среда, 26 марта 2014 г.

ՔՈՉԱՐՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ

Էպիլոգ.        Մի ուրվական է շրջում հայ քաղաքական դաշտում. Քոչարյանի վերադարձի ուրվականը...


Citatum:                                    Էս աշխարհում ամեն մի բան
ունի իրեն մի պատճառ,
Էս պատճառն էլ` ուրիշ պատճառ, 
էսպես անվերջ, անդադար,
Մինչև պատճառն սկզբնական...
Յովհ.Թումանյան, «Հազարան բըլբուլ» պոեմ

Հասարակությունը կառուցվում է արժեքների վրա: Արժեքն է ամեն ինչի հիմքը, ակունքը: Այս դրույթը որքան աֆորիստիկ, նույնքան` ունիվերսալ ու կիրառական է, այն առանց բացառության տարածվում է ամենքի և ամենի վրա (на все и вся – ռուսերենում դիպուկ է):

Արժեքներն են պայմանավորում հասարակական հարաբերությունների որպիսիությունը, բովանդակություն հաղորդում դրանց, իմաստավորում: Արժեքներն են առաջ բերում անհատների գործողությունների և գործունեության մոտիվացումը, նպատակամղումը և այլն:

Սա լավ են գիտակցում մոլորակիս «ուժեղները» և որևէ երկրում, կամ հասարակությունում որևէ գործընթաց, որևէ «տեղաշարժ» նախաձեռնելիս, սկզբում «տեղաշարժում են» այդ հասարակության Արժեքները: Օր. մահմեդական աշխարհում բացարձակ արժեք է խաղաղությունը: Խաթարիր այնտեղ խաղաղությունը և դու կքայքայես այդ հանրությունը և այլն:

Վերջերս ավելի են հաճախացել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` քաղաքականություն վերադարձի մասին խոսակցությունները:
Այս ամենի համատեքստում ավելորդ չէր լինի պատմական մի փոքր էքսկուրս մեր բոլորիս ոչ վաղ անցյալ` վերլուծության ենթարկելու քոչարյանական կառավարման առանձնահատկությունները, հասկանալու ներկայիս քաղաքական ու հասարակական հարաբերությունների մշակույթը, ձևն ու բովանդակությունը:

1998թ. Տեր-Պետրոսյանի հրաժարականին հաջորդած քաղաքական վերադասավորումների արդյունքում Քոչարյանը ակամա դարձավ ՀՀ նախագահ: Նա Մեծ քաղաքականություն չեկավ «լայն զանգվածների միջոցով» որպես խարիզմատիկ լիդեր, որպես հզոր գաղափարախոս կամ որպես հռետոր: Նրան բերեցին իրավիճակային, անգլիական թագուհու կարգավիճակով, կամ ինչպես ինքն էր ասում «դիտորդի» կարգավիճակով: Բայց... «Շահին մորթում են, կամ Շահն է մորթում...» (Ֆիրդուսի):

2000թ. կեսերից Նախագահն այլևս դիտորդ չէր, սկսվեց հայ քաղաքական դաշտի հետևողական տարրալուծումը և ոչնչացումը:
Հին Հռոմի ռազմարվեստի փիլիսոփայության «բաժանիր, որ տիրես» կոնցեպտը Հայաստանի հասարակական-քաղաքական և պետական համակարգի հանդեպ կիրառվեց իր ողջ «հմայքով»:

Պառակտվեցին ԱԺՄ-ն ու ՍԻՄ-ը, քաղաքականապես ոչնչացվեց ՀՀՇ-ն, խժդժություններ հրահրվեցին Երկրապահում, պալատական խամաճիկների վերածվեցին ԱԻՄ-ը, Ազգային միաբանությունը, տասնյակի հասնող քաղաքական-հասարակական գործիչներ, մտավորա-կաններ, արվեստագետներ:

Քաղաքական պայքարի գաղափարական ու գաղափարախոսական ձևերին եկան փոխարինելու խարդավանքն ու խառնակչությունը, խելքը փոխարինվեց խորամանկությամբ, ձեռներեցությունը` ձեռնածությամբ (ճարպկությամբ), իրավունքը` զոռբայությամբ, փողն ու իշխանությունը դարձան բացարձակ արժեքներ: Ուժային կառույցները վերածվեցին քաղաքական ու հասարակական այլակարծությունը հետապնդող ու պատժող գործիքների, մամուլը դարձավ գրպանային:

Քաղաքական մշակույթ և հասարակական հարաբերություններ խուժեցին քրեական մտածողությունը, բարքերն ու հասկացությունները (по понятиям!):

«Իմ կուսակցությունը` ժողովուրդն է»,- ասում էր «միակ տղամարդը»: Ի նկատի ուներ ժողովրդի միփոքր մասը, երևի՝ «լավագույն» մասը, որովհետև` արտոնյալ մասը, հաստ վզերով, տարրական կրթությամբ ու քրեական մտածողությամբ, որին պետական մակարդակով թույլ էր տրված բյուջեից թալանել միլիարդավոր դրամներ, չմուծել հարկեր, խլել ուրիշի բիզնեսը, «կռիշ կայնել ու փայ մտնել», «հաբռգել» անսահմանափակ:
Քոչարյանի կառավարման օրոք պարարտ հողում հայտնվեց, ծլեց, ծաղկեց ու բարգավաճեց մի խավ, որին այնուհետ պիտի կոչեին հանրության մեջ լայն տարածում գտած քաղաքագիտական հասկացությամբ` օլիգարխ:

Այդ խավն այնուհետ պիտի դառնար իշխանության «հասարակական հենարանը», նրա երաշխավորը և վերարտադրողը` որպես սեփական ապահովության, կայունության և անվտանգության գրավական:

Էպիլոգ:           Լոռվա մի գյուղի դպրոցում Սովետի ժամանակ...
Ուսուցիչն՝ աշակերտին

«Լորդի թուլա, ամբողջ սովխոզի կարտոլը կրել-լցրել եք ձեր պադվալները, 
կրիշին էլ գրել «Миру-мир!»

среда, 5 марта 2014 г.

ՊՈՒՏԻՆԻ ՖԱԼՍՏԱՐՏԸ, ԿԱՄ Ի՞ՆՉ ԱՐԺԵ ՍԵՆԱՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ

Սկսենք նրանից, որ Եվրոպա չեն «գնում»: Եվրոպական, կամ քաղաքակիրթ[1] դառնում են: Ներսից, իրական ցանկության դեպքում, չգողանալով, չկաշառելով, արդար ընտրություններ կազմակերպելով, մարդու իրավունքները հարգելով և այլն:

Այս հանգամանքի արձանագրումը չափազանց կարևոր է: Այն մեծ հաշվով պայմանավորում է արդի աշխարհում, քաղաքակրթական հարթակում տվյալ երկրի, հասարակության ու հանրության գտնվելու իրական տեղը, ի հեճուկս բազում ռազմավարական հայեցակարգերի, հանդիսավոր հռչակումների, պայմանագրերի ու համաձայնագրերի:

Եվրամիության հետ այդպիսի մի համաձայնագրի ստորագրումից հրաժարվեց Ուկրաինան՝ ավելի քան երեք տարի տևած բանակցություններից և համաձայնեցումներից հետո: Ավելի ճիշտ, հետաձգեց դրա ստորագրումը, երբ Ռուսաստանի կամ արևմուտքի հետ գործակցության հարցում նրան ընտրության առաջ կանգնեցրեց նույն Եվրամիությունը:
Սա բուռն ընդվզում առաջացրեց հատկապես Արևմտյան Ուկրաինայի հանրության մոտ և նրանք մի շարք ծայրահեղ ընդդիմադիրների գլխավորությամբ ու Եվրոպայի իրենց հովանավորյալների աջակցությամբ իշխանության «գլխին Մայդան սարքեցին»: Դուքյանչի Յանուկովիչը «երկու մորից կաթ ուտող խելոք գառի» իր աշխարհքաղաքական կենսափիլիսոփայությամբ այլևս չէր կառավարում իրավիճակը և Չաուշեսկոյի ճակատագրին արժանանալու տագնապով թողեց ոսկեզօծ զուգարանակոնքերով իր դղյակները և փախավ Ռուսաստան...

