суббота, 31 марта 2018 г.

ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՍՊԵԿՏՆԵՐԸ, կամ ՊՈՍՏՍՈՎԵՏԻԿՈՒՍԻ ՀԱՄԱԽՏԱՆԻՇԻ ՃԻՐԱՆՆԵՐՈՒՄ (քաղաքական էսսե) Մաս-2


Մաս 2: Սովետական մարդու ընդհանուր բնութագիրը

Եվ այսպես, փաստենք, որ հետխորհրդային շրջանում քաղաքական և տնտեսական բարեփոխումները՝ դեմոկրատիզացիան և մարկետիզացիան չուղեկցվեցին հասարակության մշակութային վերափոխմամբ: Տեղի չունեցավ նոր արժեքների, նոր արժեհամակարգի վրա հիմնված վարքաբանական մոդելների ստեղծում և ներդրում: Հասարակությունը շարունակեց «կրել և կենսագործել» հին, Սովետից ժառանգած հանրային-հասարակական հարաբերությունները կարգավորող սոցիալ-մշակութային մոդելները և վարքաբանությունը: Իսկ որո՞նք էին դրանք: 

Որպեսզի պատասխանենք այս հարցին, փորձենք տալ «միջին վիճակագրական» սովետական մարդու (քաղաքացու) ընդհանուր բնութագիրը:
ü  Ինչպիսի՞ն է նա, իր առօրյան և կենցաղը
ü  Ինչպե՞ս է պատկերացնում նա իր կյանքը, իր աշխատանքը, հարաբերությունները ղեկավարության և կոլեգաների հետ,
ü  Իր հարաբերությունները այլ մարդկանց, ընկերների, հարևանների, բարեկամների հետ
ü  Իր հարաբերությունները պետության, պետական չինովնիկի, միլիցիոների, դասախազի, դատավորի ու քննիչի հետ
ü  Իր հարաբերությունները դպրոցի, հիվանդանոցի, առևտրի կետի հետ և այլն:

Եթե փորձենք խմբավորել հարաբերությունների ու փոխհարաբերությունների այս գունապնակը, կարելի է այս ամենը տեղավորել երեք խմբի մեջ՝
1.     Մարդ – մարդ,
2.    Մարդ – հասարակություն,
3.    Մարդ – պետություն:

Հարաբերությունների 3-րդ խումբն ամենակարևորն է հասարակության որպիսիության տեսանկյունից: Այն բնորոշում է մարդու (քաղաքացու) և պետության փոխհարաբերությունները բոլոր մակարդակներում:

Միանգամից փաստենք, որ «մարդ-պետություն» հարաբերությունների դիտանկյունից «միջին ստատիստիկական սովետական» մարդը հակապետական էր:

Այստեղ հարկ է պարզաբանել մի նրբություն: Մշտապես երկակի իրականության (դուալիզմ) մեջ ապրող սովետական մարդը ֆորմալ առումով «ճիշտ» սովետական քաղաքացի էր, ով Կոմկուսի անդամ էր, պարտաճանաչ մասնակցում էր պարտժողովներին, պլենումներին, ճառեր էր լսում, ծափահարում, գովում սովետական իշխանություններին նրանց վարած ճիշտ և պրոգրեսիվ քաղաքականության համար:

Իրական կյանքում, սակայն, այդ մարդը (շարքային բանվորից մինչև ռայկոմի քարտուղար) իր խոհանոցում, կամ մերձավորների շրջապատում իշխանությանն ու պետությանը մշտապես հայհոյող, պետությանն ու նրա որևէ ներկայացուցչին (միլիցիոներ, դատավոր, դատախազ, պետական չինովնիկ կամ խիստ կուսակցական) ծայրահեղ չվստահող ու նրա հետ շփումից խուսափող, պետությունից առաջին իսկ հնարավորության դեպքում գողացող, օրենքը չսիրող ու օրենքը շրջանցող անհատ էր:
Այս ամենը առավել «հմուտ ու ճարպիկ» անողները հասարակության մեջ իրական դիրք ու հեղինակություն ունեին, նրանք էին «հարց լուծում» հասարակական առօրյա հարաբերություններում:

Գողանալը պետությունից, կամ որ նույնն է «հանրային սեփականությունից» (ինչը որպես անձնական օգտագործման միջոց մասնավոր չէր՝ հանրային էր) այնքան լայն տարածում գտած և համընդհանուր «վարքագծի նորմ» դարձած երևույթ էր, որ գոյություն ուներ հատուկ դրա դեմ պայքարի մարմին՝ ОБХСС - Отдел по борьбе с хищениями социалистической собственности[1]


Այսինքն, մենք գործ ունենք հանրությունից գողանալու երևույթի (տվյալ դեպքում՝ դրա դեմ պայքարի մարմնի ստեղծման) ինստիտուցիոնալացման հետ, երբ հանցագործության որևէ առանձին տեսակի համար համակարգում ստեղծվում է առանձին մասնագիտացված մեծ կառույց: Սա, անշուշտ, հետաքրքիր ֆենոմեն է պետության իրավական համակարգում և իրավական մշակույթի տեսանկյունից, առհասարակ:

Սովետական շարքային քաղաքացու վարքի այս մոդելն, իհարկե, իր հիմքերն ու իր բացատրությունն ունի: Մարդը «չարիքի կայսրություն» կոչվող պետության մեջ «հակապետական էր» շատ պարզ և հասկանալի պատճառով. պետությունն իր ողջ էությամբ և գործունեությամբ հակամարդկային էր (ապամարդկային):

Եթե դուրս գանք սովետական լոզունգների վեհ ձևակերպումներից, համագումարների, պլենումների ու պարտժողովների ժամանակ հնչող երկար ու բոցաշունչ ճառերի բարձրագոչ բովանդակությունից (սովետական երջանիկ մարդու, ամեն ինչով ապահովված քաղաքացու, դեպի պայծառ ապագա հաղթական քայլող կոմսոմոլի և այլն) և գանք իրականություն, ապա կայսրության բոլոր ժամանակաշրջանների համար պետք է փաստենք պետության կողմից աքսորներում ու ճամբարներում հալածվող, Հայրենական պատերազմում հաճախ որպես «թնդանոթի միս» (ցավալիորեն) գործածվող, գյուղերում սովխոզներում ու կոլխոզներում անխնա շահագործվող, քաղաքներում մշտապես աշխատող ու չարչարվող, բայց այդպես էլ բարեկեցություն չտեսած սովետական մարդու գոյությունը (ցանկը կարելի է անվերջ շարունակել): 

Նույնիսկ արդեն պետության «կայացած» տարիներին՝ 1970-80-ականներին, շատ թե քիչ նորմալ կյանք ու կենսապայմաններ ունենալու համար սովետական մարդը պիտի «կողմնակի» (անաշխատ) եկամուտ ունենար, մշտապես կաշառք տար ու վերցներ, ունենար ծանոթներ տարբեր խանութներում, որ կարողանար բան «ճարել», ծանոթներ պետական հիմնարկներում, որ կարողանար օրենքի սահմաններում «հարց լուծել», ծանոթներ հիվանդանոցում, որ կարողանար (էլի կաշառքով-բանով) իր առողջական խնդիրները հոգալ, վերջապես՝ ծանոթներ իրավապահ մարմիններում, որ այդ «ծանոթությունների» համար չբռնեին և այլն:

Պետությունն իր կառավարման առանձնահատկությամբ ստեղծել էր մի համակարգ, որտեղ մարդը «ոչինչ չարժեր» և միջոց էր ծառայում ավելի «բարձր» խնդիրների ու ավելի վեհ հռչակված գաղափարների սպասարկման համար: Կյանքն ու հասարակական հարաբերությունները Սովետում կարգավորվում էին ոչ թե օրենքներով ու իրավական համակարգով, այլ ոչ ֆորմալ ինստիտուտների մի ամբողջ ահռելի համակարգով, որտեղ մարդը ծայրաստիճան անպաշտպան էր պետության ու պետական համակարգի դեմ:

Հարկ է ընդգծել, որ հարցերի նման՝ դետալավորված և խորացված դիտարկումը պատահական չէ: Սրանք բոլորը հանրության արժեքային մոտեցումներից բխող կոնկրետ վարքաբանական մոդելներ են պետության և հասարակության հետ քաղաքացու հարաբերվելու որոշակի կաղապարներ, կենսադիրքորոշում, որը մեր հետ սովետական իրականությունից տեղափոխվել է այժմէական իրականություն և շարունակվում է լայնորեն «գործածվել»:


Մաս 3: «Անաշխատ» եկամտի ասպետները

Citatum:                                         -  Աշխատավարձդ ինչքա՞ն ա, տղա ջան.
-       Հարյուր վաթսուն ռուբլի…
-       Հա՜, աշտոժ…, բա դու կողմնակի եկամուտ-բան չունե՞ս…
«Երջանկության մեխանիկա», Հայֆիլմ, 1982 թ.

Կողմնակի կամ «անաշխատ» եկամուտը (հիրավի՝ զարմանահրաշ բառակապակցություն!) ուշ խորհրդային, լճացման շրջանի սոցիալ-տնտեսական հարաբերությունների կարևոր ու անբաժան մասն էր, խորհրդային «արժանապատիվ» քաղաքացու վերջնականապես «կայացած» լինելու հանգրվանը: Սա յուրօրինակ ցուցիչ էր ճարպկության, հաջողակ և «ձեռներեց» հանդես գալու, հասարակության մեջ որոշակի դիրք ունենալու, հարգանք ու հեղինակություն վայելելու համատեքստում:

Ապրել միայն աշխատավարձով… մի տեսակ անհարմար էր՝ բառի թե բուն, թե փոխաբերական իմաստներով: Համատարած կաշառքի, մաղարիչների, «լավությունների» ներքո գործող սոցիալական հարաբերությունների միջավայրում շարքային քաղաքացին առանց եկամտի հավելյալ աղբյուրների չէր կարողանում լուծել իր խնդիրները, արդյունավետ հարաբերվել պետական և հասարակական կառույցների, մարդկանց հետ:

Այդ հավելյալ եկամուտը «գոյանում էր» շատ տարբեր աղբյուրներից, ով՝ ինչպես կարողանում էր: Շինարարը «ավել» շինանյութ էր ծախում, գործարանի բանվորը նույն գործարանից մասեր էր «տուն տանում», բժիշկն ու դեղատան աշխատողը միշտ իրենց մոտ «չճարվող» դեղեր ունեին և այլն: Կարճ ասած՝ գողանում էին: Գողանում էին բոլորը, շուկայի տնօրենն ու արտադրամասի պետը, խանութպանն ու վարիչը, բրիգադիրն ու սովխոզի նախագահը… Գողանում էին պետութունից, այն՝ ինչը հնարավոր էր, ինչը պատշաճ չէր վերահսկվում: Այդպիսին էր համակարգը:

Լինել պահեստապետ, կամ առավել ևս «քաղաքային տորգի պետ»[2] շարքային սովետական քաղաքացու երազանքն էր: Դա ուղիղ ճանապարհ էր դեպի իրական բարեկեցություն, մեծ շրջապատ ու լայն հնարավորություններ: Դա արդյունավետ միջոց էր «ընկերանալ» տեղի պարտիական (կուսակցական) և պետական վերնախավի հետ, միլպետի (տեղի ոստիկանության բաժանմունքի պետ) ու դատախազի հետ, միշտ պահանջարկված լինել, միշտ «պետքական մարդ» լինել ընկերական ու բարեկամական շրջապատում:

Այս ամենի պարադոքսն այն է, որ տարիների ու տասնամյակների ընթացքում այս համակարգը և հարաբերությունների այս մշակույթը այնքան «յուրացվեց» հանրության կողմից, այնքան արմատացավ, որ դարձավ սովորական, բնականոն երևույթ: Այն ըստ էության, ինստիտուցիոնալացվեց, դարձավ հասարակական հարաբերությունների յուրօրինակ կարգավորիչ: Եվ քանի որ «համակարգի» մեջ էին և մաս էին բոլորը՝ շարքային բանվորից մինչև ռայկոմի (շրջանային կոմիտե) քարտուղար, պետական վերահսկող և իրավապահ մարմինները «աչք էին փակում» այս ամենի վրա, կար «լուռ թողտվություն», ստեղծված հարաբերությունների առնչությամբ ձեռք էր բերված համընդհանուր «կոնսենսուս»:

Հասարակական հարաբերությունների արդեն ձևավորված այս մշակույթը չէր կարող էական փոփոխություններ կրել հետխորհրդային ժամանակաշրջանում:

Citatum:                          - Մենակ աշխատավարձով ե՞ս, ո՞նց, բա կողքից բիզնես-բան… (էստեղ հանգուցային բառը՝ «կողքիցն» է)

Հետխորհրդային մարդու համար աշխատավարձը չի կարող լինել արժանապատիվ, իր սոցիալական կարիքները բավարարող: Չի կարող ի սկզբանե, հենց սահմանմամբ, չի կարող, և՝ վերջ: Նա չի կարող զբաղվել մեկ աշխատանքով, կենտրոնանալ դրա վրա, զարգացնել այն, նվիրվել գործին, սիրել այն: Նա պարտադիր պիտի ունենա եկամտի հավելյալ աղբյուր, արդի ժամանակներում՝ բիզնես: Եվ նա այդ բիզնեսը պետք է «կպցնի», ինչպես և՝ փողը:

Ընդհանրապես, հետխորհրդային մարդու որոշակի տեսակի մոտ փող աշխատելը դա «փող կպցնելն է», դա առանց էական ջանքերի (ֆիզիկական, թե՝ մտավոր) ֆինանսական կարողությունների տիրանալն է, տիրապետելը: Ըստ որում, էական չէ՝ ինչ ճանապարհով, օրինական, թե՝ ապօրինի, բարոյական թե՝ անբարո: Սա է ձեռնարկատիրության և բիզնեսի նրա ընկալումը, ինչպես խորհրդային ցեխավիկի մոտ էր:

Հետխորհդային իրականության մեջ, այդ թվում և Հայաստանում, մեծ տարածում գտան և բառացիորեն «ծաղկեցին» զանազան շահումով խաղերը, «լոտոները» և վիճակախաղերը: Առանց նախնական ֆինանսական և մտավոր ներդրում ունենալու՝ հարստանալը սովետական և հետսովետական քաղաքացու հավատամքն է, նրա կենսափիլիսոփայությունը: Իհարկե նաև՝ երազանքը, նրա թաքուն իղձը:
«Օդից փող». մերօրյա հայտնի վիճակախաղի մեծ մասայականությունն ու հնչեղությունը զարմանալիորեն դիպուկ և ճշգրիտ բնորոշում է այն արժեքամշակութային տարածությունը, որում ապրում ենք այժմ:

(շարունակելի)

հրապարակվել է «Առավոտ» օրաթերթում 
https://www.aravot.am/2018/03/31/946080/


[1]  հայերեն՝ Սոցիալիստական սեփականության հափշտակումների դեմ պայքարի բաժին՝ պետական առևտրի կազմակերպություններում և հաստատություններում, սպառողական, արդյունաբե­րա­կան և անհատական կոոպերացիաներում, խնայբանկերում և այլն

[2] Горпромторг – городской отдел торговли промышленными товарами

суббота, 24 марта 2018 г.

ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՍՊԵԿՏՆԵՐԸ, կամ ՊՈՍՏՍՈՎԵՏԻԿՈՒՍԻ ՀԱՄԱԽՏԱՆԻՇԻ ՃԻՐԱՆՆԵՐՈՒՄ (քաղաքական էսսե)


Ինչո՞վ է կարևոր և արդիական «հետխորհրդայինի» թեման

(մեթոդաբանական հարցեր)

Ներկայումս մենք ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ առկա են հանրային-հասարակական բազմաթիվ խնդիրներ՝ աղքատություն, արտագաղթ, հակաօրինականություն, կոռուպցիա, տնտեսական և քաղաքական մենաշնորհներ, խնդիրներ ընտրական համակարգի, դատական համակարգի անկախության, իրավապահ մարմինների գործունեության հետ, հանրային վստահության պակաս, և այլն:

Որպես մարդ, որպես քաղաքացի, մեզ, բնականաբար, հուզում և մտահոգում են այդ խնդիրները: Մտահոգում առաջին հերթին այն պատճառով, որ կյանքը այսպիսի միջավայրում խիստ անհարմարավետ է շարքային օրինապահ քաղաքացու համար:  Մտահոգում, քանի որ պարկեշտ մարդու համար դժվար է կապել իր և իր երեխաների ապագան նման կենսամիջավայրի հետ: Վերջապես մտահոգում, որովհետև այդ խնդիրները էական խոչընդոտ են մեր պետության դինակիկ զարգացման, արդիականացման, ժամանակակից քաղաքակիրթ հասարակության կառուցման համար:

Միևնույն ժամանակ՝ որպես մտավորական և հետազոտող, մենք փորձում ենք հասկանալ այդ խնդիրների որպիսիությունը, դրանց ծագումը, պատմական և գենետիկ կապը ու պայմանավորություն­ները, կարճ ասած՝ տալ այդ խնդիրների ախտորոշումը, որը հնարավոր կդարձնի դրանք արդյունավետ լուծումը:

Այս հարցերի շուրջ տևական դիտարկումները, ուսումնասիրությունները տեսական և կիրառական մակարդակներում հանգեցրեցին մի հետևության, որ այդ խնդիրները, կամ դրանց զգալի մասը իրենց բնույթով արժեքային և մշակութաբանական են (կամ՝ սոցիալ-մշակութային), պայմանավորված են հասարակության մեջ գոյություն ունեցող և կիրառվող հարաբերականորեն կայուն վարքաբանական մոդելներով և ըստ էության «ժառանգված են» մեր ոչ վաղ անցյալից՝ խորհրդային հասարակարգից:

Առաջարկելով խնդրո առարկայի վերաբերյալ որոշակի մոտեցումներ, չեմ բացառում այլ տեսակետների ու կարծիքների գոյություն: Ավելին, հրավիրում եմ այս թեմայով հանրային լայն քննարկման, որը պիտի լինի անաչառ, ռացիոնալ, զերծ հուզականությունից, տարբեր կաղապարներից, «կլիշեներից» ու դոգմատիկ դրույթներից:

Ինչո՞ւ է կարևոր այս թեմայով հանրային դիսկուրսը:

Նախ՝ վերը նշված պատճառներով. այն աներկբա իրողությամբ, որ բոլորս (մեր հասարակության գերակշիռ մասը) «ծնունդով» Խորհրդային Միությունից ենք, կրում ենք մեր մեջ այդ երկրի արժեքամշակութային տարրեր և «ինքնավերլուծության» կարիք ունենք:

