воскресенье, 18 августа 2013 г.

ՋԱՅԼԱՄԸ ՈՐՊԵՍ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ – ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ, ԿԱՄ Ո՞ՒՄՆ Է, ՎԵՐՋԱՊԵՍ, ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ


Վերջերս հանրության մեջ բուռն քննարկման առարկա է դարձել Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի նամակը` ուղղված Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Նամակի էությունը վերաբերում էր վերջին տարիներին Հայ եկեղեցում տեղ գտած որոշ անհարիր երևույթներին, հայ հոգևորականին ոչ վայել պահվածքին, ընչասիրությանը, նյութականի հանդեպ չափից ավելի դրսևորած վերաբերմունքին, ինչպես նաև որոշ մանրամասներ են բացահայտվում ՀԱԵ Ֆրանսիայի թեմի առաջնորդի հրաժարականի հետ կապված: Ու չնայած նամակը գրված է բարձրաստիճան եկեղեցականին հարիր հարգանքով ու արարողակարգային հավելումներով, բովանդակությունը բավականին սուր և սթափեցնող էր:

Մայր Աթոռից մի քանի օր շարունակ հերքում էին նման բովանդակությամբ նամակի ստացումը, բայց Սրբազան պատրիարքն անդրդվելի էր և նամակի առաքումը կրկնեց այնքան, մինչև հասցեատերերը հավատացին իրենց աչքերին:

Քննարկումը, սակայն, նամակի բովանդակությունից տեղափոխվեց այլ հարթություն, այն է` կպատշաճե արդյոք եկեղեցու կառավարման ներքին խնդիրները դարձնել հրապարակային քննարկման առարկա: Իսկ առիթը նամակի հանրայնացումն էր, որը միտումնավոր, թե ակամա, տեղի ունեցավ և բորբոքեց կրքեր հանրության լայն շրջանում:

Հանրության ականջին սովորական էին դարձել վերջին տասնամյակում ՀԱԵ որոշ բարձրաստիճան «սպասավորների» վերաբերյալ արվող բացահայտումները, մամուլի հրապարակումները և տարածվող խոսակցությունները: Ժողովրդական բանահյուսությունը հետ չէր մնում այս ամենից և «լրացնում էր» թեման անեկդոտներով և զանազան ծիծաշարժ պատմություններով:

Սակայն պարզ երկնքում ամպրոպի պես ճայթեց նման Բարձր ատյանից` Հայ առաքելական եկեղեցու նվիրապետական աթոռից, Երուսաղեմի հայոց պատրիարքությունից հնչեցված մեղադրանքները ու սուր քննադատությունը, և հանրությունը շոկ ապրեց:

 
Իրոք, մտահոգիչ է լսել նման բաներ արդեն Եկեղեցու բարձրաստիճան խողովակներից, սակայն այստեղ, կարծում եմ, կա առավել կարևոր ու մեթոդաբանական հարց, առավել սկզբունքային խնդիր, քան նամակի բովանդակությունն է: Դա հանրության արձագանքն է, մոտեցումն է հարցին, դրա հանրային ընկալումներն ու մեկնաբանությունները:

Արդյո՞ք կարելի է խոսել եկեղեցում առկա խնդիրների մասին բարձրաձայն, թե՞ դա մի գաղտնի ոլորտ է, խիստ կապակցված ազգային և պետական անվտանգության հետ (ինչպես իրենց ասուլիսում և հայտարարության մեջ նշել են որոշ երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ), որը խորհրդավորության շղարշով պարուրված պետք է զերծ լինի սովորական մահկանացուներիս աչքերից:

Արդյո՞ք եկեղեցին հանրությունից սերված և հանրությանը հոգևոր ծառայություն մատուցող, բովանդակությամբ` թեև հոգևոր, բայց` հանրային-հասարակական կառույց է, թե այն վերազգային ու վերհասարակական մի ինստիտուտ է` իր խնդիրներով ու արատներով հանրությանը տակավին անհասկանալի, անհասանելի ու անմատչելի:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հայ ժողովրդինն է, հայ ազգինն է, ողջ հայությանը` Հայրենիքում և Սփյուռքում, սերված նրանից և կոչված ծառայելու նրան: Քրիստոնեության հոսանքների մեջ չեմ մտաբերում մեկ այլ եկեղեցի, որի անվանման մեջ այսպես ընդգծված էթնիկ պատկանելիության նշում լինի: Նույնիսկ պատմականորեն այն ավելի մոտ ու ավելի սերտ է կապված եղել հանրությանն ու ժողովրդին, քան քրիստոնեական այլ եկեղեցիները, մեր եկեղեցին «ժողովրդական» եկեղեցի է եղել, եթե կարելի է սույն եզրը կիրառել կրոնական կառույցի հանդեպ: Միգուցե այդ «մտերմությունն» է, որ եկեղեցու միջնադարյան պատմության մեջ չի խոսվում ինկվիզիցիայի մասին: Հայ եկեղեցական ժողովները օրինակ կարող են ծառայել բազմակարծության և ժողովրդավարության դրսևորման իրենց ձևերով ու եղանակներով:

Եվ ահա, 21-րդ դարում փորձ է արվում օտարել այն հանրությունից, իբր «բարձր պահելու համար» եկեղեցու անունն ու հեղինակությունը:

Չեմ ուզում «օֆշորային» պատվերի կարգին դասեմ վերջին տարիներին մի ակնթարթում խորը ու խիստ հավատացյալ դարձած սովետական աթեիստ գիտնականների ու չինովնիկների արագ արձագանքը և Պատրիարքին ուղղված բրեժնևյան ոգով գրված «ասուժդամսները»:

Բայց կուզենայի մի հանգամանքի վրա սևեռել մեր ուշադրությունը:

Ավելի քան 1700-ամյա Հայ առաքելական եկեղեցու անունն ու վաստակած հեղինակությունը որպես ասպար օգտագործելը` կոծկելու եկեղեցու ներկայիս աղաղակող թերությունները և օրըստօրե ահագնացող խնդիրները, կամ, առնվազն` կանխելու դրանց շուրջ ծավալվող քննարկումներն ու երխոսությունը, շատ անհեռանկար ու վտանգավոր ճանապարհ է: Այն տանում է դեպի այդ խնդիրների սրացում, դեպի եկեղեցու ու հասարակության միջև արդեն գոյացող անջրպետի խորացում, դեպի եկեղեցու վարկի ու հեղինակության սասանում:
 

Վերջում` մի բան:

Հիվանդության բուժումը սկսվում է պարզ երկխոսությունից, հիվանդի ու բժշկի զրույցից, հիվանդի «ինքնախոստովանությունից»:
Այդպես է թե՚ աշխարհիկ, թե՚ հոգևոր կյանքում:

-         Ո՞րտեղդ է ցավում, ի՞նչ ես կերել, իսկ այսպես ցավո՞ւմ է…. և այլն:

Որից հետո կատարվում է ախտորոշումը և բուժումը:

Առողջ հասարակության հիմքը երկխոսությունն է, երբ առկա խնդիրների շուրջ, լինեն դրանք քաղաքական, հասարակական, թե` հոգևոր-եկեղեցական, բաց և հրապարակային երկխոսություն է ընթանում: Սա է առողջացման միակ ճանապարհը: Այլ ճանապարհ չկա:



Cicatum:                                  Надпись в зоопарке: “Страусов не пугать, пол бетонный”

 

18.08.2013աՀկկ

четверг, 15 августа 2013 г.

ԻՄ ՎԻՇՏԸ. ՄՏՈՐՈՒՄՆԵՐ

Այո, ես վշտի մեջ եմ... խոր վշտի: Մերս այլևս չկա...

Բայց վիշտը միակ զգացմունքը չէ, որ համակել է ինձ: Ցասումի հասնող զայրույթը սաստկացնում է վիշտս, մղում խորհելու ու խոսելու:

Ես զայրացած եմ մորս անժամանակ ու անբնական մահից: Զայրացած եմ, որ մերս զոհը դարձավ խորը գավառականության ու էգոիզմի, տարիներ շարունակ կրած զրկանքների, հոգեկան տառապանքների, կանացի ու մարդկային արժանապատվության նսեմացման, արհամարհանքի ու չգնահատվածության:
Վերջապես զայրացած եմ մեր հասարակության մեջ վաղուց և խորը արմատներ գցած ձևապաշտությունից և կեղծավորությունից: Իհարկե, պատվելի է մորս հոգեհացին մեկուկես հարյուր մարդու ներկայությունը: Բայց դրանց գերակշիռ մասը իրականում ոչ մի կապ չունի իմ վշտի, ու հետևապես` դրա սփոփման հետ:
Նրանց մեծ մասին առաջին անգամն եմ տեսնում, նրանք էլ` ինձ ու ճշմարիտ չի թվում ինձ սփոփելու` նրանց «վճռական» ներկայությունը:

Անտեղյակ իմ ընտանիքի առօրյային, իմ խնդիրներին ու իմ ցավին, մորս` տարիներ շարունակ կրած տառապանքին, ինձ կարեկցելու` նրանց բուռն մղումը կեղծ է թվում, ասած խոսքն ու խմած կենացը` խիստ պայմանական ու ձևական: Ու այս ամենը զայրացնում է, վիշտն ու ցավը այդ զայրույթը վերածում է ցասման, ու ուզում ես գոռալ. «Տո ստի մերը...., թե դու խաբար ես` ինչը ոնց ա եղել....»:
27 դեկտեմբերի 2012թ.

Մորս մահարձանը լավ ա ստացվել: Մի քիչ նկարը նման չի, ավելի լավը կուզենայի, բայց էլի վատ չի:
Բայց էլի սփոփանք չի գալիս վրաս...
Մարդուն պետք է հարգել ու սիրել նրա կենդանության օրոք, կենդանի մարդուն է պետք մեծարել, արժևորել, զարգացնել, աճեցնել ու քաղել դրա պտուղները:
Իսկ մահից հետո գրոշի արժեք չունի, թե դու քո փառասիրության համար ինչեր կանես, ինչ մահարձան կամ` թեկուզ դամբարան կսարքես, թեկուզ` Թաջ-Մահալ սարքես...
Ու դա ոչինչ էլ չի ասում մարդու հանդեպ քո իրական վերաբերմունքի մասին:
Կենդանի մարդուն ա պետք ծաղիկ նվիրել...

15 սեպտեմբերի 2013թ.