среда, 15 апреля 2009 г.

ԽՈՍՔՆ ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՄ ԾՈՒՌ ՀԱՅԵԼԻՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ


Citatum:                              Աշխարհում անշուշտ բարին շատ է, բայց չարն ավելի «կազմակերպված» է գործում:

Աշխարհն ունի երկու սկիզբ` բարի և չար: Դրանցից մեկը արարող է, մյուսը` ավերող: Սա աստվածաշնչյան ճշմարտություն է: Կյանքը այդ երկու գործընթացների` արարման և ավերման հերթափոխ և պայքար է, որտեղ անշուշտ հաղթում է բարին և աշխարհն արարվում է:
Դասական թերմոդինամիկայի գիտական տերմիններով ասած` համակարգը իր միջից դուրս է բերում էնթրոպիան` համակարգի քաոտիկության աստիճանը, գալով հավասարակշռության:
Լրատվությունը և տեղեկատվության ստացման իրավունքը լավ բաներ են, խոսքի ազատությունը արդի հասարակության առողջ զարգացման անհրաժեշտ պայման է: Բայց ինչպե±ս օգտվել այդ խոսքի ազատությունից, ինչպե±ս գործածել ԽՈՍՔԸ, որ այն չարիք չդառնա հասարակության համար, որ այն «արարի» և ոչ թե` «ավերի»:
Խոսքի ազդեցության ուժը վիթխարի է (Ի սկզբանե ԲԱՆՆ էր): Դեռ նախամարդու ժամանակաշրջանից ցեղերում եղել են «շամաններ», «կախարդներ», որոնք խոսքով կարողացել են ներգործել այդ ցեղի անդամների, առաջնորդների վրա:
Հին հույները քաղաքակրթական որակ հաղորդեցին «խոսքին», ստեղծելով խոսքի մշակույթը, ճարտասանությունը և հռետորական արվեստը:
Միջնադարում Աստծո խոսքն ինկվիզիցիայի կացին դարձրած «քրիստոնյաները» դաժանորեն գլխատում էին այլախոհությունն ու այլակարծությունը:
Ռեֆորմատորներըդոգմատիկխոսքին հակադրեցինռացիոնալ ու բանականխոսքը` խոսքը մեռավ, կեցցեխոսքը: «Պետությունն այդ ես եմ», «Ազատություն, հավասարություն, եղբայրություն», «Պրոլետարներ բոլոր երկրների, միացեք», «Ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, խոսքի ազատություն» .
«Ազատություն» լավ բառ է, «խոսքի ազատություն»` հիանալի է: Իսկ ուր է խոսքի պատասխանատվությունը: Փոքր երեխայի ու լուցկու պատմությունն է:

Ամեն օր մամուլում և հեռուստատեսությամբ ականատես ենք լինում սանձազերծ ու անպատասխանատու խոսքին, կենցաղային բամբասկոտությանն ու ճոռոմաբանությանը, ամենն ու ամենքին ցեխոտելու, փնովելու, մեղադրելու, մեսսիայի դիրքերից անթաքույց հանդես գալու առաքելությանը:
 Ինքնանպատակ քննադատությունն ու դատախազական կեցվածքը կարծես կենսաձև են դարձել ու արդեն ամոթ է որևէ բանի մասին լավը խոսելը: «Վատը լավ եմ տեսել ես»,- կասեր Ամենայն հայոց բանաստեղծը: Բայց մենք, իհարկե, շատ ավելի «իմաստուն» ենք և դրա կարիքը չունենք: Կարիք չկա տեսնելու, մատնացույց անելու, խրախուսելու լավը, կարիք չկա լավը սերմանելու և քարոզելու: Կարևորը` ճիշտ ժամանակին ճիշտ մատը ճիշտ աչքը խոթելն է, մնացածը` կստացվի, հասարակությունը կկառուցվի, քաղաքակրթական մշակույթը ինքն իրեն կգա
Հապա` արժեքները…  Հազարամյակների քաղաքակրթություն և արժեքներ ունեցող ազգը թերարժեքների ու տկարամիտների մի փոքր խմբին տուրք տալով ուղենիշ է վերցրել երկրպագելու զոռբայությանն ու անհանդուրժողականությանը, սանձազերծությանը, օրինազանցությանն ու կամայականություններին, գաղափարական և ստեղծագործական միջակությանը, անորակ արհեստի մակարդակի իջեցված արվեստին
Եվ այս ամենը մեդիայի գործառնական աջակցմամբ ու բարձրաձայն ծափողջույններով` պատճառաբանմամբ, թե «սա է պահանջարկված հասարակության կողմից»:
Ասում են` մեդիան հասարակության հայելին է, մեզ մոտ, չգիտես ինչու, այն ծուռ հայելի է, նայելիս տեսնում ես քեզ այլայլված ու խեղափոխված այն աստիճան, որ նայելու ցանկությունդ շատ շուտ վերանում է: Բայց այդ զբաղմունքը որոշներին շատ է դուր գալիս` թե նայողների, թե այդ հայելին «շինողների» շրջանում և մենք ակամա հայտնվում ենք Ծուռ հայելիների թագավորությունում: Թե ինչքանով է այս պարագայում մեր հասարակությունը առողջ, կամ միտված առողջացման` դատեք ինքներդ:

Citatum:                       В начале было Слово… Однако, судя по тому, как развивались события дальше, Слово это было непечатным.
М.Жванецкий

ապրիլ 2009


հրատարակվել է    "ԱԶԳ" օրաթերթում, 02 հուլիսի 2009թ.

понедельник, 30 марта 2009 г.

ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ…


Շատ է խոսվում տեղեկատվական պատերազմների մասին: Առավելապես վիրտուլ մեր աշխարհում, երբ ղեկավարությունները և հասարակությունները ոչ “հավես”, ոչ էլ ժամանակ ունեն խորամուխ լինելու իրենց համար փոքր ու անկարևոր երկրի խնդիրներին, տեղեկատվության հրատապ և տեղին տրամադրումը դառնում է հրամայական:

Գաղտնիք չէ, որ վերջին ամիսներին աշխարհում տեղի ունեցող գլոբալ փոփոխությունները` աշխարհի բազմաբևեռացման միտումները, քաղաքական թատերաբեմ նոր “տարածաշրջանային խաղացողների” ի հայտ գալը, հարավօսական հակամարտությունը և վերջապես միջազգային ֆինանսա-տնտեսական ճգնաժամը նոր և դժվարին մարտահրավերներ են Հայաստանի համար:

Ու քանի որ ցանկացած հիմնախնդիր իր մեջ նաև հնարավորություն է պարունակում, մեր երկրի համար ստեղծվել է բացառիկ հնարավորություն ավելի նախաձեռնողական արտաքին քաղաքականություն իրականացնելու ճանապարհով արդյունավետ դուրս գալ այս իրավիճակից, տարածաշրջանում դառնալով ավելի մրցունակ: Ավելին, “ձախողված” Վրաստանի և միապետական Ադրբեջանի ֆոնի վրա, մենք հայտ ենք ներկայացնում Հայավային Կովկասում Արևմուտքի միակ կայուն և հուսալի գործընկերոջ դերը ստանձնելու:

Այս պարագայում բացի արտաքին քաղաքականության պետական-պաշտոնական վարումից, պակաս կարևոր չեն նաև զանազան հասարակական մակարդակներում միջազգային շփումները: Գաղտնիք չէ, որ, նախ, արևմտյան վերլուծական շատ կենտրոններ, իրենց երկրների ղեկավարությանը ներկայացված` այս կամ այն պետության մասին եզրակացությունները հաճախ կառուցում են նաև այդ միջազգային հասարակական շփումների ժամանակ անցկացրած մասնավոր զրույցների, ուսումնասիրությունների, ներքին տրամադրությունների վերծանման, մի խոսքով, այսպես կոչված` “զոնդաժի” հիման վրա:

Ասելով միջազգային հասարակական շփումներ, ի նկատի ունեմ ամենաբազմազան ու բազմապիսի միջազգային ֆորումները, սեմինարները, գիտաժողովները, տարբեր երկրներում անցկացվող դիտորդական և այլ առաքելությունները, որոնց Հայաստանից` որպես հրավիրվածներ, մասնակցում են ինչպես հասարակական կազմակերպություններ, այնպես էլ անհատ մասնագետներ ու փորձագետներ:

Խնդիրն այն է, որ միջազգային այդ միջոցառումներին Հայաստանից մեկնողների զգալի մասը “քաղաքաքականապես պատրաստված” չեն, նրանց հետ /խոսքը հատկապես երիտասարդների մասին է/ չեն իրականացվում համապատասխան աշխատանքներ` պետության առկա խնդիրների մասին գոնե ընդհանրական պատկերացում կազմելու, մեր երկրի ու ժողովրդի մոտեցումներն ու մտահոգություններին տեղեկանալու, մեր երկիրը դրսում պատշաճ ներկայացնելու ուղղությամբ: Էլ չեմ խոսում մեր պետության համար կենսական նշանակություն ունեցող` ղարաբաղյան հիմնախնդրի, հայ-թուրքական հարաբերությունների, Հայոց ցեղասպանության և այլ հարցերի վերաբերյալ երիտասարդների մշուշոտ պատկերացումների մասին:

Փոխարենը մեր արևելյան հարևանի մոտ այս հարցը վաղուց գտնվում է պետական ամենալուրջ հսկողության տակ, դրանով զբաղվում է միաժամանակ մի քանի գերատեսչություն` նախագահականը, Ազգային անվտանգությունը, Արտգործնախարարությունը և այլն: Արդյունքում, նրանց “փորձագետները” միջազգային որևէ հանդիպման ժամանակ շատ ավելի “իրազեկ են” քաղաքական խնդիրներից և կարողանում են “պատշաճ” ներկայացնել դրանք միջազգային հանրությանը:

Ինչպես ասում էր հայտնի ֆիլմի հերոսը -Ну, вот, видите? Ихняя профессура готова к бою, а наша только умеет ловить бабочек…

Առաջին հայացքից ոչ այնքան կարևոր թվացող այս խնդիրն իրականում ունի շատ խորը գնացող հետևանքներ և կապված է մեր պետության արտաքին քաղաքականության և դիվանագիտության հասարակական աջակցման, միջազգային հանրության կարծիքի ու դիրքորոշման վրա ներազդման, տեղեկատվական պատերազմում /որն ի դեպ դեռևս մնում է մեր արտաքին քաղաքականությանաքիլլեսյան գարշապարը”/ զգալի ձեռքբերումների հետ:

Ժամանակն է, որ այս խնդիրն արժանանա արտաքին քաղաքականության համար պատասխանատու պաշտոնատար անձանց ուշադրությանը, հիմա առավել քան երբևէ կա դրա կարիքը, որպեսզի ներկա աշխարհքաղաքական մարտահրավերների պայմաններում մենք գործենք առավել միասնական ու համակարգված, աշխարհին ներկայանանք առավել պատշաճ:

Մարտ 2009


հրատարակվել է "ԱԶԳ" օրաթերթում 13 մարտի 2009թ.
http://azg.am/AM/2009031904