среда, 27 февраля 2013 г.

“ՊԱՅՔԱՐԻ” ԺԱՄԱՆԱԿԱՎՐԵՊ ՏԱՐՐԵՐԸ ԿԱՄ ՈՒՄ ԴԵՄ Է ԻՐԱԿԱՆՈՒՄ ԴԱՍԱԴՈՒԼԸ


Citatum                                                           - Էն օրը երթուղայինի վարորդին լավ խափել եմ, փողը տվել ու չեմ նստել…

Սովետական կայսրության պետական համակարգը վարչահրամայական էր, պետության վերահսկողության և կարգավորման տակ էին հանրային, հասարակական և պետական բոլոր գործընթացները՝ հանրային կարծիք հայտնելուց մինչև գերատեսչական որոշումների կայացումը:

Հենց այդ ժամանակներից սկիզբ առան և լայն տարածում ստացան բողոքի և ընդվազման այնպիսի ձևեր, ինչպիսիք են գործադուլը, հացադուլը, դասադուլը, նստացույցը և այլն:
Գործադուլ կամ դասադուլ անել՝ նշանակում էր ընդվզել պետության դեմ, նրա կարգերի դեմ, քանի որ մեծ հաշվով թե «գործատուն», թե «դասատուն» պետությունն էր:

«Մեղվի փեթակ» հիշեցնող համակարգի մեջ, ուր ամեն օղակ գիտեր իր գործը և «պլանային» կերպով, հստակ նախանշված ժամանակացույցով իրականացնում էր այն, անել դասադուլ կամ գործադուլ, կնշանակեր պարալիզել, կաթվածահար անել հասարակական հարաբերությունների համակարգը, տնտեսությունը, խաթարել ամենօրյա բնականոն կյանքը: Երկրում, ուր ամեն ինչ պետք է լիներ պետպլանով, ուր համընդհանուր զբաղվածությունը, աշխատանքն ու կրթությունը խստորեն կանոնակարգված ու նորմավորված էին, ուրևէ «...դուլի» միջոցով «միջամտելը» զանցանք էր համարվում: Բնականաբար «պերեստրոյկայի» ժամանակներում իր ծաղկուն շրջանին հասած «բողոքի» այդ ձևն անմիջապես արժանանում էր պետական վարչախմբի հուժկու արձագանքին:

Սակայն հասկանալի չէ, տարակուսելի և նույնիսկ զավեշտալի է, երբ շուկայական տնտեսության պարագայում քաղաքական պայքարի ձև է ընտրվում գործադուլը կամ դասադուլը: Պատճառը շատ պարզ է. ձեր «գործատուն» («դասատուն») և «քաղաքական թիրախը» այլևս տարբեր են:

Ուսանողը մրցակցային հիմունքներով ընդունվել է ԲՈՒՀ, իր գրպանից մեծ գումարներ է վճարում կրթություն ստանալու համար և հանկարծ... դասադուլ է անում՝ առաջ քաշելով քաղաքական պահանջներ:

Դա նույնն է, եթե որևէ մեկը (թեկուզ՝ քաղաքական լայն ճանաչում գտած գործիչ) գնա վարսավիրանոց, վճարի վարսավիրին, թրաշի բեղերի կեսը, հետո վեր կենա ու ի նշան բողոքի մի լավ մուննաթգա վարսավիրի վրա ու թողնի հեռանա:

Դուք գիտե՞ք ժամանակակից որևէ պետություն, ուր դասադուլը ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական պայքարի գործիք է: Արևմտյան քաղտեխնոլոգների մեր մասնագետները կարո՞ղ են ենթադրել, որ, օրինակ, ԱՄՆ-ում ընտրություններում պարտված քաղաքական ուժը կգնա, կկանգնի Հարվարդի համալսարանի դիմացը ու կոչ կանի ուսանողներին դասադուլ անել


Ընդհանրապես, իմ համոզմամբ, «...դուլ»-երը վաղուց իրենց դարն ապրած և պայքարի, ըստ էության, թույլ, կրավորական ձևեր են: Որևէ մեկի աղիքը չի ծռվի, եթե ինչ-որ մարդիկ ինչ-ինչ ծառայության դիմաց վճարեն և չօգտվեն: Փոխարենը որոշ «անգյալներ» իրենց անգյալությունն ու անպատասխանատվությունը «քաղաքական վեհ իդեաներով» հիմնավորած հերթական անգամ դասի չեն գնա:


Տեղին է հիշել Արամ Աբրահամյանի դիպուկ նկատառումը. «Ոստիկաննե՜ր, մի խոչընդոտեք դասադուլին, մեկ է դրանք դասի գնացողը չեն»:

среда, 6 февраля 2013 г.

ԱՆԴՐԵԱՍԸ՝ ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ ԿԱՄ "ՈՒՄԻՑ ԵՆ ԿԱԽՎԱԾ ԱՆԿԱԽ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ"


Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձից հետո հասկանալի էր. այս ամենի կազմակերպիչները առավելագույնը՝ նոր ընտրություններ (հետևապես նոր "խաղացողներ"), նվազագույնը՝ ընտրությունների հետաձգում են ցանկանում: Դժվար “նոր խաղացողները” էապես կարողանան փոխել ընտրությունների արդյունքները: Ամեն դեպքում այս ամենի մտահղացումը ընտրությունները հարամելն է, շատ թե քիչ, բնականոն, “երեսատեղի” ընտրությունները վիժեցնելն է:

Արդյունքում՝ հարված երկրի վարկին, հեղինակությանը, ընտրվածի լեգիտիմությանը, ընտրական գործընթացի օրինականությանը և այլն: Սա ակնհայտորեն ձեռնտու է դրսի ուժերին, հենց թեկուզ՝ մեր որոշ հարևաններին: Ցավող այդ ուժերը ներսումդաշնակիցներ ունեն: Ցավոք, մեր անվտանգությունը բավարար ռեսուրսների չի տիրապետում՝ արդյունավետ կանխելու նման զարգացումներ:

Հայրիկյանի վրա կրակել են սպանելու նպատակով, դա ակնհայտ է, քանի որ վիրավորելու խնդիր ունեցողը չի կրակում կրծքավանդակին: Գնդակը կարող էր մահացու վնասել ներքին օրգաններից ցանկացածը, կամ ոսկրերից մեկին հարվածելով շեղեր ուղղությունը՝ դարձյալ մահացու ելքով:
Իրականացրած “գործի” փնթիությունը և Հայրիկյանի հրաշքով ողջ մնալը ստիպեց աշխատեցնել երկրորդ սցենարը, Անդրեասի պահեստային տարբերակը, ով պատրաստ է հանուն մշակված սցենարի “անհաղթահարելի” դարձնել իր առողջական վիճակը:  
Իհարկե, նաիրի հունանյանների պակաս մեր հասարակությունը երբեք և ոչ մի դարում չի ունեցել: Մեր պատմավեպերը լեցուն են նման օրինակներով:

Սակայն ինձ մեկ այլ հարց է հետաքրքրում:

Նախագահի թեկնածուն շարքային քաղաքացի չէ: Դա է ասում նաև ՀՀ սահմանադրությունը, եթե թեկնածուի հետ տեղի ունեցածը կարող է իմպերատիվ ուժով իրավական գործընթաց առաջ բերել: Հատևապես, թեկնածուների համար հարկ է սահմանել իրավական ռեժիմ և դա անպայմանորեն ամրագրել օրենքով:
Օրինակ նախագահներն ունի անվտանգություն: Նրանց կյանքն ու առողջությունը այլևս միայն նրանց “չեն պատկանում”, նրանք իրավունք չունեն բացառապես ինքնուրույն որոշելու, թե՝ ինչ պիտի անեն, կամ ուտեն և, եթե այս կամ այն գործողությունը վտանգում է նախագահի կյանքը կամ առողջությունը, անվտանգությունն իրավասու է արգելելու նրան դա անել: Սա բնական է, քանի որ նախագահը պետական այր է և նրա կյանք ու առողջությունը ալևս միայն “նրանը չեն”: Դրանից կախված է երկրի, պետության անվտանգությունը:

Ինչու այդ դեպքում, չկա Նախագահի թեկնածուների համար սահմանված իրավական ռեժիմ: Նրանք, կարծում եմ պիտի ունենան թիկնազոր (խոսքը անպայման ավտոշարասյան ու ահասարսուռ թիկապահների մասին չէ), կամ գոնե ուղեկցող՝ անվտանգության ծառայությունից, ենթարկվեն, եթե կա դրա անհրաժեշտությունը, բժշկական ստուգման, նրանց արգելվի քարոզչության ժամանակահատվածում դահուկներով ցատկեր կատարել բարձրադիր սահադաշտերից.... և այլն:

Այլ կարգավիճակ և իրավական գործընթաց պիտի ենթադրի հացադուլը: Սա թենկածուի կողմից կամովի իրականացվող և քաղաքական հստակ խնդիր հետապնդող ակցիա է, որը պարտադիր պետք է օրենքով կարգավորվի: Շարքային քաղաքական գործիչը այդ քայլին է դիմում, ինչպես ռուսերեն են ասում “на свой страх и риск”՝ ապավինելով իր արարքի հասարակական ընկալմանն ու իր թիրախի մարդկային ու «քաղաքական» խղճմտանքի աստիճանին: Սակայն Նախագահի թեկնածուն իր այդ քայլով դիտավորություն է հետապնդում: Ակներևաբար գիտակցելով իր արարքի իրավական և քաղաքական հետևանքները, նա միտումնավոր դիմում է նման քայլի՝ իր կյանքն ու առողջությունը գործածելով որպես միջոց, պարտադրելով պետությանը սկսելու իրավական գործընթաց:

Սա ինձ հիշեցնում է քաղաքացիական օբյեկտ գրաված և անմեղ մարդկանց պատանդ վերցրած մահապարտ ահաբեկչի վարքագիծը, ով պետությունից պահանջում է, օրինակ, զորքերը դուրս բերել այսինչ տեղից:

Արդյո՞ք այստեղ չկան հանցակազմի տարրեր: Սա, թերևս, իրավաբանների խնդիրն է:

Հիմա պատկերացրեք, որ առաջադրվում են X թեկնածու, և սկսում հերթով հացադուլ անել, վատանալ, թուլանալ և «անհաղթահարելի» դառնալ: Եվ Հայաստան երկիրը ընկղմվում է ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «հաճելի» ու հավերժ գործընթացի մեջ:

Հ.Գ. Արդյո՞ք մեր օրենսդրությունը նախատեսում է թեկնածուի ինքնասպանության, կամ դրա փորձի հետ կապված իրավական կարգավորում, թե դարձյալ պիտի ապավինենք ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի «իմաստնությանը»՝ ՍԴ մոտ քառասուն էջանոց որոշման մեջ առկա երկարաշունչ հանրագիտական մեկնաբանություններով: