среда, 14 января 2015 г.

ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԳԵՆԵԶԻՍ

Էս աշխարհում ամեն մի բան ունի իրեն մի պատճառ,
Էս պատճառն էլ՝ ուրիշ պատճառ…
էսպես անվերջ, անդադար,
Մինչև պատճառն սկզբնական…
Յովհ.Թումանյան
«Հազարան բըլբում» պոեմ

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Սովետմիության փլուզումից և միաբևեռ աշխարհակարգի ձևավորումից հետո երկրագնդի վրա հաստատվեց մեկ գերտերության քաղաքական, տնտեսական և ռազմական հեգեմոնիան: Այդ իրավիճակը որքան աներկբա էր, նույնքան էլ ակնառու բոլորի համար, ու այդ երկրի քաղաքական ու ռազմավարական էլիտան (կամ՝ համաշխարհային օլիգարխիան՝ եթե կուզեք) որոշեց «ձևակերպել» այդ պետությունն իբրև «Աստվածաշնորհ»:

Պետության կացութաձևը, իմա՝ պետական ու հանրային ինստիտուտների իրավաքաղաքական հարաբերություն-ները, սահմանվեցին իբրև միակ ճշմարիտը, այնտեղ ընդունված հասարակական ու անձնային հարաբերությունների նորմերն իբրև միակ ընդունելին, իսկ արժեքներն ու նպատակները՝ իբրև բացարձակ: 
(Գրեթե միջնադարյան կաթոլիկ եկեղեցու գաղափարախոսությանը համահունչ – Հռոմի Պապի անսխալականության դոգման, նրա՝ Հիսուսի տեղապահի բացառիկ կարգավիճակը, ինկվիզիցիայի՝ որպես այլախոհության հետապնդման արդյունավետ գործիքի, բնականոն գոյությունը և այլն)

«Ի վերուստ տրվածի» կարգավիճակ ունեցողի համոզվածությամբ և վճռականությամբ այդ գերտերությունը սկսեց իր արժեքներն ու համոզմունքները տարածել մնացյալ ամբողջ աշխարհի վրա՝ դույզն ինչ անգամ կասկածի տակ չառնելով իր անսխալականությունը, քամահրելով մնացյալ աշխարհի էթնիկ, կրոնական ու մշակութային տարակերպությունն ու բազմազանությունը: Արհամարհելով այդ բազմազանության թե գոյության իրավունքը, թե նրա՝ իրապես ի վերուստ տրված լինելու հանգամանքը:

Բնականաբար, քաղաքական, տնտեսական ու արժեքամշակութային իր էքսպանսիան, որն այնուհետ պիտի ստանար «գլոբալիզացիա-համաշխարհայնացում» ազդահունչ ու մոդայիկ քաղաքագիտական եզրը, պիտի աշխարհին հրամցվեր ոչ ավել, ոչ պակաս՝ իբրև Առաքելություն (Մեսսիա):

«Ցանկացած ազդեցություն միշտ ծնում է
համարժեք և հակառակ հակազդեցություն»
Նյուտոնի 3-րդ օրենք
Նույնպես՝ բնականաբար, ոչ բոլոր պետություններն ու հասարակությունները (քաղաքակրթությունները!) «կիսեցին» նման առաքելության անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը: Եվ առաջ եկավ հակազդեցությունը... ահաբեկչության տեսքով:

Այն ի հայտ եկավ անհրաժեշտաբար, դիալեկտիկական անհրաժեշտությամբ, երբ պարզվեց, որ այլոց՝ սեփական արժեհամա-կարգի ու կենսական նորմերի «պարտադրման առաքելության» գործում այդ գերտերությունը չի խորշում գործածել և ոչ մի միջոց՝ միջազգային ճնշումներից մինչև պատժամիջոցներ, հատուկ ծառայությունների օպերացիաներից սկսած մինչև ռմբակոծում և պետությունների հիմնահատակ ավերում, փաստացի լայնածավալ պատերազմ. բացահայտ ռազմական ներխուժում ինքնիշխան պետության տարածք, տեղական իշխանության տապալում կամ ոչնչացում և այլն: 
Իրաք, Աֆղանստան, արաբական գարուն՝ Թունիս, Եգիպտոս, Յեմեն, Բահրեյն, Լիբիա, Սիրիա[1]...

