Citatum Ինչը
չի կարելի գնել փողով, կարելի է գնել… ավելի շատ փողով
Վիլյամ Հոգարթ. Ընտրողների կաշառում: Անգլիա, 1754թ. |
Նախընտրական փուլն, իրոք, օրինակելի էր.
կարելի է ասել` աննախադեպ նորանկախ Հայաստանի Հանրապետության պատմության համար: Քարոզչության
հավասար լուսաբանում, թափանցիկ ու հանրամատչելի ընտրացուցակներ, «զգոն ու ականջալուր»
ոստիկանություն, «աչալուրջ» դատախազական հանձնախումբ և այլն:
Հեռուստատեսություն, մամուլ, ինտերնետ,
սոցիալական ցանցեր... Հանդիպումներ, բանավեճեր, ծրագրեր, ելույթներ, խոստումներ: Ոչ
մի սև PR, ոչ մի
վիրավորանք ու զրպարտություն: Ամեն ինչ` չափված, ձևված, համակշռված... ինչպես վայել
է իսկական եվրոպական մշակույթին:
Ընտրության օրը, թերևս, միակ տեխնիկական
խոտանը թանաքների վաղաժամ ցնդումն էր, կնիքների անհետացումը: Չնայած Մուկուչյանը անընդհատ
գործընթացի պատասխանատուներին հորդորում էր առավոտվանից «լավ թափահարեն», նրանք,
չգիտես ինչու «լավ չէին թափահարում» և, ի վերջո, «հրաշալի» թանաքը փոխարինելով «սովորականով»,
այդ խնդիրն էլ լուծվեց:
А в остальном, прекрасная
Маркиза,
Все хорошо, все хорошо!
«Ընտրություններն անցկացվել են իրավական բարեփոխված դաշտի ներքո եւ մինչեւ քվեարկության օրը կազմակերպված են եղել ընդհանուր առմամբ պրոֆեսիոնալ եւ թափանցիկ եղանակով: Քվեարկության օրը հիմնականում անց է կացվել հանգիստ եւ խաղաղ պայմաններում, բայց աչքի է ընկել կազմակերպչական բնույթի խնդիրներով…
…հավաքների, խոսքի եւ տեղաշարժվելու ազատությունները հիմնականում հարգվել են, եւ թեկնածուները հիմնականում հնարավորություն են ունեցել իրականացնել ազատ քարոզչություն:»:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի, ԵԽԽՎ-ի եւ Եվրոպական խորհրդարանի
դիտորդների համատեղ զեկույցը ընտրությունների վերաբերյալ:
«Ազատություն» ռադիոկայան
7 մայիսի 2012թ.
«Հայաստանում մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններն անցել են խաղաղ
եւ հանգիստ մթնոլորտում, ընտրությունների ընթացքում ընդդիմադիր ուժերը լիարժեքորեն
ներկայացրել են իրենց տեսակետները եւ ապահովվել է դիտորդների մասնակցությունը:
Մենք պաշտպանում ենք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության եզրակացությունը, որ
ընտրությունները կարելի է բնորոշել «մրցակցային, կենդանի եւ ընդհանուր առմամբ խաղաղ
քարոզարշավով»:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մեկնաբանությունը,
News.am լրատվական կայք
11 մայիսի 2012թ.
