Շատ է
խոսվում տեղեկատվական պատերազմների մասին: Առավելապես վիրտուլ մեր աշխարհում, երբ
ղեկավարությունները և հասարակությունները ոչ “հավես”, ոչ էլ ժամանակ ունեն
խորամուխ լինելու իրենց համար փոքր ու անկարևոր երկրի խնդիրներին, տեղեկատվության
հրատապ և տեղին տրամադրումը դառնում է հրամայական:
Գաղտնիք չէ,
որ վերջին ամիսներին աշխարհում տեղի ունեցող գլոբալ փոփոխությունները` աշխարհի
բազմաբևեռացման միտումները, քաղաքական թատերաբեմ նոր “տարածաշրջանային
խաղացողների” ի հայտ գալը, հարավօսական հակամարտությունը և վերջապես միջազգային
ֆինանսա-տնտեսական ճգնաժամը նոր և դժվարին մարտահրավերներ են Հայաստանի համար:
Ու քանի որ
ցանկացած հիմնախնդիր իր մեջ նաև հնարավորություն է պարունակում, մեր
երկրի համար ստեղծվել է բացառիկ հնարավորություն ավելի նախաձեռնողական արտաքին
քաղաքականություն իրականացնելու ճանապարհով արդյունավետ դուրս գալ այս իրավիճակից,
տարածաշրջանում դառնալով ավելի մրցունակ: Ավելին, “ձախողված” Վրաստանի և
միապետական Ադրբեջանի ֆոնի վրա, մենք հայտ ենք ներկայացնում Հայավային Կովկասում
Արևմուտքի միակ կայուն և հուսալի գործընկերոջ դերը ստանձնելու:
Այս
պարագայում բացի արտաքին քաղաքականության պետական-պաշտոնական վարումից, պակաս
կարևոր չեն նաև զանազան հասարակական մակարդակներում միջազգային շփումները: Գաղտնիք
չէ, որ, նախ, արևմտյան վերլուծական շատ կենտրոններ, իրենց երկրների ղեկավարությանը
ներկայացված` այս կամ այն պետության մասին եզրակացությունները հաճախ կառուցում են
նաև այդ միջազգային հասարակական շփումների ժամանակ անցկացրած մասնավոր զրույցների,
ուսումնասիրությունների, ներքին տրամադրությունների վերծանման, մի խոսքով, այսպես
կոչված` “զոնդաժի” հիման վրա:
Ասելով
միջազգային հասարակական շփումներ, ի նկատի ունեմ ամենաբազմազան ու բազմապիսի
միջազգային ֆորումները, սեմինարները, գիտաժողովները, տարբեր երկրներում անցկացվող
դիտորդական և այլ առաքելությունները, որոնց Հայաստանից` որպես հրավիրվածներ,
մասնակցում են ինչպես հասարակական կազմակերպություններ, այնպես էլ անհատ
մասնագետներ ու փորձագետներ:
Խնդիրն այն
է, որ միջազգային այդ միջոցառումներին Հայաստանից մեկնողների զգալի մասը
“քաղաքաքականապես պատրաստված” չեն, նրանց հետ /խոսքը հատկապես երիտասարդների մասին
է/ չեն իրականացվում համապատասխան աշխատանքներ` պետության առկա խնդիրների մասին
գոնե ընդհանրական պատկերացում կազմելու, մեր երկրի ու ժողովրդի մոտեցումներն ու մտահոգություններին
տեղեկանալու, մեր երկիրը դրսում պատշաճ ներկայացնելու ուղղությամբ: Էլ չեմ խոսում
մեր պետության համար կենսական նշանակություն ունեցող` ղարաբաղյան հիմնախնդրի,
հայ-թուրքական հարաբերությունների, Հայոց ցեղասպանության և այլ հարցերի վերաբերյալ
երիտասարդների մշուշոտ պատկերացումների մասին:
Փոխարենը մեր
արևելյան հարևանի մոտ այս հարցը վաղուց գտնվում է պետական ամենալուրջ հսկողության
տակ, դրանով զբաղվում է միաժամանակ մի քանի գերատեսչություն` նախագահականը,
Ազգային անվտանգությունը, Արտգործնախարարությունը և այլն: Արդյունքում, նրանց
“փորձագետները” միջազգային որևէ հանդիպման ժամանակ շատ ավելի “իրազեկ են”
քաղաքական խնդիրներից և կարողանում են “պատշաճ” ներկայացնել դրանք միջազգային
հանրությանը:
Ինչպես ասում
էր հայտնի ֆիլմի հերոսը -Ну, вот, видите? Ихняя профессура готова к бою, а наша только умеет ловить
бабочек…
Առաջին հայացքից ոչ այնքան կարևոր թվացող այս խնդիրն իրականում ունի շատ խորը գնացող հետևանքներ և կապված է մեր պետության արտաքին քաղաքականության և դիվանագիտության հասարակական աջակցման, միջազգային հանրության կարծիքի ու դիրքորոշման վրա ներազդման, տեղեկատվական պատերազմում /որն ի դեպ դեռևս մնում է մեր արտաքին քաղաքականության “աքիլլեսյան գարշապարը”/ զգալի ձեռքբերումների հետ:
Ժամանակն է,
որ այս խնդիրն արժանանա արտաքին քաղաքականության համար պատասխանատու պաշտոնատար
անձանց ուշադրությանը, հիմա առավել քան երբևէ կա դրա կարիքը, որպեսզի ներկա
աշխարհքաղաքական մարտահրավերների պայմաններում մենք գործենք առավել միասնական ու
համակարգված, աշխարհին ներկայանանք առավել պատշաճ:
Комментариев нет:
Отправить комментарий