Երկրորդ, հարկ է փաստել, որ նշված թեմայով հանրայի դիսկուրսը մեր իրականության մեջ խիստ բևեռացված է՝ բացարձակ «ընդունումից» մինչև բացարձակ մերժողականություն: Կա ավագ սերունդ (որոշ բացառություններով), որը, վկայակոչելով խորհրդային ժամանակաշրջանի (գիտություն, կրթություն, արդյունաբերություն, քաղաքաշինություն, գյուղատնտեսություն, արվեստ և այլն) նվաճումները բնութագրում է այն բացարձակ դրական երանգով, և երիտասարդ սերունդ, որը ձևավորվել է այլ արժեքային դաշտում, ունի իրավունքների, ազատությունների և ժողովրդավարական հարաբերությունների այլ ընկալում և կենսադիրքորոշում: Այս սերունդը, բնականաբար, միարժեքորեն մերժում է «խորհրդային ամեն ինչը»:

Այս բևեռացումը ահագնանում է վերջին տասնամյակում մեր մերձավոր հարևան երկրում՝ Ռուսաստանում տեղի ունեցող հասարակական-քաղաքական գործընթացներով, որը հակիրճ կարելի է բնութագրել որպես նահանջ ժողովրդավարությունից դեպի ավտորիտար համակարգ, կամ «վերադարձ խորհրդային ժամանակներին»: Ահագնանում է այն պատճառով, որ մեր հասարակությունը իր թե քաղաքական-իշխանական, թե հանրային-հասարակական կապերով սերտորեն կապված է այդ երկրի հետ, լակմուսի պես զգում է և կրում է այնտեղ տեղի ունեցով գործընթաքցների ազդեցությունը:

Մինչդեռ, մեզ անհրաժեշտ է օբյեկտիվ դիսկուրս, վերլուծող ու «արմատը տեսանող» զերծ հուզականությունից ու կաղապարներից, միտված «ինքնաճանաչման» և մեր մեջ եղած խնդիրների բացահայտման:

Ահա՝ թե ինչու է անհրաժեշտ քննարկումը:

Մի վերապահում անեմ: Ներկայացված նյութում առկա պնդումները գիտական առումով և ակադեմիական մեթոդաբանության տեսանկյունից կարող են խոցելի թվալ, քանի որ օգտագործված չէ թեմատիկ գրականություն, չկան հղումներ կոնկրետ հեղինակներին կամ աշխատություններին: Դատողությունները և եզրահանգումները, որոնք ներկայացված են, վերցված չեն կոնկրետ գիտական աշխատություններից, թեև հետխորհրդային իրականության սոցիալ-մշակութային ասպեկտներին անդրադարձեր արվել են մեկ տասնյակից ավելի ռուս և արևմտյան հեղինակ-գիտնականների կողմից (կարելի է թվարկել): Այնուհանդերձ, թեմայում հնչեցված մտքերն ու արված դատողությունները ներկայացված են գիտականորեն ընդունված և ապացուցված գործընթացների ներքո, արդի քաղաքական գիտությունների, սոցիոլոգիայի, մշակութաբանության և հասարակագիտական այլ գիտակարգերի բազային հասկացությունների միջոցով (գիտական ապարատի առկայություն):

****

Մաս 1: Մշակութային տրանսֆորմացիան որպես տրանզիտի («անցման») կարևորագույն բաղադրիչ

Եվ այսպես՝ ԽՍՀՄ-ը փլուզվեց: Ի՞նչ տեղի ունեցավ:

Փլուզվեց ավտորիտար (տոտալիտար) քաղաքական համակարգը, փլուզվեց վարչահրամայական, պլանային տնտեսական համակարգը, փլուզվեց խորհրդային գաղափարախոսության ամբողջ կառույցը:

Հայաստանը, ի թիվս հետխորհրդային այլ երկրների սկսեց կերտել նոր մոդելի, նոր կառուցվածքի պետություն: Սկսվեց նոր հասարակարգի կառուցումը:

Պետք է փաստել, որ այդ նոր հասարակարգի կառուցումը ընթացավ երկու հիմնական ուղղություններով, երկու բազիսային վեկտորներով.
ա) քաղաքական համակարգի վերափոխում (տրանսֆորմացիա), կամ ժողովրդավարացում – դեմոկրատիզացիա,
բ) տնտեսական համակարգի վերափոխում (տրանսֆորմացիա), կամ ազատ շուկայական հարաբերությունների հաստատում – մարկետիզացիա:

Էստեղ մի կարևոր նկատառում անենք: Խորհրդային իդեոլոգիայի փլուզմանը և համընդհանուր մերժմանը չհաջորդեց որևէ այլ (տվյալ դեպքում՝ ազգային) գաղափարախոսության «առաջ քաշում» և ներդրում հանրային կյանք: Տեղի չունեցավ ընթացող «վերափոխման» գործընթացների գաղափարախոսական բազիսի ստեղծում[1]: Հանրապետության առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը իր բարձունքից ազգային գաղափարախոսությունը անվանեց միֆ (քաղաքական կեղծ կատեգորիա) և մերժեց: Ինչպես կտեսնենք, այս հանգամանքը հասարակության հետագա տրանսֆորմացիոն գործընթացներում չափազանց վատ հետևանքներ պիտի ունենա դրանց «բովանդակության» վրա:

Ցավոք, դեմոկրատիզացիան և մարկետիզացիան չուղեկցվեցին մշակութային տրանսֆորմացիայով՝ հասարակական-քաղաքական հարաբերությունների նոր մշակույթի ներդրմամբ, ինչը կենթադրեր մարդ-մարդ, մարդ-պետություն, մարդ-հասարակություն հարաբերությունների որակապես նոր, ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում ընդունված արժեքային կողմնորոշիչներ, վարքաբանական մոդելներ և կենսադիրքորոշում: Արդյունքում՝ հասարակությունը շարունակեց «կրել և կենսագործել» հին, Սովետից ժառանված մշակութաբանական մոդելները և վարքաբանությունը:


Էստեղ մի փոքր կանգ առնենք՝ հասկանալու հասարակական տրանսֆորմացիաների օրինաչափություններն ու առանձնահատկությունները: 

Երբ մենք խոսում ենք տրանսֆորմացիայի (տրանզիտ, անցում) մասին, մենք հաճախ գործածում ենք ռեֆորմ կամ բարեփոխում բառը: Ի՞նչ է ռեֆորմը: Ռեֆորմը (լատ. Reform, re-forma) ձևի, ֆորմայի փոփոխությունն է: Ասենք, մենք ունենք միակուսակցական պետություն (Խորհրդային Միությունը), որտեղ Կոմունիստական կուսակցությունը, Սահմանադրությամբ ամրագրված էր որպես «սովետական հասարակության ղեկավար և ուղղորդող ուժ» (ՍՍՀՄ 1977թ. Սահմանադրություն): Դեմոկրատիզացիայի հետևանքով մենք ունենք նոր իրավիճակ, որտեղ Սահմանդրությամբ ամրագրված է «գաղափարախոսական բազմակարծությունը և բազմակուսակցությունը»: Սրանք ֆորմալ փոփոխություններ են, ձևի փոփոխություն՝ ռեֆորմ:

Իրականում այս ֆորման պիտի ստանա բովանդակություն, «միս ու արյուն», որպեսզի արդյունավետ գործի: Այլ կերպ ասած՝ քաղաքականության սուբյեկտների, քաղաքական գործիչների ներքին համոզմունքը, կենսադիրքորոշումը, քաղաքական-իրավական մշակույթը պետք է համապատասխանի այդ նոր ֆորմայի ոգուն և տրամաբանությանը, որպեսզի քաղաքական այդ նոր ինստիտուտը իրապես կայանա և արդյունավետ գործի: Եթե քաղաքակության սուբյեկտները բազմակուսակցական սահմանադրական իրողություններում շարունակեն մտածել և գործել միակուսակցականության պարադիգմի և մտայնության մեջ, զերծ լինեն քաղաքական բազմակարծության մշակույթից, ոչ մի իրավական ամրագրում չի փոխի իրավիճակը: Այսինքն, պետք է տեղի ունենա մշակութային տրանսֆորմացիա:

Ռուս պետական և քաղաքական գործիչ, ՌԴ նախկին վարչապետ Վիկտոր Չերնոմիրդինը Ռուսաստանում դեմոկրատիզացիայի գործընթացները մեկնարկելուց մեկուկես տասնամյակ հետո ասում էր. «Ինչ կազմակերպություն ստեղծում ենք, ԽՄԿԿ է ստացվում[2]»:

Գաղափարախոսության նշանակությունը հանրային կյանքի կազմակերպման մեջ, ընդհանրապես և անցումային (տրանզիտ) հասարակություններում, հատկապես, մի առանձին մեծ քննարկման թեմա է: Հանրային-հասարակական վերափոխումների (հեղափոխություններ, հեղաշրջումներ, հասարակարգային փոփոխություններ, նոր պետության կառուցում, տրանզիտներ, տրանսֆորմացիաներ) շրջանում գաղափարախոսությունները վիթխարի դեր ու նշանակություն են ունեցել այդ տրանսֆորմացիաները բովանդակությամբ լցնելու, լեգիտիմացնելու, դրանց կենսունակությունն ապահովելու գործում:

Սրա պատմական օրինակները բազմաթիվ են. Իսրայել պետության ստեղծման ժամանակ դա սիոնիզմի գաղափարախոսությունն էր, Ռուսաստանում տեղի ունեցած սոցիալիստական հեղափոխության պարագայում՝ պրոլետարիատի և Մարքսիզմ-Լենինիզմի, «չինական հրաշքը» բովանդակությամբ էր լցվում կոնֆուցիականության փիլիսոփայությամբ, սինգապուրյան հրաշքի հիմքում Լի Կուան Յուի գաղափարական դոգմաներն էին (պոստուլատներ) և այլն:

Եվ հակառակը: Գաղափարախոսության բացակայությունը բերում է տրանզիտի «բովանդակային» ձախողման, որի պարագայում մենք ունենք «ֆորմայի» փոփոխություն, բայց «բովանդակության» հին վարքաբանական մոդելներ: Տրանզիտի «բովանդակային» ձախողման հետևանքներից մեկը ըստ էության՝ սպառողական հասարակության ձևավորումն է (ինչի ականատեսն ենք):

Եվ այսպես, փաստենք, որ քաղաքական և տնտեսական տրանսֆորմացիաները (բարեփոխումները)՝ դեմոկրատիզացիան և մարկետիզացիան չուղեկցվեցին հասարակության մշակութային (սոցիալ-մշակութային) տրանսֆորմացիայով: Տեղի չունեցավ նոր արժեքների, նոր արժեհամակարգի վրա հիմնված վարքաբանական մոդելների ստեղծում և ներդրում: Հասարակությունը շարունակեց «կրել և կենսագործել» հին, Սովետից ժառանգած հանրային-հասարակական հարաբերությունները կարգավորող սոցիալ-մշակութային մոդելները և վարքաբանությունը: Իսկ որո՞նք էին դրանք:

(շարունակելի)

հրապարակվել է «Առավոտ» օրաթերթում 
https://www.aravot.am/2018/03/26/945103/


[1] ղարաբաղյան շարժումը, անկախությունը, ինքնորոշումը, իսկ այնուհետ՝ արցախյան ազգային-ազատագրական պայքարը տվյալ դեպքում կարելի է դիտարկել որպես «հեղափոխական», անցումային իդեոլոգիայի տարրեր, որոնք հետագա պետության կայացման երկարատև գործընթացներում չեն կարող հանդիսանալ հասարակության և ազգային պետության համար որպես գաղափարախոսական կայուն հենք:

[2] Խորհրդային Միության կոմունիստական կուսակցություն