«Ընտրությունները անցել են ՀՀ օրենսդրությանը եւ միջազգային նորմերին համապատասխան:
Ընտրական հանձնաժողովները կազմավորվել են օրենքին համապատասխան, աշխատել են մասնագիտորեն
եւ հատկապես ընտրությունների նախապատրաստական շրջանում մեծ ծավալի աշխատանք է իրականացվել:
ՀՀ քաղաքացիները, որոնք իրավունք ունեին մասնակցելու քվեարկությանը, կարող էին
եւ իրացրել են իրենց իրավունքը:
ԱՊՀ դիտորդական առաքելությունը խախտումներ չի արձանագրել նաեւ նախընտրական քարոզչության
շրջանում: Բոլոր քաղաքական կուսակցությունները հնարավորություն են ունեցել իրենց ծրագրերը
ներկայացնելու հանրությանը: Դրա համար ապահովվել են բոլոր անհրաժեշտ պայմանները: Քվեարկության
օրը ԱՊՀ դիտորդները եղել են Հայաստանի 978 ընտրատեղամասային կենտրոններում: Քվերակությունը
համապատասխանել է ԸՕ պահանջներին:
Ընտրությունների ընթացքում արձանագրված որոշ խախտումները տեխնիկական բնույթ են
կրել եւ չեն կրել մասսայական բնույթ, որոնք կարող էին ազդեցություն ունենալ ընտրությունների
արդյունքների վրա: Մենք ճանաչում ենք ընտրությունների արդյունքները»:»
ԱՊՀ դիտորդական առաքելության գնահատականը ՀՀ ԱԺ ընտրություններին
“Henaran.am” լրատվական կայք
7 մայիսի 2012
Ամեն ինչ հրաշալի է, եթե չլինի մեկ ԲԱՅՑ: Գործընթացի ակադեմիական
հանգստությամբ հանդերձ այս ընտրություններն աչքի ընկան ընտրակաշառքների աննախադեպ
ծավալով: Ամենակոպիտ հաշվարկներով դրանց գումարը հասնում է 75-80 մլն. ԱՄՆ դոլար: Ի դեպ, «ասեկոսե»-ի ժանրից խուսափելու համար, տվյալ թվի
մեծությունը դժվար չէ հաշվել պարզ տնտեսագիտական մեթոդներով: Այն էլ Հայաստանի պես
փոքրիկ շուկայի համար, որտեղ ֆինանսական աննշան հոսքերն իսկ առաջացնում են
փոխարժեքների տատանման դինամիկա: Վերջին մեկ ամսում շուկա դրամի կտրուկ ներհոսքը (ինտերվենցիա)
բերեց ՀՀ դրամի արժեզրկման, հետևապես հիմնական արտարժույթի` ԱՄՆ դոլարի արժևորման
միանգամից մի քանի նիշով: Մայիսի 16-ին այն մոտեցավ 400-ի` հոգեբանական նիշին:
Տնտեսագետների հաշվարկով, շուկայում դոլարը 7-9 նիշով բարձրացնելու համար
անհրաժեշտ է շուրջ 50 մլրդ. ՀՀ դրամի ներհոսք: Հենց այդքան էլ ծախսվել է
կուսակցությունների ընտրական կամպանիաների վրա: Այդ գումարի ¼ մասը նախընտրական
հանդիպումներ են, գովազդը, պաստառները, բուկլետներն ու ծրագրերը` արտացոլված
նախընտրական հիմնադրամների ծախսերում, մնացածը` ... կռահեք ինքներդ:
Այո, ընտրություններն անցել են «հանգիստ,
առանց միջադեպերի, միջազգային չափանիշներին համապատասխան»: Արտաքուստ, իհարկե, այդպես
է:
Արդյո՞ք մենք խորապես գիտակցում ենք, ինչ
է տեղի ունեցել իրականում, երբ ասում ենք, որ «ընտրական գործընթացում մենք արձանագրեցինք
էական առաջընթաց»: Արդյո՞ք մենք լրջորեն հաշվի ենք առնում` ինչ ենք շահել և ինչ կորցրել
այս, և` այսպիսի, ընտրությունների պարագայում: Արդյո՞ք մենք խորապես ըմբռնում ենք թե
ինչ է կատարվել մեր հասարակության և նրա արժեքների հետ: Վերջապես, արդյո՞ք մենք այսպիսի
հանրություն և հասարակություն ենք ուզում ունենալ մեր երկրում:
Եթե քո քաղաքացին այլևս փորձառու
վաճառականի համոզվածությամբ սկսել է ընտրությունները` մեծ շուկա, ընտրական գործընթացը` բիզնես,
իսկ քվեն` ապրանք համարել, արդյո՞ք սա առաջընթաց է:
Եթե քո քաղաքական գործիչը ամբիոնից հնչեցնում
է` «գնացեք բոլորից էլ վերցրեք, բայց քվեարկեք ձեր խղճի մտոք» վտանգավոր ու ականջ
շոյող կոչը, արդյո՞ք սա «նվաճում» է:
Եթե քո ընտրողը նախընտրական քարոչություն
իրականացնող ակտիվիստի հետ քաղաքական ու գաղափարական բանավեճ վարողից վեր է ածվում
իր և իր ընտանիքի ձայների «գնի» սակարկողի, արդյո՞ք սա առաջընթաց է:
Վերջապես, եթե քո հանրությունը ծեծող ու
ծեծուտող, աղմկող ու ըմբոստ հասարակությունից վեր է ածվում անաղմուկ ու հլու-հնազանդ
վաճառվող հանրության, արդյո՞ք սա «էական առաջընթաց» է:
Արդյո՞ք ստրուկը պետք է ձայնի իրավունք
ունենա... Ամեն ինչ այս կյանքում իր գինն ունի:
Իսկ միջազգային դիտորդները... նրանք միջազգային
դիտորդներ են, նրանք ֆորմալ գործընթացներին գնահատական տվողներ են: Նրանց քիչ է հետաքրքրում
մեր հասարակության քաղաքացիական գիտակցությունը և քաղաքական ու ընտրական մշակույթը,
նրանք, մեծ հաշվով, թքած ունեն Հայաստանի ժողովրդի պատվի ու արժանապատվության վրա:
Այս հարցը մեզ պետք է հուզի, ոչ թե միջազգային դիտորդներին:
Citatum Տեսանի՜ր արմատը:
Կոզմա Պրուտկով
Սկզբունքորեն իշխելով կարելի է փչացնել,
ոչնչացնել ցանկացած հասարակություն: Ստրկացնել, զրկել իրավունքներից, արժանապատվությունից,
հարստահարել, աղքատացնել, նվաստացնել, տարիներով «կզացրած» փոխադրել «գազել» կոչվող
կտտամեքենաներով:
Այդպես Օսմանյան կայսրությունը այլազգի
իր հպատակներին դանդաղ, հինգ հարյուր տարի նախապատրաստեց ցեղասպանվելուն, և իրագործեց
հանգիստ, մի քանի տարում, առանց լուրջ դիմադրության: Մենք պետք է ցավենք, բայց չպետք է զարմանանք նժդեհյան
ձևակերպմամբ «մեկուկես միլիոն կրավորական զոհերի» հանգամանքից: Զարմանալին համատարած
կրավորականության մեջ Հայ քաղաքական մտքի ծնունդն էր, Արաբոյով, Աղբյուր Սերոբով սկիզբ
դրված ազգային-ազատագրական շարժման ծնունդն էր...
Այսօր մենք լրջորեն մտահոգվելու խնդիր ունենք`
ինչ հանրություն ենք ուզում ունենալ Հայաստան պետության մեջ, ինչպիսի մարդիկ և քաղաքացիներ,
ինչ արժեհամակարգով, կենսական արժեքներով ու մղումներով:
Պետության քաղաքական իշխանությունը կարծում
եմ, իր հերթին առանձնապես պետք է կարևորի թե` ինչպիսի հասարակության է ցանկանում իշխել,
ղեկավարել: Լինել Ֆրանսիայի ժողովրդի նախագահ, կամ պատգամավոր վստահաբար, նույնը չէ,
ինչ` Գոնդուրասի ժողովրդինը:
Նմանապես, մի հեքիաթի թագավորի պարզ ու
իմաստուն միտքը, թե` «... բա որ ես ժողովուրդ
չունենամ, բա ես ո՞ւմ պիտի թագավորեմ»:
Կարելի է լինել ստրուկների առաջնորդ, վաշխառուներից
ու չարչիներից կազմված հանրության ընտրյալ, բայց այդպես շատ առաջ չենք գնա, ուժեղ պետություն
ու արժանավայել հասարակություն չենք կառուցի, քանզի վերջիններս կայանում են իրենց պատիվն
ու արժանապատվությունը գնահատող քաղաքացիների վրա: Այդպիսի պետությունը չեն լքում,
այն պաշտպանում, կառուցում և հզորացնում են: Նրանով հպարտանում են: Այն սիրում են:
16 մայիսի 2012