воскресенье, 24 февраля 2008 г.

... ԹԵ ԻՆՉՈՒ ՉԷՐ ԿԱՐԵԼԻ ԸՆՏՐԵԼ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

Պրոլոգ:                       Հաղթողների պատմությունը միշտ գրվում է ելնելով ապագայից: Անցյալի տարածքում աշխատել` նշանակում է կառուցել անցյալին հասնելու հայեցակարգ:
Պատմությունից հարկ է վերցնել այն, ինչը օգնում է առաջ գնալ, ինչը ապագայի տեսիլի մեջ է տեղավորվում:
Անցյալի հետ ճիշտ աշխատելու ունակությունը ապագան կերտելու ամենակարեւոր նախապայմանն է:
Մի խելոք պաշտոնյա

Առասպելներ և հանելուկներ (“Պատերազմ, թե խաղաղություն” հոդվածի ոճով)


Առասպել N1            Լավ մտավորականը լավ ղեկավար է

Ասում են, մարդը պիտի ճանապարհ անցնի, մինչև ղեկավար պաշտոն զբաղեցնելը: Լեզուների իմացությունը ողջունելի է, ոսկեղենիկ հայերենով խոսելը հոյակապ է, գրագետ և դիպուկ մտքեր... դանդաղ խոհեր... այս ամենը իհարկե լավ է: Բայց բավարա՞ր է ղեկավարի համար:
Ղեկավարը պիտի սովորի ղեկավարել մարդկանց, սկզբում 10 հոգու, հետո` 100, հետո` 1000 և այլն: Նա պիտի զբաղեցնի տարբեր ղեկավար պաշտոններ, “աճի” այդ պաշտոններում, զգա ղեկավարման պատասխանատվությունն ու բեռը: Նա պիտի ղեկավար անձի երկար ճանապարհ անցնի: Սա կարևոր է, մի քիչ մտածենք այս մասին...
                              
Խարիզմայի մասին (Մ.Վեբեր)

Խարիզման - անձի բացառիկության, յուրահատկության, միակի և անկրկնելիի գաղափարն է, որն արտահայտվում է հասարակական տրանսֆորմացիաների (գիտակցական հեղաշրջումների) ժամանակ առանձին անձանց ի հայտ գալու և հանրությունը կոնսոլիդացնելու եղանակով: Խարիզմատիկ լիդերին բնորոշ են ինչպես որոշակի ռացիոնալ անձնային ունակություններ (լիդերություն, հռետորական հնարքների և ճարտասանության տիրապետում), այնպես էլ իռացիոնալ հատկանիշներ (զանգվածային հիպնոս): Խարիզմատիկ լիդերի ղեկավարման ժամանակահատվածին ներհատուկ է անձի պաշտամունքի երևույթը:

Ըստ էության մենք գործ ունենք քաղաքական անձ-ինստիտուտի հետ: Հարկ է նշել, որ քաղաքական անձերը որպես քաղաքական ինստիտուտներ (քաղաքականության սուբյեկտներ, ավելին` քաղաքականություն գեներացնողներ) ունենում են իրենց պատմական առաքելությունը: Դրանք իրենց գոյության առումով չեն կարող երկարաժամկետ լինել, ավելին փոխարինել քաղաքական համակարգը, առավել ևս` պետական ինստիտուտները:

Քաղաքական գիտությունը փաստում է, որ խարիզմատիկ լիդերը ժամանակի ընթացքում կամ պետք է վերածվի ավանդականի (ավտորիտարիզմ), կամ` ռացիոնալ-իրավականի (ժողովրդավարական գործընթաց, դեռ` ոչ իրական ժողովրդավարություն): Վերջինս պիտի արտահայտվի այդ շրջանի ղեկավարի “համակարգաստեղծ” գործունեությամբ: Այսինքն գիտակցական տրանսֆորմացիան պիտի ամրանա ինստիտուցիոնալացմամբ, որի պարագայում կառավարման մեջ կբացառվեն հայեցողական մոտեցումները և անշրջելի կդառնա ժողովրդավարական գործընթացը:

Գիտությունից` իրականություն:

Ժողովրդի կամքը իշխանության ձևավորման հարցում` բացարձակ արժեք է:

Լինելով իշխանության ղեկին “հիմնադիր” նախագահը հիմնադրեց ոչ թե այդ կամքի բացարձակ արժեվորման, այլ` ճիշտ հակառակը, բացարձակ ոտնահարման ինստիտուտը (սեփական ազգին (ո՞ր ազգին... ) մատուցած “բացառիկ ծառայություն”): Այդ ինստիտուտը ամուր հիմնադրվեց և կայացավ հետագա բոլոր իշխանությունների օրոք...
Այժմ ունենք այն` ինչ ունենք:

Զանգվածային հիպնոսի մասին (Զ.Ֆրոյդ)

Հիպնոսի (հուն. - “քուն”) նպատակը երևակայականի պրոեկտումն է իրականի վրա: Մեխանիզմը` ներչնչման եղանակով անցումներն են քնի և արթմնի վիճակների միջև: Որպես բուժական ներգործության միջոց կիրառվել է դեռևս անտիկ շրջանում: 18-րդ դարից սկսած այն սկսեց ուսումնասիրվել գիտական ասպեկտով:

Որպես քաղաքական տեխնոլոգիա զանգվածային հիպնոսը սկսեց ուսումնասիրվել 20-րդ դարի 30-ականներից (Հիտլեր, Մուսոլինի, Ֆրանկո): Այժմ այն որպես զանգվածների վրա ներգործության տեխնոլոգիա բավականաչափ լավ է ուսումնասիրված և կիրառվում է:

Այո, մենք գործ ունենք հոգեվերլուծության մեջ ներկայացվող և բնութագրվող դասական զանգվածային հիպնոսի հետ: Հրապարակի վրա նույն հնարքներն են, նույն մեթոդաբանությունը, ընտրված նույն թիրախը` ինտելեկտուալ զանգված՝ գումարած “ներկաներից” նեղացած “նախկիններ”, գումարած "մարգինալներ":
Անխոս, “հիմնադիր” նախագահը ունի այդ տաղանդը, որը հաջողությամբ կիրառում է:
Պատահական մի համարեք նրա հանրահավաքային և ոչ մի արտահայտություն` “ով մեզ հետ չէ` դավաճան է”, “ով մեզ հետ չէ` ազգի թշնամի է”, “նրանք բոլորը պատժվելու են” և այլն: Սրանք բոլորը քաղաքական տեխնոլոգիաներ են և ժամանակին կիրառվել են վերը նշված բռնակալների կողմից: Մի կարծեք, թե Հիտլերի ամբոխը պակաս ինտելեկտուալ էր, որ կուրորեն հետևում էր ֆյուրերի ամեն խոսքին: Իզուր չէ Վ.Մանուկյանը ասում` ֆաշիզմ առանց գաղափարախոսության:

Հայի և քաղաքացու որոշ հարցադրումներ

Ժողովուրդը Լևոնին չի սիրում, իսկ գիտեք ինչու չեն սիրում, չէ~, “ցուրտ և մութ” տարիների համար չէ, որ չեն սիրում (չնայած` դա էլ կա), մարդիկ գիտակցում են, որ պատերազմ էր, շրջափակում, երկրաշարժը պարալիզել էր ողջ տնտեսությունը:
Նրան չեն սիրում, շատ ավելի հիմնավոր և լուրջ պատճառով. որովհետև նա չի սիրում իր երկիրն ու իր ժողովրդին: Եվ, պատկերացրեք, ժողովուրդը, մարդիկ դա զգում են...
Ովքեր շատ թե քիչ քաղաքականապես հասուն են, որոշ պատկերացումներ ունեն երկրի կառավարման մասին և շատ թե քիչ ինֆորմացված են, ուրիշ, ավելի հիմնավոր փաստարկներ ունեն: Նրանք չեն կարողանում տալ մի շարք հարցերի պատասխաններ:
  1. Եթե նա իրոք մտածում է այս երկրի ու ժողովրդի մասին, ինչո՞ւ էր տասը տարի լռում, ի՞նչ է, չէր տեսնում` ուր է գնում պետությունը, ինչ է կատարվում երկրում:
  2. Ինչո՞ւ էր լռում երբ հոկտեմբերի 27 եղավ (ասենք` չէր լռում, արեց մի հայտարարություն` համախմբվեք Նախագահի շուրջ, բայց մոռացավ ասել` որ հարցում...), 
  3. Ինչո՞ւ էր լռում, երբ “պետական կարիքների” համար մարդկանց վտարում էին իրենց տներից, թե դա “ազգային” խնդիր չէր,
  4. Ինչո՞ւ էր լռում, երբ իշխանությունը օգտագործելով դատաիրավական համակարգը մեկը մյուսի ետևից հետևողական հաշվեհարդար էր տեսնում իր ընդդիմախոսների, իրեն չենթարկվողների ու խաղի իր սահմանած կանոնները չընդունողների նկատմամբ (քաղաքական բազմաթիվ սպանություններ, ձերբակալություններ ու ահաբեկումներ` “Առագաստ” սրճարանի դեպքը, “Ռոյալ Արմենիայի” գործը, Լևոն Գուլյանի սպանությունը, “Հյուսիսային պողոտայի” գործը, դատավոր Պարգև Օհանյանի գործը և այլն) Ի՞նչ խոսեր, իր հաշվին ինչե~ր, ինչե~ր կան...
  5. Ուզում է գալ, “կազմաքանդել”, իսկ որտե՞ղ էր նա, երբ “կազմավորվում” էր էդ “վերից վար կոռումպացված, ստրուկտուրիզացված, մաֆիոզ վարչակարգը”: Ինչպե՞ս թե` որտեղ, ամենաակունքներում...
  6. Եվ վերջապես, եթե նա իրոք ուզում է փոխել համակարգը, այլ ոչ թե իշխանություն է ուզում, ինչո՞ւ չմասնակցեց խորհրդարանական ընտրություններին, ինչո՞ւ հանդես չեկավ ընդդիմության միավորողի դերում, ստեղծեր կոալիցիա, պառլամենտում ունենար ազդեցիկ խմբակցություն, կառավարության ձևավորման հարցում, ընդհանրապես երկրի կառավարման հարցերում իր խոսքը ասեր: Հիմա էլ իր անդամները կունենար ընտրական հանձնաժողովներում: Ի՞նչ է, սահմանադրության բարեփոխումներից տեղյակ չէ՞ր, տեղյակ չէ՞ր խորհրդարանի լիազորություններից: Հիմա կասեք` ինչ  կարող է անել մեր “գրպանային” խորհրդարանը:

Այո, մեր խորհրդարանը գրպանային է, որովհետև մեր ընդդիմությունը ամորֆ և անողնաշար է, իսկ ընդդիմության “լիդերները” ինքնասիրահարված սիրամարգերի են նման (մեջբերումը՝ Շավարշ Քոչարյանի), որոնք ընտրությունից ընտրություն բացում են իրենց պոչերը, հիանում իրենցով, իսկ ընտրության ժամանակ իշխանությունից մի “թուլափայ” ստանալով գոհանում և քաշվում մի կողմ:
Մեր խորհրդարանը միշտ կլինի “գրպանային”, քանի դեռ խելացի և սկզբունքային քաղաքական գործիչները երկրի խնդիրներով մտահոգվելու և գործելու փոխարեն, տանը խալաթով նստած “հանդարտ խոհեր” են գրում:
Իսկ հիմա եկել է, ու իշխանություն է ուզում: Ուզում է “ամեն ինչը և միանգամից”:
Ասե՞մ, որովհետև ինքը ՆԱԽԱԳԱՀ է, ու իրեն ավելի պակաս ուրիշ ոչ մի պաշտոնում չի պատկերացնում, որովհետև ինքը տառապում է անձի փառասիրության ու գերարժեքության բարդույթով, որովհետև իր հայտնվելը և իրական նպատակը միայն ու միայն իշխանության համար պայքար է, ուրիշ՝ ոչինչ. բարձրագույն իշխանության:
Նրան ազգի անունից (համարյա “ազգովի”) խնդրեցին, ու նա համաձայնեց վեր կենալ իր փափուկ բազմոցից, թավշե խալաթը հանեց, հագավ իր տղայի հնամաշ վերարկուն ու դուրս եկավ ժողովրդի մեջ` համոզվելու որ ինքը միակն է, բացառիկը, անփոխարինելին միայն նա կարող է ազատել այս խեղճ ժողովրդին “քոչարյանա-սերժական, մոնգոլ-թաթարական, խանական այս լծից”:
Ուզում է դառնալ երկրի նախագահ, որ կազմաքանդի...
Նա ծանոթ չէ՞ Սահմանադրական բարեփոխումներին, ՀՀ նախագահը առանց Ազգային ժողովի մեծամասնության աջակցության չի կարող նշանակել և ազատել վարչապետին, ձևավորել կառավարություն, իրականացնել ներքին և մասամբ արտաքին քաղաքականություն:
Եթե նրա հույսը ուժային կառուցներն են, որոնցով նա ահաբեկելու և ենթարկեցնելու է պառլամենտը, ապա նրա գործելաոճը ոչնչով չի տարբերվում գործող իշխանության գործելաոճից: Եթե նրա հույսը մեր “օրենսդիրների” տրադիցիոն առնետավազքն է, ապա ոչինչ չունեմ ասելու քաղաքական նման հաշվարկներով առաջնորդվող լիդերին:

Այսքանից կարելի է եզրակացնել. նա եկել է ոչ թե “կազմաքանդելու բուրգը”, այլ` “վերակազմավորելու” այն:


Քաղաքական պրագմատիզմի և հաշվարկի մասին

Citatum           “Ես առաջնորդվում եմ բացառապես քաղաքական պրագմատիզմով, ինձ խորթ են արկածախնդրությունը և քաղաքական ռիսկը”
Լ.Տեր-Պետրոսյան

Ինչպիսի՞ն պիտի լինի դեռևս չկայացած ժողովրդավարության, անցումային շրջանի քաղաքական գործիչը, որպեսզի կարողանա ընդդիմությունից գալ իշխանության: Իշխանությանը մարտահրավեր նետող քաղաքական գործիչը պիտի լինի առվազն անխոցելի (բացառիկ հայրենասեր, հմուտ, փորձառու, գիտակ և այլն - դրանք հավելյալ
նախապայմաններ են), որպեսզի ժողովուրդը նրան ձայն տա, նա էլ կարողանա այդ ձայները պահել:
Մի կողմ դնելով քաղաքական, գաղափարական ու ծրագրային դրույթները, շատ պարզ և տրամաբանական հարցադրում անենք:
Ինչի՞ վրա էր հույս դրել "հիմնադիր նախագահը".
  • կրիտիկական դժգոհ զանգվածը խիստ անբավարար էր հեղափոխության համար,
  • ժողովրդի մի զգալի մասը լավ-վատ աշխատում, ապրում են, իրենց կայունությունից հանուն նրա ամբիցիաների չէին հրաժարվելու,
  • ընդդիմության "տրամադրության տակ" ընտրահանձնաժողովներ չկային, որ ձայներ կեղծեին, ինչպես արեցին 96-ին,
  • վարչական ռեսուրս չուներ, որ օգտագործեր,
  • փող` էդքան չուներ, որ բաժաներ:

Միակ հույսը՝ ներկա իշխանություններից դժգոհ զանգվածի վրա էր, էն ել պարզվեց քո ՀՀՇ-ական "նեղացածների" հետ միասին մի 350 հազար էին:

Եզրակացությունը մեկն է, նա եկել է ոչ թե հաղթելու, այլ` “հարամելու” մեր ընտրական գործընթացը:

Մի փոքր քաղաքագիտություն

Ընդհանրապես քաղաքական գիտությունը տարբերում է իշխանափոխության երկու դասական մոդել` էվոլյուցիոն և ռեվոլյուցիոն:

Հարկ է նշել, որ “իշխանափոխության” տակ հասկացվում է ոչ թե անձերի, այլ քաղաքական համակարգի փոփոխությունը, որը ներառում է տնտեսական համակարգի, հասարակական հարաբերությունների և կառավարման համակարգի փոփոխություններ:
Էվոլյուցիոն փոփոխությունները, կամ բարեփոխումները ունեն երկու հիմք` ինստիտուցիոնալ և ֆունկցիոնալ: Ինստիտուցիոնալ հիմքը Սահմանադրությունն ու հիմնարար օրենսդրությունն են: Ֆունկցիոնալ հիմքը քաղաքականության սուբյեկտների (իշխանական, ընդդիմադիր քաղաքական ուժեր, հանրային և հասարակական ինստիտուտներ, մամուլ և այլն) դիրքորոշումը, կամքն ու պատրաստակամությունն են կենսագործելու փոփոխությունները:

Կարիք չկա հիմնավորելու, որ էվոլյուցիոն փոփոխությունների համար ինստիտուցիոնալ հիմքը առկա է և ավելի քան բավարար է գործընթացը ճիշտ հունով տանելու համար, մնում է լուծել ֆունկցիոնալ հիմքի հարցը, այսինքն քաղաքականության սուբյեկտների կողմից պիտի դրսևորվի կամքն ու պատրաստակամությունը բարեփոխումները կյանքի կոչելու:

Իրապես ազգային-պետական գործիչը իրավունք չուներ տարիներ շարունակ անտարբեր մնալ ընթացող քաղաքական և ոչ մի գործընթացի հանդեպՍա քաղաքական գործչի քաղաքացիական միակ ճիշտ կեցվածքը պիտի լիներ:

Ղարաբաղյան հակամարտություն կամ ո՞վ ավելի լավ գիտի խաղաղության գինը

Չեմ ուզում խորանալ հակամարտության կարգավորման մոտեցումների և կարգավորման տարբերակների մանրամասների մեջ: Խոսեմ պարզ հայրենասիրությունից ու ազգային-պետական գործչին հարիր դիրքորոշումից ու վարքից:

Առասպել N2    “Խաղաղության կուսակցությունը պարտություն է կրել...,

Citatum                    “Իսկ ժամանակը ցույց կտա, թե ով` ինչ է արել Ղարաբաղի համար և ով է իրականում ծախում այն”

Լ.Տեր-Պետրոսյանի 1998թ. փետրվարի 3-ի հրաժարականից

Այո, ժամանակը կամաց-կամաց ցույց է տալիս` թե ով` ինչ է արել Ղարաբաղի համար: (Քոչարյանի պատերազմական շրջանի բացահայտումները` Քելբաջարի, Աղդամի և այլնի մասին վաղուց ինձ, որպես Ղարաբաղում երկու տարի ապրածի, հայտնի են: Առիթ ունեցել եմ զրուցելու մի քանի բարձրաստիճաս զինվորականների հետ):

Հայրենասիրությունը պերճախոսություն չէ, այն հրապարակներից ճամարտակությամբ չեն ապացուցում: Հայրենասիրությունը այն ունակությունն է պատմական պահը և քո խնդիրը գիտակցելու, այն կամք և վճռականություն է քո հայրենի հողի վրա պինդ կանգնելու, քո հողը պինդ պահելու և զավակներին փոխանցելու: Որպեսզի հետո ամոթով չնայես նրանց աչքերին:

- Դու Տիրանը չե՞ս,- ասացին:
- Տիրանն եմ:
- Այո,- ասացին նրանք:
- Ինչի՞ համար:
- Ոչինչ, մեզ համար լավ տունուտեղ ես թողել` դրա համար:
- Դուք ո՞վ եք,- ասաց:
- Քո թոռները:
- Բա ո՞ւր եք, ձեն չեք հանում:
- Դժոխքում ենք: Կիլիկիա ենք, ո՞ւր ենք:
- Դե, ինչ կարողացել եմ, այ որդիք, էն եմ արել:
- Ի՞նչ ես կարողացել:
- Դուք կարողացեք, ես ուզում եմ դուք կարողանաք:
- Կարողանալու տե՞ղ ես թողել, որ կարողանանք...
Հր.Մաթևոսյան, “Մեծամոր"


Ասում է. “Մաթևոսյանը մեծ է”: Այո, Մաթևոսյանը մեծ է, դա այդպես է, լավ կլինի “հիմնադիր” նախագահը ինքը մեկ անգամ ևս ուշադիր կարդա Մեծին, որովհետև այն ինչ ասում է մեծ արձակագիրը ոչ այլ ինչ է, եթե ոչ ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ: (Ախր` հակառակի պես դա էլ “կեղծ քաղաքական կատեգորիա” է...)


Միջազգային հանրության (սիոնիզմի, միգուցե` մասոնականության) մասին

Citatum                       “Դուք հասկանո՞ւմ եք` ինչ կանի միջազգային հանրությունը...

Միջազգային հանրությունը Իսրայել Օրուց ու Խրիմյան Հայրիկից հետո քիչ է փոխվել: Միջազգային դիվանագետները փոխել են իրենց հանդերձանքը միայն (տրիկոները ու ժապավենաձև շապիկները փոխարինել են Վերսաչե կոստյումներով), բայց ոչ վերաբերմունքը հայերին ու Հայկական հարցին (ափսոս` պատմաբան չես...): 
1974թ.-ին Թուրքիան ամբողջ քաղաքակիրթ աշխարհի առաջ հարձակվեց ու գրավեց Կիպրոսի կեսը: Ի՞նչ արեց էդ քո միջազգային հանրությունը...

Երբ բարձր է ճնշումդ ...դիվանագիտական

1921թ. հուլիսի 5-ի Կովբյուրոյի մի ապօրինի որոշմամբ Նախիջևանն ու Ղարաբաղը տրվեց Ադրբեջանին: 65 տարվա մեջ Նախիջևանը ամբողջովին հայաթափվեց, որովհետև այնտեղ քո պես ճարտասաններ էին, որոնք չէին դիմանում ճնշումներին, իսկ Ղարաբաղը մնաց կանգուն, ղարաբաղցիները իրենց հայրենիքը, իրենց հողը պահեցին, նրանք սովոր էին ճնշումների...

Էպիլոգ.                                 Համաշխարհային պատմությունը ազգերի, ժողովուրդների ապագայի տեսիլի համար պայքար է: Հաղթանակում են միայն այն ազգերը, որոնք ի վիճակի են ստեղծել այդ տեսիլը, ի վիճակի են այն ճանաչել:
Հայ հասարակության հիմնական խնդիրն այսօր այն է, որ մեզանում չկա ապագայի տեսիլի միասնականություն: Հասարակության անջատվածությունը, որը իր բնույթով օբյեկտիվ է, կարող է հաղթահարվել միայն դեպի ապագան, այլ ոչ թե անցյալն  ուղղված ձգտումով:
Նույն խելոք պաշտոնյան

Комментариев нет:

Отправить комментарий