյթ, յուրօրինակ ազգային մտածողությո՞ւն:
Ամիսներ առաջ ընկերներիցս
մեկը խոստովանեց, որ աշխատանքից դուրս գալու դիմում է գրել, որովհետև ղեկավարության
կողմից իրեն առաջարկվել է «ատկատով» աշխատել: «Բոլորս էլ անում ենք, դու էլ` մեզ հետ»:
Մինչդեռ, այդ աշխատատեղը ոչ ավել, ոչ պակաս, միջազգային հեղինակավոր հիմնադրամ է...
Էլ ի՞նչ զարմանաս, ի՞նչ ասես... «Միջազգային» բառն այստեղ, անտարակույս, խիստ պայմանական
է, քանի որ աշխատակիցներն էլի հայեր են...
Մասշտաբային ցանկացած
ծրագիր երկրի ու պետության համար փորձաքար է: Այն լակմուսի պես գունավորում է հանրության
ու հասարակական հարաբերությունների բոլոր շերտերը, ի ցույց դնելով դրանց արատները իրենց
ողջ գունագեղությամբ:
Այս տարի մեկնարկեց ՀՀ
կառավարության սոցիալական փաթեթի ծրագիրը, որով պետությունը պետական մարմինների, կրթության,
մշակույթի ու սոցիալական պաշտպանության ոլորտի աշխատողների համար անկանխիկ հատկացնում
է 132 հազար դրամ: Փաթեթի ներդրումը հնարավորություն է ընձեռում շուրջ 120 հազար աշխատակիցների և նրանց անմիջական ընտանիքի անդամներին, անկախ զբաղեցրած պաշտոնից և վարձատրության չափից հավասարաչափ օգտվել բժշկական ապահովագրության, հիփոթեքային վարկի տոկոսագումարի սպասարկման, ուսման վարձի մարման
և ՀՀ և ԼՂՀ տարածքում հանգստի կազմակերպման ծառայություններից:
Գաղափարն այնքան լավն
է, այնքան նպատակային ու կոնցեպտուալ, որ դրա մասին ավելորդ է խոսելը: Սոցիալական թիրախային
աջակցությունից զատ լուծվում է մշակութային կարևորագույն խնդիր: Հասարակական հարաբերությունների
մշակույթում ներդրվում է ապահովագրական կուլտուրան և նրա հանգուցային բաղադրիչը` առողջության
ապահովագրության ինստիտուտը:
Արդարության համար պետք
է ասել, որ Հայաստանում առողջության ապահովագրությունն արդեն քանի տարի է, որ գործում
է: Բազմաթիվ մասնավոր ընկերություններ, հատկապես միջազգային ֆիրմաներ կամովին ապահովագրում
են իրենց աշխատակիցներին: Դա ժամանակակից, քաղաքակիրթ մենեջմենտի կարևորագույն և պարտադիր
տարր է: Պետության ներդրած սոցիալական փաթեթով, սակայն, այդ գործընթացը մասսայականացվեց:
Նրանում ներգրավվեցին հարյուր հազարից ավելի մարդիկ, սկսած ղեկավար օղակների պաշտոնյաներից
մինչև ուսուցիչներ, տնօրեններ, մշակութային ոլորտի աշխատակիցներ:
Եվ պարզվեց, որ պետության
կողմից իր քաղաքացիներին տրամադրած սոց.փաթեթը բավականին «յուղոտ պատառ» է, և որ կարելի
է (և պետք է) ճանապարհին այդ պատառից «մի փոքր» կծել:
Ու սկսվեց «ատկատը»...
Ամենից շուտ «կողմնորոշվեցին»
ապահովագրական որոշ ընկերություններ ու իրենց գործակալների միջոցով սկսեցին տարբեր
«փայաբաժիններ» խոստանալ դպրոցների տնօրեններին ու տարբեր կազմակերպությունների ղեկավարությանը
իրենց հետ ապահովագրական պայմանագրեր կնքելու դիմաց: Որոշ ընկերությունների ղեկավարներ
ապօրինության այս տեսակին քաղաքակիրթ տեսք տալու նպատակով գումարը միանգամից անկանխիկ
փոխանցում էին դպրոցի, կամ հիմնարկի հաշվին` որպես «կրթությանն ու մշակույթի սուրբ
գործին օժամդակելու հրատապ ու անթաքույց մղում»:
Ընդհանուր առմամբ սակայն,
դաշտը «արևելյան շուկա» հիշեցնող տգեղ ու գարշելի մի երևույթ է, որում «չարչիներն»
ու «դալալները» (նրանց երբեմն անվանում են միջնորդ) մարդկանց առողջության համար նախատեսված
պետական միջոցների բաշխման ու վերաբաշխման շուրջ բազարներ են անում: Ցինիզմը հասնում
է այն բանի, որ սոցիալական փաթեթի արժանացած կոլեկտիվների ղեկավարները սկսում էին հաշվել
իրենց այցելած ապահովագրական գործակալների եկամուտները, տոկոսներն ու ապահովագրական
միջնորդավճարները, ըստ այդմ սահմանելով «ատկատի» դրույքաչափը:
Ծանոթներիցս մեկը խոստովանեց,
որ Երևանի «բարեկեցիկ» դպրոցներից մեկի տնօրենը զանգելով իրեն բառացիորեն կես ժամ
«մուննաթ» է եկել, որ իր դպրոցին ապահովագրությունից տոկոս չի թողնվել, զարմանքով նշելով
«ինչ է, դուք չգիտե՞ք, որ մեզ տոկոս պետք է վճարեք, ձեզ չե՞ն ասել, բոլորն այդպես են
անում»... ու պահանջել (խնդրում եմ` ուշադրություն, ոչ թե առաջարկել, ակնարկել, այլ`
պահանջել), որ գործակալը ընդունված կարգի հետ հաշվի նստի:
Մյուս դպրոցներում` համանման
իրավիճակներ, լավագույն դեպքում գործակալին ճանապարհում են կոպիտ և անբարյացկամ: Պարզվում
է, որ հանկարծ, որ իր պարտականությունները այցի սկզբում գերազանց կատարած գործակալը
վերջում «հաշիվները մաքրելուց» հետո (երբ պարզվում է, որ «ատկատ» չկա), վատ է բացատրել
բժշկական փաթեթների էությունը և բոլորը դժգոհ են, կամ «նա միակ գործակալն է, որի պայմանները
ոչ մեկին դուր չեն գալիս»:
Իսկական «աբսուրդի թատրոն»:
Սա ամենաքիչը զավեշտ է, ամենաշատը` հասարակական հարաբերությունների խոր և համակարգային
այլասերում, արժեքների ու բարոյականության խեղվածություն:
Այս ամենի մեջ ամենացավալին
ու ամենավտանգավորը հասարակական հարաբերությունների մեջ ապօրինության արմատավորումն
է, երբ քրեորեն պատժելի արարքը, հանցագործությունը դառնում է բնականոն երևույթ, նորմ,
ավելին, տվյալ դեպքում նաև` հասարակական հարաբերությունների կարգավորիչ... Երբ մարդիկ
հանցավոր գործարքի մեջ են մտնում առերես, անթաքույց, հրապարակավ, առանց երկմտելու ու
կարկամելու: Երբ այս ամենից զարմացած մարդուն, տարակուսողին ու անհամաձայնություն հայտնողին
համարում են աննորմալ (ի նկատի ունեմ ընդհանուր ընդունված նորմերին չհամապատասխանող)
և իրենց բնականոն, ընթացիկ գործին խանգարող, հավիտյանս հավիտենից երդվելով այդ մարդու
հետ ապագայում որևէ առնչություն չունենալ:
... Հասարակությունները
տարբեր են: Իրենց կառուցվածքով, արժեքներով, վարքով ու բարքով: Արժեքային այս բազմազանության
մեջ մեր հասարակությունը տակավին դեռ որոնումների ու խարխափումների մեջ է: Մենք միշտ
էլ ընտրության հնարավորութուն ունենք:
Առայժմ, մտահոգիչ եզրահանգմամբ,
«դեպի ժամանակակից քաղաքակիրթ հասարակություն» հանդիսավորությամբ հռչակած մեր ուղենիշը
երևույթների նմանօրինակ պայմաններում խիստ մշուշոտ է թվում: Առայժմ բավարարվում ենք
ասիական խոր գավառականությամբ աչքի ընկնող, բոլոր գործարքներից «փայ մտնող», «շանից
մազ պոկող», ժամանակին «ջոկող ու փախցնող» հանրությամբ ու հասարակությամբ:
Комментариев нет:
Отправить комментарий