Citatum -
Էն օրը երթուղայինի վարորդին լավ խափել եմ, փողը տվել ու չեմ նստել…
Սովետական կայսրության պետական համակարգը վարչահրամայական էր, պետության վերահսկողության և կարգավորման տակ էին հանրային, հասարակական և պետական
բոլոր գործընթացները՝ հանրային կարծիք հայտնելուց մինչև գերատեսչական որոշումների կայացումը:
Հենց այդ ժամանակներից սկիզբ առան և լայն տարածում ստացան բողոքի
և ընդվազման այնպիսի ձևեր, ինչպիսիք են գործադուլը, հացադուլը, դասադուլը, նստացույցը
և այլն:
Գործադուլ կամ դասադուլ անել՝ նշանակում էր ընդվզել պետության
դեմ, նրա կարգերի դեմ, քանի որ մեծ հաշվով թե «գործատուն», թե «դասատուն» պետությունն
էր:
«Մեղվի փեթակ» հիշեցնող համակարգի մեջ, ուր ամեն օղակ գիտեր
իր գործը և «պլանային» կերպով, հստակ նախանշված ժամանակացույցով իրականացնում էր այն,
անել դասադուլ կամ գործադուլ, կնշանակեր պարալիզել, կաթվածահար անել հասարակական հարաբերությունների
համակարգը, տնտեսությունը, խաթարել ամենօրյա բնականոն կյանքը: Երկրում, ուր ամեն ինչ
պետք է լիներ պետպլանով, ուր համընդհանուր զբաղվածությունը, աշխատանքն ու կրթությունը
խստորեն կանոնակարգված ու նորմավորված էին, ուրևէ «...դուլի» միջոցով «միջամտելը» զանցանք
էր համարվում: Բնականաբար «պերեստրոյկայի» ժամանակներում իր ծաղկուն շրջանին հասած «բողոքի»
այդ ձևն անմիջապես արժանանում էր պետական վարչախմբի հուժկու արձագանքին:
Սակայն հասկանալի չէ, տարակուսելի և նույնիսկ զավեշտալի է, երբ
շուկայական տնտեսության պարագայում քաղաքական պայքարի ձև է ընտրվում գործադուլը կամ
դասադուլը: Պատճառը շատ պարզ է. ձեր «գործատուն» («դասատուն») և «քաղաքական թիրախը»
այլևս տարբեր են:
Ուսանողը մրցակցային հիմունքներով ընդունվել է ԲՈՒՀ, իր գրպանից
մեծ գումարներ է վճարում կրթություն ստանալու համար և հանկարծ... դասադուլ է անում՝
առաջ քաշելով քաղաքական պահանջներ:
Դա նույնն է, եթե որևէ մեկը (թեկուզ՝ քաղաքական լայն ճանաչում գտած գործիչ) գնա վարսավիրանոց, վճարի վարսավիրին, թրաշի բեղերի կեսը, հետո վեր կենա ու ի նշան բողոքի մի լավ “մուննաթ” գա վարսավիրի վրա ու թողնի հեռանա:
Դուք գիտե՞ք ժամանակակից որևէ պետություն, ուր դասադուլը ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական պայքարի գործիք է: Արևմտյան քաղտեխնոլոգների մեր մասնագետները կարո՞ղ են ենթադրել, որ, օրինակ, ԱՄՆ-ում ընտրություններում պարտված քաղաքական ուժը կգնա, կկանգնի Հարվարդի համալսարանի դիմացը ու կոչ կանի ուսանողներին դասադուլ անել…
Ընդհանրապես, իմ համոզմամբ, «...դուլ»-երը վաղուց
իրենց դարն ապրած և պայքարի, ըստ էության, թույլ, կրավորական ձևեր են: Որևէ մեկի աղիքը
չի ծռվի, եթե ինչ-որ մարդիկ ինչ-ինչ ծառայության դիմաց վճարեն և չօգտվեն: Փոխարենը
որոշ «անգյալներ» իրենց անգյալությունն ու անպատասխանատվությունը «քաղաքական վեհ իդեաներով»
հիմնավորած հերթական անգամ դասի չեն գնա:
Տեղին է հիշել Արամ Աբրահամյանի դիպուկ նկատառումը. «Ոստիկաննե՜ր,
մի խոչընդոտեք դասադուլին, մեկ է դրանք դասի գնացողը չեն»:
Комментариев нет:
Отправить комментарий