Ահաբեկչությունը առաջ եկավ անհրաժեշտաբար, երբ պարզվեց, որ նույնիսկ մարդու իրավունքները, ազատական ու ժողորդավարական արժեքները, հանուն որոնց ծավալվել էր այդ «առաքելությունը» ընդամենը սին հասկացություններ են, դատարկ կատեգորիաներ, պատրվակ:
Իսկ ռազմական էքսպանսիայի իրական պատճառը արաբական աշխարհի կայունու-թյունը խաթարելն էր և Մերձավոր Արևելքի նավթային պաշարներին տիրապետելը: Այս անընդհատ փոքրացող և տեղեկատվությամբ լեցուն աշխարհում քաղաքականության իրական նպատակները որպես կանոն հայտնի են, կամ՝ արագ դառնում են այդպիսին:

...Եվ այդ խաչակիրների այդ արշավանքն ինչ էր. ասացին գնանք ազատենք Տիրոջ աճյունը, գնացին, հասան՝ այնքան պղպեղ ու համեմ կար, այնքան դարչին ու սամիթ կար... Շալակեցին դարչին ու պղպեղ, սամիթ ու ազատքեղ ու գնացին իրենց տները: Նրանց հարցրին. իսկ Տիրոջ աճյո՞ւնը. նրանք հարցրին. ի՞նչ Տիրոջ աճյուն. նրանց ասացին. դե Տեր Հիսուսի...- իսկ նրանք պղպեղով ճաշ էին ուտում, որ չլսված համեղ էր, և ժամանակ չունեին պատասխանելու պարապ հարցերի:
Հր. Մաթևոսյան, «Մեծամոր»

Ես բնավ չեմ արդարացնում ահաբեկչությունը, քավ լիցի: Դա չարիք է, որի դեմ պայքարել է պետք: Բայց փորձենք հասկանալ դրա ծագման պատճառը:
Ահաբեկչությունն առաջ եկավ հարկադրաբար, թույլ կողմի ձեռքին՝ որպես քաղաքական պայքարի ձև, որպես ընդվզում իրեն համաշխարհային ժանդարմ զգացող գերտերության ամենաթողությունների նկատմամբ, և՝ որպես բողոք մնացյալ աշխարհի լռելայն համաձայնության դեմ: Գոնե մենք՝ հայերս, պիտի նկատենք այս հանգամանքը:
Չէ որ ընդամենը տասնամյակներ առաջ մեր ազգային ողբերգության հետ կապված մենք ինքներս ենք բախվել եվրոպական «քաղաքակիրթ» տերությունների ցինիկ, երկդիմի ու ստորալուռ պահվածքին: Նրանց անթաքույց աջակցությանը ոճրագործ պետությանն ու նրա ղեկավարությանը: Եվ «վրիժառու», այլ ոչ՝ ահաբեկիչ ենք անվանում ԱՍԱԼԱ-յի մարտիկներին...

Ես չեմ արդարացնում ահաբեկչությունը: Նորից կրկնեմ: Դա չարիք է, որը խլում է անմեղ մարդկանց կյանքեր, ցավ ու վիշտ պատճառում հազարավորներին: Բայց հարկ է ըմբռնել այդ չարիքի պատճառը և պայքարել դրա' վերացման, այլ ոչ՝ հետևանքների դեմ: Գլխացավը գլխատումով չեն բուժում:
Նմանապես պարզամտություն է կարծել, թե ահաբերկչության պատճառը արմատական իսլամն է (ի դեպ նման գիտական եզր գոյություն չունի, այն հորինված է վերը նշված գերտերության կվազիգիտական շրջանակներում) և պետք է պայքարել դրա դեմ: Բնավ՝ ոչ: Վահաբիզմը, ջիհադականությունը, իսլամական ծայրահեղականության մյուս հոսանքները ընդամենն իրականացնում են արդեն ծրագրված (որոշված) վրիժառությանը (ահաբեկչությանը) «սպասարկելու» գործառույթ, այն է՝ ապահովում են այդ գործողության գաղափարախոսական-կրոնական հենքը, հիմնավորումը: Վերջապես, մահմեդական աշխարհում էլ սպանությունը սպանություն է, այն հանցանք է, եթե չի «հիմնավորվում» իրենց Սուրբ գրքի դրույթներով:

Տեսանի'ր արմատը:

суббота, 27 декабря 2014 г.

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՔԱՌՈՒՂԻՆԵՐՈՒՄ...

Citatum:                          Պատմության քառուղիներով մենք քայլել ենք երկար`
Անղեկ, ցաքուցրիվ, անգաղափար
...
Ե.Չարենց

Էպիլոգ.                  «Մի օր էս Հայաստանը գնում ա դեպի պայծառ ապագա (իմա` դեպի Եվրոպա), մեկ էլ... Գայիշնիկը կանգնեցնում ա... »
Աշոտ Ղազարյանի հին անեկդոտներից

Իսկ իրականում տեղի է ունեցել հետևյալը:
Աշխարհքաղաքական գործընթացները, իմա` Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների վատացումը (օբյեկտիվ, մեզանից անկախ) բերեցին, հանգեցրեցին մի իրավիճակի, երբ եկավ օրհասական պահը կայացնելու քաղաքական որոշում` Հայաստանը չդարձնել Ուկրաինա (այն ժամանակ դեռ նույնիսկ պարզ չէր Ուկրաինայի ներկայիս ճակատագիրը): Նախագահ Սարգսյանը կայացրեց այդ որոշումը:

"Մտածողը", Օգյուստ Ռոդեն
Սա է հանգուցային հարցը: Մնացած ամեն ինչը` ամեն "փաստարկ" քաղաքակրթական և արժեքային կողմնորոշումների, եվրոպական 500մլն-անոց գնողունակ շուկայի, մարդու իրավունքների և ժողովրդավարության – մի կողմից, և ռուսական անծայրածիր շուկայի, տնտեսական ծաղկման և բարգավաճման և այլն – մյուս կողմից, դրանք բոլորը դատարկ խոսակցություններ են, քաղաքական շահարկումներ, ինչ-ինչ ուժերի և մարդկանց համար ականջահաճո ձևակերպումներ, ոչ ավելին:

Որովհետև քաղաքակրթական կամ ժողովրդավարական արժեքները, մենաշնորհների վերացումը, ազատ մրցունակ տնտեսությունը կամ իրական շուկայական հարաբերությունները ասոցացման համաձայնագրեր ստորագրելով չեն հաստատվում: Օրենքի գերակայությունը, իրավական պետությունը ու անկախ դատարանները այս կամ այն միությանը միանալով չէ, որ կայանում է:

Դրանք համապատասխան քաղաքական ու հասարակական կամքի և վճռականության պարագայում երկրի ներքին զարգացման ու բարեփոխումների արգասիքներ են, մեր հանրության ու հասարակության ներքին մղումներով ու համոզմունքներով հաստատվող արդյունքներ են: Քաղաքակրթական արժեքները, առհասարակ, չեն ներմուծում, դրանք մշակութային կատեգորիաներ են, դրանք ՄՇԱԿՈՒՄ ԵՆ` տարիներով, տասնամյակներով, դարերով (եթե ցանկանում են, իհարկե)

Citatum:                          «Ուզո՞ւմ ես ապրել քաղաքակիրթ եվրոպական երկրում – վերելակում մի թքիր, մի հայհոյիր, օրենք մի խախտիր, կաշառք մի վերցրու… և դու ինքդ էլ չես նկատի, թե ինչպես կհայտնվես եվրոպական քաղաքակիրթ երկրում»:

Ասել է, թե` էական չէ, որ միության կամ դաշինքի մեջ ես գտնվում, էականը` ո՞վ ես դու, ի՞նչ քաղաքակրթական ու արժեքային կողմնորոշումներ ունես, ինչպիսի՞ հանրություն ու հասարակություն ես, ի՞նչ են քեզ համար մարդը, պետությունը, հասարակությունը և այլն:

Խորհրդային միությանը բռնակցումը և ավելի քան հիսուն տարվա համակեցությունը չխանգարեց մերձբալթյան հանրապետություններին մնալ իրապես եվրոպական, քաղաքակիրթ հասարակություններ:

Ի՞նչն է մեզ խանգարել անկախության այս քսան և ավելի տարիների ընթացքում կառուցել իրապես ժողորդավարական, իրավական պետություն, օրենքի գերակայությամբ ու անկախ դատական համակարգով, ազատ, մրցակցային տնտեսությամբ ու առանց մենաշնորհների: Երկիր, որտեղ մարդը և նրա իրավունքները իբրև բարձրագույն արժեք ոչ միայն հանդիսավոր հռչակված են, այլև` աներկբա կենսագործված: Արդյո՞ք խնդիրը մեր ներսում չէ…  

Ֆրանսիական լուսավորականության հսկաներից մեկը` Վոլտերը մի առիթով ասել է. «Ազատությունն այն չէ, ինչ քեզ տալիս են, ազատությունն այն է, ինչը չեն կարող քեզանից խլել»:

Այդպես է ցանկացած արժեքի պարագայում: Դու կամ դրա կրողն ես, կամ` ոչ: Համաձայնագիր ստորագրել-չստորագրելով այդ հարցը չի լուծվում:


Ես հակված եմ հարցը դիտարկել սոցիալ-հոգեբանական հարթության մեջ (Տես՝ «Պոստսովետիկուսի համախտանիշը» հոդվածը):

среда, 13 августа 2014 г.

ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՎ ԱՆՊԱՏԺԵԼԻ


Երեկ, օգոստոսի 12-ին «Հրապարակ» էլ.կայքը հրապարակել է տեղեկություն, համաձայն որի՝ «Մեր տեղեկություններով, այսօր ժ.18,00-ի կողմերը Վայոց ձորի Սերս գյուղում տագնապ են հայտարարել և տեղի զորամասի բոլոր պայմանագրային զինծառայողներին հանձնարարել են փնտրել տարածք ներթափանցած դիվերսանտներին»... Նյութը դիտվել է ավելի քան 6000 անգամ...

Ու հերթական անգամ ականատես ենք լինում իրեն «հայկական» կոչող լրատվամիջոցի ցուցաբերած անպատասխանատվության, տարածած հերթական ապատեղեկատվության ու հանրությանը, այս անգամ արդեն իրապես տագնապ հաղորդած լինելու հանգամանքին: Թե այդ ինչ "աղբյուրներ" են, որ զինում են սույն լրատվամիջոցը "իրենց տեղեկություններով", կարելի է փնտրել մեր հարևան երկրում միայն:

Նշված զանգվածային լրատվության միջոցը մեկ անգամ չէ, որ հանդես է գալիս "հավաստի" ապատեղեկատվությամբ: Հայտնի են նրա հրապարակումները Վայոց ձորի ներկայիս մարզպետի բազմակի պաշտոնանկությունների մասին: Այդ հրապարակումների՝ որպես կեղծիք պարզվելուն, բնականորեն պետք է հաջորդեր առնվազն նույն լրատվամիջոցի հրապարակային ներողությունը, իսկ առավելագույնը՝ այդ հրապարակումն անողի պաշտոնանկությունը, որպես հանրային պաշտոնյայի հեղինակությունն ու բարի համբավը արատավորելու դիտավորություն:
Մինչդեռ, զանգվածային կեղծիքը, ու մասնագիտական անպատասխանատվությունը շարունակում են մնալ մեր լրատվության դաշտում որպես բնականոն, ընթացիկ երևույթներ: Եվ եթե հանրային պաշտոնյայի պարագան կարելի է դիտարկել որպես մասնավոր դեպք, ապա վերջին հրապարակումը՝ իբր հայկական բնակավայր հնարավոր դիվերսանտների ներթափանցման մասին...., չի տեղավորվում ոչ մի ողջամիտ տրամաբանության տիրույթում:

Տարածել հակամարտության լարված այս պայմաններում նման տեղեկատվություն, նման վերտառությամբ, օրվա այդ ժամին (գիշերով)՝ շրջանցելով ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հավաստի աղբյուրները,..... այստեղ իրոք դիվերսիայի հոտ է գալիս, բայց, ցավոք, այս կողմից:

Ժամանակը չէ՞ արդյոք, նման երևույթների հանդեպ հանրային-հասարակական համարժեք վերաբերմունք ցուցաբերել: Նման ստահոտ ու չճշտված տեղեկատվություններ տարածողներին արժանացնել համապատասխան մասնագիտական ու մարդկային վերաբերմունքի: Ինչքա՞ն կարելի է հանդուրժել մեր իրականության մեջ արժեք ու մշակույթ ստեղծող ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ հանդեպ նման անպարկեշտ ու թափթփված վերաբերմունք: