Խելոք մարդիկ մի կողմ են քաշվել, ասպարեզը համբակներին են թողել:
Ջիվանի
Խոսքի տոտալ ցենզուրայից մենք «ընկանք» բազմակարծության և խոսքի ազատության գիրկը: Միանգամից ընկանք, շփոթության աստիճան: Եվ հիմա բոլորը խոսում են: Խոսում են ազատ ու «բազմակարծ» են: Այնքան, որ երբեմն նույն մարդը նույն հարցում միաժամանակ մի քանի «կարծիք է կիսում»: Ու բնավ կարևոր չէ, թե ինչ են խոսում, ոչ էլ` ինչպես, ինչ լեզվով ու ոճով, կարևորը` խոսում են: «Ամեն կարծիք գոյության իրավունք ունի»,- ասում են բազմակարծության ջատագովները: Թերևս, բայց այս պնդումը սոցիալական հարաբերությունները առողջացնող և արարող է միայն կայուն արժեքային կողմնորոշումով հասարակության մեջ: Ինչպես հին կամ ոչ պիտանի մթերքին (սննդին) համարժեք արձագանքում է առողջ, կայուն իմունային համակարգով օրգանիզմը` փսխումով, կամ գոնե ջերմումով: Հիվանդ օրգանիզմին խիստ ընտրողաբար է պետք սնուցել:
Վերջերս մեր կյանք խուժած բազմաթիվ ու բազմապիսի սոցիալական ցանցերը ավելի ու ավելի են ներթափանցում մեր առօրյա ու դառնում մեր ժամանակի հիմնական վատնողները: Մեր կյանքի ժամանակի: Աշխատանքային օրվան զուգահեռ դրանք կարծես փորձում են բավարարել սոցիալական շփման բնական մեր պահանջմունքը, իրականում այդ շփման պատրանք ստեղծելով: Ընկերոջդ, բարեկամիդ, գործակցիդ առերես, անմիջական տեսնելու, նրա հայացքը զգալու, աչքերի մեջ նայելու ու մի բաժակ սուրճի շուրջ մի տասը րոպե մարդավարի զրուցելու փոխարեն, այսօր փնտրում են նրա այսրոպեական «ակտիվությունը» ցանցում, որպեսզի երեք նախադասությունից հետո որևէ մեկդ հեռանաք («դուրս գաք»)` համարելով զրույցը կայացած: Ի՞նչ արած... Արագ դար:
Սա դեռ ամբողջը չէ: Մեկ այլ «տնաքանդություն» են հատկապես երիտասարդների շրջանում լայն տարածում գտած ֆորումները, որոնց ժամանակ մեծ-մեծ քննարկվում, «վերլուծվում ու քննադատվում» են ամենաբազմազան խնդիրներն ու թեմաները` սկսած ամենանեղ անձնայինից, մինչև ամենագլոբալ համամարդկայինը: Քննարկվում են բուռն ու հավակնոտ, անզիջում, վերին ատյանի ճշմարտության դիրքերից, եզրակացվում` դատավճռային: Քննարկում են բոլորը, անուս, թե գիտուն, խնդրին տեղյակ, թե` ոչ (Ктօ свидетель? Я свидетель, а что случилось?), քննարկում է ամեն ոք, յուրաքանչյուրը, ով ցանցում է ու չի ալարում:
Իսկ ֆորումների անունները բրիտանական լորդերի նախանձը կշարժեր. «երիտասարդական
վիրտուալ առցանց խորհրդարան», «մուտքն ազատ է...»: Իհարկե, մեր վիտուալ աշխարհում տպավորությունն
է կարևոր, հանուն որի աճպարարությունները հայոց լեզվի հետ միանգամայն արդարացված են:
Խորհրդարան... այն էլ` երիտասարդական, ու... առցանց: Այն, որ երիտասարդների ձայնը լսելի
պիտի լինի, միանշանակ է, այն որ հարափոփոխ իրականության մեջ նոր, թարմ գաղափարների,
մոտեցումների անհրաժեշտություն կա, կասկած չկա դույզն անգամ (ինքս երիտասարդ եմ): Բայց
արդյո՞ք ամեն երիտասարդ կարող է (և պետք է) «խորհուրդ տալ»:
«Խորհրդարանը», թույլ տվեք նկատել, խորհուրդ անելու
վայրն է, տեղ է, որտեղ «խորհուրդ են տալիս ու առնում»: Հետևապես, այն ենթադրում է եթե
ոչ իմաստուն, ապա գոնե խելոք ու բազմափորձ մարդկանց հավաք: Հասարակական հարաբերությունների
մարդկության բազմահազարամյա փորձը հուշում է որ յուրաքանչյուրը (հատկապես երիտասարդներից)
օբյեկտիվորեն չի կարող լինել «խելոք և բազմափորձ»: Դրա համար էլ մարդիկ մտածել են ու
որոշել, որ ճիշտ կլինի` ոչ թե բոլորը մի տեղ հավաքվեն ու «տակից, գլխից դուրս տան»,
այլ որ ընտրեն իրենց միջի խելոքին, բազմափորձին,
որ գնա ու իրենց տեղը «խորհուրդ անի»: Ու ընտրյալների հավաքն է որ կոչվել է «խորհրդարան»,
այլ` ոչ բոլոր «ցանկացողներինը»: Քանզի «... բազում են կոչեալք եւ սակաւ ընտրեալք»:
Բայց «մերն ինչպես ասում են, ուրիշ է»... Մեզ մոտ բոլորը
կարող են խորհուրդ տալ, կարծիքներ հայտնել ու հերոսաբար դրանք պաշտպանել, քննարկել
ամեն ինչ ու ամեն կերպ` հաճախ լղոզելով բանավեճի առարկան, հաճախ տարերքի մեջ ընկնելով
ու հեռանալով խնդրո առարկայից այնքան, որ վերադառնալուն «մեգաբայթ չի մնում»:
Ի՞նչ վատ բան կա, կասեք, թող քննարկեն: Վատ բան քննարկման
մեջ, գուցե, չկա, վտանգավոր է սակայն աղբի
առկայությունը «մեյդանում», հարթակում, մեր աչքի առջև, մեր ոտքի տակ... Երբեմն
(վերջերս` ավելի հաճախ) փորձում ես այն չտեսնելու տալ, չնկատել, բայց այն իր գործն
այնուհանդերձ անում է` կեղտոտում է կյանքդ: Հետո սկսում ես աղբին սովորել, ու...
Մի առիթով անվանի գեղանկարիչ Բաժբեուկ-Մելիքյանը իր
աշակերտին ասել է. «Վատ ցուցահանդեսի մի՚ գնա, հանկարծ մի նկար պատահաբար դուրդ կգա, ու... ճաշակդ միանգամից կընկնի»:
Ակամա մտածում ես` լավ, մի՞թե մեր հասարակությունը այնքան
է տկարացել, որ «պարապներն» ավելի լսելի են դարձել, քան խելոքները...
Комментариев нет:
Отправить комментарий