Մարտի 1-ին Ռուսաստանի Դաշնային խորհուրդը միաձայն հավանության է արժանացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ուկրաինական տարածքում զինված ուժերի օգտագործման մասին դիմումը: Դա հնարավորություն է տալիս երկրի գերագույն գլխավոր հրամանատարին լիարժեքորեն օգտագործելու ՌԴ զինված ուժերը Ուկաինայում՝ ինքնուրույնաբար որոշելով դրանց տեսակը և քանակը:
Եվ չնայած իրական ռազմական գործողության և ոչ մի հրաման դեռ չի տրվել, արևմուտքի արձագանքը չուշացավ:

Մեծ Բրիտանիայի նախաձեռնությամբ մարտի 1-ի լույս 2-ի գիշերը հրավիրվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որը անցավ փակ ռեժիմով:
Միացյալ նահանգների նախագահ Բարակ Օբաման հայտարարեց, որ «Ռուսաստանը շատ թանկ կվճարի, եթե զորքեր մտցնի Ղրիմ», նա նաև նշեց, որ դա կբերի Ռուսաստանի մեկուսացմանը միջազգային հարթակում: Պետքարտուղար Քերրին իր հերթին Ռուսաստանի քաղաքականությունը որակեց «ագրեսսիայի աննախադեպ ակտ» և սպառնաց միջազգային հանրության կոշտ արձագանքով՝ ընդհուպ մինչև տնտեսական լիակատար մեկուսացում:
ԵՄ Արտաքին հարցերով Գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը դատապարտեց  «Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի ինքնուրույնության ու տարածքային ամբողջականության խախտումը»:
ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հանդես եկավ հրատապ ուղերձով, հայտարարելով, որ ռուսական զորքերի մուտքը Ուկրաինա սպառնալիք է ամբողջ Եվրոպայի խաղաղությանը և զգուշացրեց Ռուսաստանին, որ իր գործողությունները հակասում են միջազգային իրավունքին:
Իսկ «Մեծ ութնյակ»-ի երկրները սառեցրեցին Սոչիում կայանալիք գագաթնաժողովին իրենց նախապատրաստական աշխատանքները, հասկացնել տալով, որ այն նման պայմաններում չի կայանա:
Համաշխարհային մամուլը հեղեղվեց Ռուսաստանի հերթական «ռազմական ագրեսիայի» լուրերով, «կայսերապաշտական նկրտումներով», «անցյալի տոտալիտար կարգերը վերահաստատելու» ձգտումներով, ցանկացած խնդիր «բիրտ ուժի դիրքերից լուծելու» վճռականությամբ:
Որոշման դեմ ընդվզումներ եղան նաև հենց Ռուսաստանում: «Մանեժնայա» կոչվող հրապարակում բողոքի զանգվածային ակցիաներ անցկացվեցին, իրավապահների կողմից բերման ենթարկվեցին ավելի քան 200 ցուցարար:
Այս ամենի ֆոնին 2009թ. համաշխարհային տնտեսական ճգնաժամից ի վեր առաջին անգամ աննախադեպ անկում գրանցեց Ռուսաստանի ֆոնդային բորսան: Ռուբլին արժեզրկվեց մինչև կրիտիկական նիշեր (1 դոլլարի համար՝ 36, եվրոյի համար 50 ռ.), ռուսական ընկերությունները մեկ օրում կորցրեցին 2 տրիլիոն ռուբլի (60 մլրդ. դոլլար): ՌԴ Կենտրոնական բանկը ստիպված եղավ շուկա ներարկել ավելի քան 10 մլրդ. դոլլար ռուբլու «անկումը» կանգնեցնելու համար:

Փաստորեն Դաշնային Խորհրդի որոշումը Ռուսաստանի վրա կարծես թե շատ թանկ է արժենում: Ռուսաստանի աշխարհաքաղաքական մեկուսացում, տնտեսական և այլ պատժամիջոցների սպառնալիք, իսկ ամենացավալին՝ Սոչիի Օլիմպիադային հետո Ռուսաստանի համար այդչափ անհրաժեշտ՝ «նոր կերպարի» սասանում, նրա վարկի ու միջազգային հեղինակության անկում:
Սա այն դեպքում, երբ դեռ չկա կանոնավոր զորքերի մուտք գործելու հրամար, դեռ կա ընդամենը «թույլտվություն»...

Իսկ արդյո՞ք անհրաժեշտ էր այդ «թույտվության» իրավական գործընթացի նախաձեռնումը հենց հիմա, արդյո՞ք Ղրիմի կամ արևելյան Ուկրաինայի ռուս (ռուսախոս) բնակչության անվտանգությանը իրական սպառնալիքներ կային: Մարտի 1-ի դրությամբ բոլոր այդ ռեգիոններում, և մասնավորապես Ղրիմում տեղի ճնշող մեծամասնություն ունեցող ռուսները «առանց տարբերանշանների» համազգեստավորների աջակցությամբ լուծել էին իրենց անվտանգության հարցերը, ավելին՝ ընտրել իրենց շահերը արտահայտող տեղի իշխանություններ, նշանակել հանրաքվե, և ըստ էության տիրապետում էին իրավիճակին: Պրովինցիաները գնում էին դեպի ինքնորոշում, ըստ որում լեգիտիմ ճանապարհով, առանց տեսանելի արտաքին միջամտության և միջազգային հանրության համար շատ թե քիչ ընկալելի: «Պաշտոնական» Կիևվը, մինչև արմունկները խրված «նոր քաղաքական», տնտեսական ու  հանրային հասարակական խնդիրների մեջ ոչ ժամանակ և ոչ էլ հնարավորություն կունենար գործուն կերպով միջամտելու ծայրամասերում սկիզբ առած գործընթացներին: Էլ չեմ խոսում ռազմական ճանապարհով «սեպարատիզմի» ճնշման փորձերի մասին:
Երկիրը կանգնած էր (և՝ է) դեֆոլտի եզրին, արդեն մեկ-երկու շաբաթից կսկսեին հասարակական ընդվզումներն ու դժգոհությունները մարդկանց աշխատավարձերի չվճարումների պատճառով: Ուկրաինական արժույթը ժամ առ ժամ տեղի էր տալիս: Բյուրոկրատական Եվրոպան շաբաթներ շարունակ «ձեռքը գրպանը պիտի տաներ», մինչև «մի կտոր» հասցներ «դեմոկրատացած» գործընկերոջը:
Երկրում շրջում էին ավազակախմբերը, որոնց դեռ չէին հասցրել (միգուցե՝ չէին կարողացել) զինաթափել: Իշխանափոխության արդյունքներից դժգոհ Մայդանը դեռ չէր ցրվել և դեռ խոսք ուներ ասելու...

Իսկ ինչի բերեց դիմումը և Սենատի որոշումը: Ընդհանուր «թշնամու» կերպարը մոռացնել տվեց շատ բան, կոնսոլիդացրեց Ուկրաինան, միջազգային հանրությանը փայլուն հնարավորություն տվեց «ռեվանշ» վերցնելու Ռուսաստանի դեմ վերջին աշխարհքաղաքական և դիվանագիտական հաջողություններից հետո (Սիրիա, Իրան), մեկուսացրել վերջինիս, խոշոր հարված հասցնել Ռուսաստանի տնտեսությանը:
Վերջին հաշվով Պուտինը այդ որոշումը անհրաժեշտության դեպքում կարող էր ունենալ կես ժամում, առանց նախահարձակ լինելու: Եվ աներ դա միայն Կիևի կողմից Ղրիմի և այլ տարածաշրջանների նկատմամբ ինչ-ինչ գործողություններից հետո, որպես պատասխան, եթե այդպիսիք իհարկե լինեին, ինչը քիչ հավանական է:
Դատելով վերջին օրերին և շաբաթներին Ուկրաինայի իրադարձությունների առնչությամբ Ռուսաստանի «ուղղափառ» էլիտայի բավականին կոշտ ու կտրուկ դիրքորոշումից, կարելի է ենթադրել, որ ռազմական գործողությունների թույլտվություն ստանալու որոշման կայացման գործում Ռուսաստանի ղեկավարին համոզել են իր իսկ քաղաքական ու գաղափարախոսական խորհրդականները (դուգինական թևը): Եվ հիմա, երբ Ռուսաստանը հանդիպեց նման աննախադեպ խիստ արձագանքի փորձ է արվում սպասվող գործողություններին լեգիտիմություն հաղորդել: ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը համապատասխան «փաստաթուղթը» ցույց տալով հայտարարել է, թե Ուկրաինա ռուսական զորքեր մտցնելու խնդրանքը Կրեմլին ուղղել է հենց Յանուկովիչը, որպես երկրի օրինական նախագահ:

Իսկ անհրաժեշտ էր պարզապես սպասել: Սպասել մինչ Ղրիմի հանրաքվեն, որ տեղի էր ունենալու մարտի 30-ին՝ հայտնի ելքով: Սպասել, մինչև Ուկրաինայում ընտրություններ կլինեն՝ երկրի զգալի մասը կազմող ռուսական բնակչության մասնակցությամբ: Սպասել, մինչ նախադեֆոլտային Ուկրաինայի նոր ղեկավարությունը Ռուսաստանի հետ տնտեսական բանակցությունների դուրս կգա (а куда они денутся!): Սպասել, մինչև հին իշխանական օլիգարխային կփոխանիներ նորը, որի հետ կարելի կլիներ արդեն սեղան նստել և որը ամեն դեպքում ռուսերեն ավելի լավ է հասկանում, քան անգլերեն: Որովհետև եվրոպացի մի ամսում չեն դառնում, որովհետև ներկայիս Ուկրաինայի դեմոկրատ «հեղափոխականները» նույն պոստսովետիկուսն են, նույն կլանայիններն ու կոռումպացվածները: Եվ այն ժամանակ միգուցե Ուկրաինան ամբողջությամբ մնար Ռուսաստանի ծիրում:
Չէ՞ ոչ դեմոկրատական հեղափոխություններ այնտեղ էլի են եղել, բայց էլի ամեն ինչ դարձել է ի շրջանս յուր:

Ամեն դեպքում Պուտինը թույլ տվեց ֆալստարտ, նրա որոշումը օր առաջ տիրապետելու իրավիճակին ժամանակավրեպ էր: Սա այն դեպքն է, երբ պետք էր հապաղել՝ Ղրիմ «խաղարարարի» մանդատով մուտք գործելու, այլ՝ ոչ «ագրեսսորի» պիտակով: Եվ կարևոր չէ արդեն թե իրականում ինչ է տեղի ունենում: Մեր, առավելապես վիրտուալ, քան՝ իրական աշխարհում կարևորը հանրության ընկալումն է, տվյալ դեպքում՝ միջազգային հանրության:

հրապարակվել է "Առավոտ" օրաթերթի ինտերնետային կայքում՝ http://www.aravot.am/2014/03/04/437260/


[1] Վերջերս գործածվում են որպես հոմանիշներ, կարելի է բանավիճել, առայժմ՝ կիրառենք եզրերը հանրային այս ընկալմամբ: