среда, 18 декабря 2013 г.

ՊՈՍՏՍՈՎԵՏԻԿՈՒՍԻ ՀԱՄԱԽՏԱՆԻՇԸ ԿԱՄ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՄԱՔԱՌՈՒՄՆԵՐՈՒՄ

Сочинение в школе: “На кого я хочу быть похожим”
-         Ты на кого пишешь?
-         На министра промышленности… Легкой!
к/ф “Большая перемена”

Այսքանով հանդերձ պետք է փաստել, որ ավելի քան 20-ամյա անկախության պարագայում մեզ չհաջողվեց գոնե սկզբնավորել (չեմ խոսում` կայացման մասին) որակապես նոր ազգային, ինքնիշխան պետության հասարակական զգացողություն և գիտակցում, մենք, ցավոք, շարունակում ենք մնալ «հետսովետական» հանրապետություն` կրելով «սովետականի» մնացուկների արժեքային ողջ «փունջը»:

Աշխարհամարտերով անցած, սին գաղափարախոսությամբ ու արժեքներով կերակրված ու մինչև կյանքի վերջը ապրանքային դեֆիցիտով ահաբեկված սովետական քաղաքացու չտեսությամբ ու ընչաքաղցությամբ, մենք շարունակում ենք «լավ կյանքը» նույնացնել հարստության, երջանկությունը` փողի, բիզնեսը` վերավաճառելու, ձեռներեցությունը` խաբելու հետ:

Մենք չսովորեցինք տարբերել օտար, տիրապետող կայսրությունը սեփական ազգային պետությունից և գուլակներում մեծացած սովետական մարդու համոզվածությամբ ու հաստատակամությամբ շարունակում ենք հակակրել պետությանն ու «պետական» ամեն ինչին (բացի գուցե` «պետական» հացից :-)` մեր նախագահին, մեր կառավարությանը, մեր բանակին, մեր ոստիկանին ու պաշտոնյային:

Բայց, ամենակարևորը: Հետսովետական քաղաքացու կրավորականությամբ մենք չսովորեցինք ինքնուրույն, մեր ազգային հոգեկերտվածքին ու արժեհամակարգին համահունչ ձևավորել ՍԵՓԱԿԱՆ հանրային-հասարակական ՄՇԱԿՈՒՅԹ ՈՒ ԱՐԺԵՔՆԵՐ: Մենք ամեն ինչում այնքան ենք վերածվել «ներմուծող» երկրի, որ դադարել ենք, նույնիսկ փորձ անել «արտադրելու» սեփականը:

Մենք շարունակում ենք պաթոլոգիկ կերպով զգալ «ուղեցույցի», «փարոսի», «մոդելի» կարիքն այս հարցում: Մենք փոխանակ ՄԵՐԸ ստեղծենք, ջիգեր ենք գործադրում «գնալ» դեպի ինչ-որ տեղ: Սրտանց ուզում ենք ՆՄԱՆՎԵԼ եվրոպականին, իբր այն քաղաքակիրթ է, ուզում ենք "չնմանվել" ռուսականին, ասում ենք "թողեք, մի պարտադրեք, թողեք "ձգտենք" սրան, կամ նրան”:

Սեփականն է պետք ունենալ, այդ դեպքում ոչ ոք չի կարող գաղութացնել: Մակեդոնացին դասական հունական մշակույթը վերցրեց-տարավ որ «պարտադրի» Արևելքին, «հելլենիստական» հովերով ետ եկավ...
Citatum:                                              “If You are not Somebody, You can not be Anibody”
Խնդիրը մեր ներսում է, և այնտեղ է պետք փնտրել  հարցերի պատասխանը: Մեր խնդիրների լուծման բանալին մեր ներսում է:

воскресенье, 18 августа 2013 г.

ՋԱՅԼԱՄԸ ՈՐՊԵՍ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ – ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ, ԿԱՄ Ո՞ՒՄՆ Է, ՎԵՐՋԱՊԵՍ, ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ


Վերջերս հանրության մեջ բուռն քննարկման առարկա է դարձել Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի նամակը` ուղղված Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Նամակի էությունը վերաբերում էր վերջին տարիներին Հայ եկեղեցում տեղ գտած որոշ անհարիր երևույթներին, հայ հոգևորականին ոչ վայել պահվածքին, ընչասիրությանը, նյութականի հանդեպ չափից ավելի դրսևորած վերաբերմունքին, ինչպես նաև որոշ մանրամասներ են բացահայտվում ՀԱԵ Ֆրանսիայի թեմի առաջնորդի հրաժարականի հետ կապված: Ու չնայած նամակը գրված է բարձրաստիճան եկեղեցականին հարիր հարգանքով ու արարողակարգային հավելումներով, բովանդակությունը բավականին սուր և սթափեցնող էր:

Մայր Աթոռից մի քանի օր շարունակ հերքում էին նման բովանդակությամբ նամակի ստացումը, բայց Սրբազան պատրիարքն անդրդվելի էր և նամակի առաքումը կրկնեց այնքան, մինչև հասցեատերերը հավատացին իրենց աչքերին:

Քննարկումը, սակայն, նամակի բովանդակությունից տեղափոխվեց այլ հարթություն, այն է` կպատշաճե արդյոք եկեղեցու կառավարման ներքին խնդիրները դարձնել հրապարակային քննարկման առարկա: Իսկ առիթը նամակի հանրայնացումն էր, որը միտումնավոր, թե ակամա, տեղի ունեցավ և բորբոքեց կրքեր հանրության լայն շրջանում:

Հանրության ականջին սովորական էին դարձել վերջին տասնամյակում ՀԱԵ որոշ բարձրաստիճան «սպասավորների» վերաբերյալ արվող բացահայտումները, մամուլի հրապարակումները և տարածվող խոսակցությունները: Ժողովրդական բանահյուսությունը հետ չէր մնում այս ամենից և «լրացնում էր» թեման անեկդոտներով և զանազան ծիծաշարժ պատմություններով:

Սակայն պարզ երկնքում ամպրոպի պես ճայթեց նման Բարձր ատյանից` Հայ առաքելական եկեղեցու նվիրապետական աթոռից, Երուսաղեմի հայոց պատրիարքությունից հնչեցված մեղադրանքները ու սուր քննադատությունը, և հանրությունը շոկ ապրեց:

 
Իրոք, մտահոգիչ է լսել նման բաներ արդեն Եկեղեցու բարձրաստիճան խողովակներից, սակայն այստեղ, կարծում եմ, կա առավել կարևոր ու մեթոդաբանական հարց, առավել սկզբունքային խնդիր, քան նամակի բովանդակությունն է: Դա հանրության արձագանքն է, մոտեցումն է հարցին, դրա հանրային ընկալումներն ու մեկնաբանությունները:

Արդյո՞ք կարելի է խոսել եկեղեցում առկա խնդիրների մասին բարձրաձայն, թե՞ դա մի գաղտնի ոլորտ է, խիստ կապակցված ազգային և պետական անվտանգության հետ (ինչպես իրենց ասուլիսում և հայտարարության մեջ նշել են որոշ երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ), որը խորհրդավորության շղարշով պարուրված պետք է զերծ լինի սովորական մահկանացուներիս աչքերից:

Արդյո՞ք եկեղեցին հանրությունից սերված և հանրությանը հոգևոր ծառայություն մատուցող, բովանդակությամբ` թեև հոգևոր, բայց` հանրային-հասարակական կառույց է, թե այն վերազգային ու վերհասարակական մի ինստիտուտ է` իր խնդիրներով ու արատներով հանրությանը տակավին անհասկանալի, անհասանելի ու անմատչելի:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հայ ժողովրդինն է, հայ ազգինն է, ողջ հայությանը` Հայրենիքում և Սփյուռքում, սերված նրանից և կոչված ծառայելու նրան: Քրիստոնեության հոսանքների մեջ չեմ մտաբերում մեկ այլ եկեղեցի, որի անվանման մեջ այսպես ընդգծված էթնիկ պատկանելիության նշում լինի: Նույնիսկ պատմականորեն այն ավելի մոտ ու ավելի սերտ է կապված եղել հանրությանն ու ժողովրդին, քան քրիստոնեական այլ եկեղեցիները, մեր եկեղեցին «ժողովրդական» եկեղեցի է եղել, եթե կարելի է սույն եզրը կիրառել կրոնական կառույցի հանդեպ: Միգուցե այդ «մտերմությունն» է, որ եկեղեցու միջնադարյան պատմության մեջ չի խոսվում ինկվիզիցիայի մասին: Հայ եկեղեցական ժողովները օրինակ կարող են ծառայել բազմակարծության և ժողովրդավարության դրսևորման իրենց ձևերով ու եղանակներով:

Եվ ահա, 21-րդ դարում փորձ է արվում օտարել այն հանրությունից, իբր «բարձր պահելու համար» եկեղեցու անունն ու հեղինակությունը:

Չեմ ուզում «օֆշորային» պատվերի կարգին դասեմ վերջին տարիներին մի ակնթարթում խորը ու խիստ հավատացյալ դարձած սովետական աթեիստ գիտնականների ու չինովնիկների արագ արձագանքը և Պատրիարքին ուղղված բրեժնևյան ոգով գրված «ասուժդամսները»:

Բայց կուզենայի մի հանգամանքի վրա սևեռել մեր ուշադրությունը:

Ավելի քան 1700-ամյա Հայ առաքելական եկեղեցու անունն ու վաստակած հեղինակությունը որպես ասպար օգտագործելը` կոծկելու եկեղեցու ներկայիս աղաղակող թերությունները և օրըստօրե ահագնացող խնդիրները, կամ, առնվազն` կանխելու դրանց շուրջ ծավալվող քննարկումներն ու երխոսությունը, շատ անհեռանկար ու վտանգավոր ճանապարհ է: Այն տանում է դեպի այդ խնդիրների սրացում, դեպի եկեղեցու ու հասարակության միջև արդեն գոյացող անջրպետի խորացում, դեպի եկեղեցու վարկի ու հեղինակության սասանում:
 

Վերջում` մի բան:

Հիվանդության բուժումը սկսվում է պարզ երկխոսությունից, հիվանդի ու բժշկի զրույցից, հիվանդի «ինքնախոստովանությունից»:
Այդպես է թե՚ աշխարհիկ, թե՚ հոգևոր կյանքում:

-         Ո՞րտեղդ է ցավում, ի՞նչ ես կերել, իսկ այսպես ցավո՞ւմ է…. և այլն:

Որից հետո կատարվում է ախտորոշումը և բուժումը:

Առողջ հասարակության հիմքը երկխոսությունն է, երբ առկա խնդիրների շուրջ, լինեն դրանք քաղաքական, հասարակական, թե` հոգևոր-եկեղեցական, բաց և հրապարակային երկխոսություն է ընթանում: Սա է առողջացման միակ ճանապարհը: Այլ ճանապարհ չկա:



Cicatum:                                  Надпись в зоопарке: “Страусов не пугать, пол бетонный”

 

18.08.2013աՀկկ

четверг, 15 августа 2013 г.

ԻՄ ՎԻՇՏԸ. ՄՏՈՐՈՒՄՆԵՐ

Այո, ես վշտի մեջ եմ... խոր վշտի: Մերս այլևս չկա...

Բայց վիշտը միակ զգացմունքը չէ, որ համակել է ինձ: Ցասումի հասնող զայրույթը սաստկացնում է վիշտս, մղում խորհելու ու խոսելու:

Ես զայրացած եմ մորս անժամանակ ու անբնական մահից: Զայրացած եմ, որ մերս զոհը դարձավ խորը գավառականության ու էգոիզմի, տարիներ շարունակ կրած զրկանքների, հոգեկան տառապանքների, կանացի ու մարդկային արժանապատվության նսեմացման, արհամարհանքի ու չգնահատվածության:
Վերջապես զայրացած եմ մեր հասարակության մեջ վաղուց և խորը արմատներ գցած ձևապաշտությունից և կեղծավորությունից: Իհարկե, պատվելի է մորս հոգեհացին մեկուկես հարյուր մարդու ներկայությունը: Բայց դրանց գերակշիռ մասը իրականում ոչ մի կապ չունի իմ վշտի, ու հետևապես` դրա սփոփման հետ:
Նրանց մեծ մասին առաջին անգամն եմ տեսնում, նրանք էլ` ինձ ու ճշմարիտ չի թվում ինձ սփոփելու` նրանց «վճռական» ներկայությունը:

Անտեղյակ իմ ընտանիքի առօրյային, իմ խնդիրներին ու իմ ցավին, մորս` տարիներ շարունակ կրած տառապանքին, ինձ կարեկցելու` նրանց բուռն մղումը կեղծ է թվում, ասած խոսքն ու խմած կենացը` խիստ պայմանական ու ձևական: Ու այս ամենը զայրացնում է, վիշտն ու ցավը այդ զայրույթը վերածում է ցասման, ու ուզում ես գոռալ. «Տո ստի մերը...., թե դու խաբար ես` ինչը ոնց ա եղել....»:
27 դեկտեմբերի 2012թ.

Մորս մահարձանը լավ ա ստացվել: Մի քիչ նկարը նման չի, ավելի լավը կուզենայի, բայց էլի վատ չի:
Բայց էլի սփոփանք չի գալիս վրաս...
Մարդուն պետք է հարգել ու սիրել նրա կենդանության օրոք, կենդանի մարդուն է պետք մեծարել, արժևորել, զարգացնել, աճեցնել ու քաղել դրա պտուղները:
Իսկ մահից հետո գրոշի արժեք չունի, թե դու քո փառասիրության համար ինչեր կանես, ինչ մահարձան կամ` թեկուզ դամբարան կսարքես, թեկուզ` Թաջ-Մահալ սարքես...
Ու դա ոչինչ էլ չի ասում մարդու հանդեպ քո իրական վերաբերմունքի մասին:
Կենդանի մարդուն ա պետք ծաղիկ նվիրել...

15 սեպտեմբերի 2013թ.

пятница, 17 мая 2013 г.

ԳԱԶԸ, ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿՈՄՊԼԵՄԵՆՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ


Citatum:                                              …или у кого-то есть другие соображения?!
И.В.Сталин

Ամեն ինչ այս կյանքում իր գինն ունի. Աքսիոմատիկ այս ճշմարտությունից զերծ էչ նաև Մեծ քաղաքականությունը: Քիչ է ասել՝ «զերծ չէ», այն հենց խիստ հաշվարկների վրա էլ հիմնված է, հաշվարկների ու շահերի: Մնացածը՝ «ազգերի եղբայրություն», «ռազմավարական գործընկերներ», «եղբայրական (մեծ-ախպերական) ժողովուրդներ», ինչպես ասում են, քնարերգություն է, լիրիկա:


«Հայաստանը պատրաստվում է ստորագրել «Ասոցացման համաձայնագիրը», «Խորը և համապարփակ ազատ առևտրի» պայմանագիը, որն անելուց հետո անհնար կլինի Եվրասիական միությանը միանալը: Այդ երկուսը բացառում են միմյանց: Կապված տնտեսական հարցերի հետ՝ երկիրը չի կարող միաժամանակ մտնել խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մեջ լինել և առանձին պայմանագիր ստորագրել Եվրասիական միության հետ:»

Եվրոպայի խորհրդի արտաքին հարաբերությունների   փորձագետ Ժաննա Կոբզովա

«Հայաստանը պետք է կատարի ոչ թե աշխարհքաղաքական, այլ՝ քաղաքակրթական ընտրություն»
Զդիսլավ Ռաչինսկի, Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան


Գազի գինը բարձրանալու է: Արդեն կասկած չկա: Այս անգամ՝ հաստատ: Արդեն մեկ-երկու տարի տևած խոսակցությունները առարկայացան հայաստանյան ընտրական ցիկլի ավարտին համահունչ:

Սա այն գինն է, որն առայժմ վճարելու է Հայաստանը Եվրոպական միության հետ «խաղեր» տալու համար: Դժվար է ասել՝ սրանով կավարտվի կայսերապաշտական քաղաքականությունը:

Բայց դա էլ ամբողջը չէ: Երեկ տեղեկատվություն տարածվեց, որ Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազան համալրվում է տարածաշրջանում նմանը չունեցող հրթիռային սպառազինությամբ:

Ինչպես ИА REGNUM գործակալությանը հայտնել է Ռուսաստանի զինված ուժերում առկա աղբյուրը, բազայի սպառազինման համար սկսվել է նոր ծանր տեխնիկայի մատակարարումը, իսկ շուտով կմատակարարվի լուրջ հրթիռային սպառազինություն: «Ամենայն հավանականությամբ` խոսքը գնում է «Իսկանդեր-Մ» օպերատիվ տակտիկական հրթիռային համակարգի և «Տորնադո» համազարկային համակարգի մասին»,- հաղորդել է անանուն աղբյուրը: Արժի նշել, որ «Իսկանդեր-Մ» օպերատիվ տակտիկական հրթիռային համակարգը անսխալ կարող է խոցել մինչև 500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախները, ընդ որում, թռիչքի հետագծի առանձնահատկություններից ելնելով` ոչ մի հակահրթիռային համակարգ ի զորու չէ դրանք վնասազերծել:

Ի՞նչ է սա. Ռազմական ներկայության ամրապնդո՞ւմ: Ի՞նչ նպատակով:

Կարելի է բացատրությունը սկսել պարզապես ժամանակակից ռազմական տեխնիկայով ռազմաբազան վերազինելու Ռուսաստանի ընթացիկ գործողություններից և ավարտել գլոբալ տարածաշրջանային սպասվող ռազմական գործողություններին պատրաստ լինելու՝ ժամանակի հրամայականով:

Հարցերը շատ են: Պատմական, աշխարհաքաղաքական, տնտեսական բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններով պայմանավորված մեր պետության տոտալ կախվածությունը մեր հյուսիսային «ռազմավարական» գործընկերոջից աննախադեպ է: Այդպիսին, հավանաբար, կլինի տեսանելի ապագայում:

Ասում են՝ մեր արևմտյան դարավոր ոխերիմ հարևանից ռազմական ագրեսիայի մշտական վտանգը այդ աննախադեպ կախվածության հիմնական պատճառն է: Թերևս:
Ցանկալի կլիներ միայն հասկանալ: Կարելի է դեռևս ջանքեր գործադրել երկրի արտաքին քաղաքականության, իսկ Հայաստանի նման «խեղճուկրակ» պետության համար՝ «արտաքին քաղաքական կախվածության» դիվերսիֆիկացման ուղղությամբ, թե, ինչպես ասում էր մեր ընկերներից մեկը «արդեն ուշ ա~»:

пятница, 26 апреля 2013 г.

ԱՅՐԵԼ, ԹԵ ՉԱՅՐԵԼ… ԱՅՍ Է ԽՆԴԻՐԸ


Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումների համատեքստում ի թիվս այլ հարցերի ակտիվորեն քննարկվում էր նաև ավանդական դարձած "ջահերով երթի" ժամանակ թրքական դրոշն «այրել-չայրելու» հարցը:
Ոմանք դա հայրենասիրության և պահանջատիրության անզիջում պայքարի ակնառու դրսևորում են որակում, մյուսները` անպտուղ շոու, մի մասը կարծում է, թե դա քաղաքական ակցիա է` ուղղված «արևմուտքին», որոշ վերլուծաբաններ էլ դա որակում են «լածիրակություն», հիմնավորելով, թե «մենք Պետություն ե՞նք, թե՞ Պաղեստինի նման խալխ...»: Հիմա` ի՞նչ անել. Այրե՞լ, թե՞...

Միանգամից ասեմ` այրե՚լ: Այրել, ցույց տալու թրքական պետության և նրա ժխտողական պետական քաղաքականության հանդեպ վերաբերմունքը:
Եվ պետք չէ ասել, որ դա քաղաքական կոռեկտությունից դուրս է: Ընդհանրապես հասկանալի չէ «քաղաքական կոռեկտության» եզրի կիրառումը մի պետության հանդեպ, որն այդ եզրույթի հետ որևէ աղերս չունի և երբևէ չի ունեցել Հազար տարում` հազիվ դառավ մարդասպան» Հովհ.Թումանյան):

Հիմա` երկու վերապահում:
Առաջին. դա պետք է անեն բացառապես քաղաքական ուժերի ներկայացուցիչները, երիտասարդները, մասնավորապես, ինչը և արվում է: Պետությունն այս ակցիային չպետք է ունենա առնչություն: Մեր պետությունը թրքական ժխտողականության դեմ պետք է պայքարի միջազգային քաղաքականության և դիվանագիտության հարթության մեջ:

Երկրորդ. այրել է պետք ոչ այնքան Երևանում, որքան Վաշինգտոնում, Լոս-Անջելեսում, Բրյուսելում, Ստրասբուրգում, Թել-Ավիվում, Բեռլինում, Մոսկվայում, Ստամբուլում (եթե վաղը-մյուս օրը իրեն քաղաքակիրթ հռչակած Թուրքիայում խոսքի ազատությունը նման «գերաճ» տա...), և այլուր: Այրել դեսպանատների դիմաց, այլոց աչքի առաջ, ի ցույց դեսպանների, դիվանագետների, այդ երկրների իշխանությունների և հասարակությունների:
 
Այրել, ու ասել` թե ինչու ենք այրում այդ պետության խորհրդանիշը:
Այրում ենք, որովհետև այդ պետությունը ժխտում է, ուրանում է իր կատարած հանցագործությունը, դա անում է տասնամյակներ շարունակ, համակարգված, հետևողական, օգտագործելով իր բոլոր միջոցները, ի հեճուկս աշխարհի բազմաթիվ պետությունների ու միջազգային կազմակերպությունների` այս հարցով ունեցած հստակ դիրքորոշմանը, նրանց կողմից ընդունած ու դեռևս ընդունելիք փաստաթղթերի:

Պետության խորհրդանիշի այրումը, առհասարակ, շատ հասցեական քաղաքական ակցիա է: Սա քաղաքական պայքարի գործիք է և պետք է կիրառվի ճիշտ և նպատակային:
Հարկ է փաստել, որ մեր հանրության մեջ մոտեցումների բազմազանություն և նմանատիպ դիսկուրսներ միայն այս հարցով չէ, որ առկա են: Ցավոք, տարակարծությունները վերաբերում են ազգային մեր շատ հարցերին ու հիմնախնդիրներին, Հայ դատի ու պահանջատիրության բազմաթիվ ասպեկտներին: Տարբեր են պետական պաշտոնական ու քաղաքական կուսակցությունների մոտեցումները, սփյուռքյան և հայաստանյան կազմակերպությունների մոտեցումները, հետազոտական կենտրոնների և անհատ փորձագետների, գիտնականների մոտեցումները: Եվ այդ տարբերությունները թե՚ վերջնանպատակին են վերաբերում, թե՚ իրագործման ուղիներին:
 
Մինչդեռ, Հայոց պահանջատիրությունը պետք է ունենա մեկ միասնական կոնցեպտ: Բաղկացած լինի ձևակերպված նպատակից, խնդիրներից, գործողությունների ծրագրից: Այդ ծրագրում պետք է տեղ գտնեն քաղաքական, իրավական, դիվանագիտական, տեղեկատվական, տնտեսական, ինչու չէ` նաև մշակութային պայքարի ամենաբազմազան ձևերը, որոնք պետք է կյանքի կոչվեն զուգահեռաբար, մեկը մյուսի հետ համակցված, անպայմանորեն ճիշտ դերաբաշխումով: Արդյունքը միայն այդ ժամանակ ի հայտ կգա:

Վերջապես, խնդիրը «այրել-չայրելը» չէ: Կարելի է և չայրել, եթե հարցի համակողմանի քննարկումները հանգեցնեն քաղաքական այդ ակցիայի անարդյունավետության կամ ժամանակավրեպ լինելու եզրակացության: Խնդիրը, մեծ հաշվով, կոնցեպտի առկայության և միասնական մոտեցման մեջ է. թե՚՚ Հայոց պահանջատիրության պայքարի թեկուզ և փոքր, բայց այնուամենայնիվ` բաղադրիչ հանդիսացող այդ եղանակի կիրառման, և` թե՚ համազգային նշանակության հիմնախնդիրների լուծման ուղիների առումներով, ընդհանրապես: Սրանք այն հարցերն են, որտեղ քաղաքական բազմակարծությունը ոչ միայն արդյունավետ չէ, այլև թույլատրելի չէ, ավելին` վտանգավոր է:
Cicatum:                                           «Է~, բա եղա՞վ... հինգ հոգով վեց երգ ենք երգում...
Հարյուր հոգով մի երգ պիտի երգենք, որ օճորքը քանդվի":
«Եռանկյունի» ֆիլմից