Էպիլոգ. Մի ուրվական
է շրջում հայ քաղաքական դաշտում. Քոչարյանի վերադարձի ուրվականը...
Citatum: Էս աշխարհում ամեն մի բան
ունի իրեն
մի պատճառ,
Էս պատճառն էլ` ուրիշ պատճառ,
էսպես
անվերջ, անդադար,
Մինչև
պատճառն սկզբնական...
Յովհ.Թումանյան, «Հազարան բըլբուլ» պոեմ
Հասարակությունը կառուցվում է արժեքների վրա: Արժեքն է ամեն ինչի հիմքը,
ակունքը: Այս դրույթը որքան աֆորիստիկ, նույնքան` ունիվերսալ ու կիրառական է, այն առանց
բացառության տարածվում է ամենքի և ամենի վրա (на все и вся – ռուսերենում դիպուկ է):
Արժեքներն են պայմանավորում հասարակական հարաբերությունների
որպիսիությունը, բովանդակություն հաղորդում դրանց, իմաստավորում: Արժեքներն են առաջ
բերում անհատների գործողությունների և գործունեության մոտիվացումը, նպատակամղումը և
այլն:
Սա լավ են գիտակցում մոլորակիս «ուժեղները»
և որևէ երկրում, կամ հասարակությունում որևէ գործընթաց, որևէ «տեղաշարժ» նախաձեռնելիս,
սկզբում «տեղաշարժում են» այդ հասարակության Արժեքները: Օր. մահմեդական աշխարհում բացարձակ
արժեք է խաղաղությունը: Խաթարիր այնտեղ
խաղաղությունը և դու կքայքայես այդ հանրությունը և այլն:
Վերջերս ավելի են հաճախացել ՀՀ երկրորդ նախագահ
Ռոբերտ Քոչարյանի` քաղաքականություն վերադարձի մասին խոսակցությունները:
Այս ամենի համատեքստում ավելորդ չէր լինի պատմական
մի փոքր էքսկուրս մեր բոլորիս ոչ վաղ անցյալ` վերլուծության ենթարկելու քոչարյանական
կառավարման առանձնահատկությունները, հասկանալու ներկայիս քաղաքական ու հասարակական
հարաբերությունների մշակույթը, ձևն ու բովանդակությունը:
1998թ. Տեր-Պետրոսյանի հրաժարականին հաջորդած
քաղաքական վերադասավորումների արդյունքում Քոչարյանը ակամա դարձավ ՀՀ նախագահ: Նա Մեծ
քաղաքականություն չեկավ «լայն զանգվածների միջոցով» որպես խարիզմատիկ լիդեր, որպես
հզոր գաղափարախոս կամ որպես հռետոր: Նրան բերեցին իրավիճակային, անգլիական թագուհու
կարգավիճակով, կամ ինչպես ինքն էր ասում «դիտորդի» կարգավիճակով: Բայց... «Շահին մորթում
են, կամ Շահն է մորթում...» (Ֆիրդուսի):
2000թ. կեսերից Նախագահն այլևս դիտորդ չէր,
սկսվեց հայ քաղաքական դաշտի հետևողական տարրալուծումը և ոչնչացումը:
Պառակտվեցին ԱԺՄ-ն ու ՍԻՄ-ը, քաղաքականապես
ոչնչացվեց ՀՀՇ-ն, խժդժություններ հրահրվեցին Երկրապահում, պալատական խամաճիկների վերածվեցին
ԱԻՄ-ը, Ազգային միաբանությունը, տասնյակի հասնող քաղաքական-հասարակական գործիչներ,
մտավորա-կաններ, արվեստագետներ:
Քաղաքական պայքարի գաղափարական ու գաղափարախոսական
ձևերին եկան փոխարինելու խարդավանքն ու խառնակչությունը, խելքը փոխարինվեց խորամանկությամբ,
ձեռներեցությունը` ձեռնածությամբ (ճարպկությամբ), իրավունքը` զոռբայությամբ, փողն ու
իշխանությունը դարձան բացարձակ արժեքներ: Ուժային կառույցները վերածվեցին քաղաքական
ու հասարակական այլակարծությունը հետապնդող ու պատժող գործիքների, մամուլը դարձավ գրպանային:
Քաղաքական մշակույթ և հասարակական հարաբերություններ խուժեցին քրեական մտածողությունը,
բարքերն ու հասկացությունները (по понятиям!):
«Իմ
կուսակցությունը` ժողովուրդն է»,- ասում էր «միակ տղամարդը»: Ի նկատի ուներ ժողովրդի
միփոքր մասը, երևի՝ «լավագույն» մասը, որովհետև` արտոնյալ մասը, հաստ վզերով, տարրական
կրթությամբ ու քրեական մտածողությամբ, որին պետական մակարդակով թույլ էր տրված բյուջեից
թալանել միլիարդավոր դրամներ, չմուծել հարկեր, խլել ուրիշի բիզնեսը, «կռիշ կայնել ու
փայ մտնել», «հաբռգել» անսահմանափակ:
Քոչարյանի կառավարման օրոք պարարտ հողում հայտնվեց,
ծլեց, ծաղկեց ու բարգավաճեց մի խավ, որին այնուհետ պիտի կոչեին հանրության մեջ լայն
տարածում գտած քաղաքագիտական հասկացությամբ` օլիգարխ:
Այդ խավն այնուհետ պիտի դառնար իշխանության
«հասարակական հենարանը», նրա երաշխավորը և վերարտադրողը` որպես սեփական ապահովության,
կայունության և անվտանգության գրավական:
Էպիլոգ: Լոռվա մի գյուղի
դպրոցում Սովետի ժամանակ...
Ուսուցիչն՝ աշակերտին
«Լորդի թուլա, ամբողջ սովխոզի կարտոլը կրել-լցրել
եք ձեր պադվալները,
կրիշին էլ գրել «Миру-мир!»
Комментариев нет:
Отправить комментарий