вторник, 5 мая 2020 г.

ԸՆՏԱՆԻՔ ԿԱԶՄԵԼՈՒ «ԻՐԱՎՈՒՆՔԸ»


Տղամարդու՝ երկու մանկահասակ երեխայի սպանության և ինքնասպանության ահասարսուռ դեպքը ողջ օրը հանգիստ չի տալիս… տեղս չեմ գտնում….


Հարցն ինձ վաղուց է հուզել, նաև՝ հետաքրքրել: 

Հուզել այն պատճառով, որ տեսել եմ շուրջս տասնյակ դժբախտ ընտանիքներ: Իրար չսիրող ու իրար քայքայող ամուսիններ, անվերջ վեճերի, ծեծուջարդի, ատելության ու արցունքների մեջ մեծացած երեխաներ, կորսված մանկություն, հոգեպես խեղված պատանեկություն:

Այդ դժբախտ պատանիները մեծացել են և իրենց «խեղումների հետ միասին» կազմել նոր դժբախտ ընտանիքներ, դժբախտացրել նոր երեխաներ…. և այսպես շարունակ: Անվերջ շղթա…

Հետաքրքրել է՝ հասկանալու համար պատճառները, փնտրելու ելքեր և լուծումներ՝ կործանարար շղթան կտրելու, շղթան՝ մարդկանց դժբախտացած կյանքերի, խեղված ճակատագրերի, ակամա զոհերի, մեծերի ու երեխաների:
Ի՞նչ անել…Ինչպե՞ս անել: Ո՞րն է ելքը…

Արդյո՞ք պետությունն այստեղ անելիք ունի: Թե՞ դա չի մտնում պետության գործառույթների մեջ: Եվ ի՞նչ պետք է անի պետությունը՝ որպես մեր հասարակական հարաբերությունները կազմակերպող, կարգավորող, որպես առողջ և ներդաշնակ հասարակության համար պատասխանատու ինստիտուտ:

Հասարակութան հոգեկան առողջության խնդիրները բացառիկ կարևոր հարցեր են: Հոգեպես անառողջ հասարակությունը մեծ սպառնալիք է պետության համար: Այդպիսի հասարակության անդամները դժբախտ են, այդպիսի հասարակությունը ծայրաստիճան խոցելի է թե արտաքին, թե ներքին թշնամու առաջ: Այդպիսի հասարակության անդամները երբեք չեն կարող լինել ստեղծարար ու լավատես, հաջողակ ու երջանիկ, նրանք կարող են ձևավորել միայն թույլ և հիվանդ պետություն:

Հասարակության հոգեկան առողջության խնդիրները, սակայն, միայն մարդկանցը չեն: Նույնիսկ միայն հոգեբան-մասնագետներինը կամ հոգեթերապևտներինը չեն: Դրանք նաև, և՝ առավելապես պետության պարտականությունն են՝ սովորական «մարմնական» առողջության պահպանման պարտականության նման:
Չեմ անդրադառնա հոգեկան առողջության պահպանման բազմաթիվ ու բազմապիսի ինստիտուցիոնալ մեխանիզմներին: Դրանք կան, մշակված են և արդյունավետ գործում են բազմաթիվ զարգացած երկրներում: 

Մի պարզ հարցադրում եմ ուզում անել՝ մեկնելու ասելիքս:

Արդյո՞ք ամեն մարդ պետք է ԲՈՒՀ ավարտի: Արդյո՞ք ամեն մարդ պետք է դառնա երաժիշտ, բժիշկ, նկարիչ, տնտեսագետ…. Իհարկե՝ ոչ: Ամեն մարդ պետք է իր ունակություններին, տաղանդին և կոչմանը համարժեք մասնագիտություն ձեռք բերի:

Ի՞նչ է անում այստեղ պետությունը:

Պետությունը սահմանում է չափորոշիչներ, կանոններ և ընթացակարգեր, որոնցով որոշում է այդ ունակությունների համապատասխանությունը մարդկանց ցանկություններին: Մշակում է օրենքներ, սահմանում է կարգեր, կազմակեպում է ընդունելության քննություններ, գիտելիքների և ունակությոնների ստուգման չափորոշիչներ և գործիքակազմեր՝ կատարելու արդյունավետ ընտրություն: Ունենալու համար լավ մասնագետներ, մրցունակ ոլորտներ, ճիշտ իրացված հանրություն և հասարակություն:

Իսկ արդյո՞ք ամեն մարդ պետք է ընտանիք կազմի: Ընտանիքը փոխադարձ հարգանքի և սիրո վրա հիմնված սոցիալական միավոր է, որտեղ հասուն տղամարդն ու կինը որոշել են իրենց բաժին կյանքն անցնել միասին, երեխաներ ունենալ, ծնողական բերկրանք ու պատասխանատվություն վայելել (այո՝ պատասխանատվություն վայելել):

Ընտանիքը նաև համակեցություն է, և այդ համակեցության մեջ ապրելու պատրաստակամություն, ունակություն, կարողություն, միմյանց զիջելու, օգնելու, նեցուկ լինելու կարողություն: Սեփական «ես»-ը, սեփական էգոն ստորադասելու ունակություն և պատրաստակամություն:

Ընտանիքը կենսական արժեքների ու համատեղ արժեհամակարգի իրացման միջավայր է, որտեղ մարդիկ աճում են, կայանում են՝ միմյանց օգնելով և առաջ մղելով, միմյանց ներուժն ու տաղանդը լիարժեք իրացնելով, միմյանց երջանկացնելով ու երջանկանալով, նայելով կյանքում միևնույն ուղղությամբ (դը Սենտ-Էքզյուպերի):

Վերջապես (իսկ ավելի ճիշտ՝ առաջին հերթին) ընտանիքը սիրելու կարողություն է, հոգեկան առողջություն և լիարժեքություն պահանջող: Սիրելու ընդունակությունը Աստծո պարգև է, որ տրված չէ ամեն մեկին:

Ընտանիք կազմելու իրավունքը մարդու բնական և սահմանադրական իրավունք է: Ինչպես կրթություն ստանալու, կամ տնտեսական գործունեությամբ ու ձեռնարկատիրությամբ զբաղվելու իրավունքը:

Բայց ինչո՞ւ է սահմանադարական մի իրավունքի պարագայում պետությունը «ձեռքերը կշտած» կարգավորում այդ իրավունքի իրացումը՝ սահմանում տնտեսական գործունեության չափորոշիչներ և կանոններ, կրթություն ստանալու համար կազմակերպում ընդունելության քննություններ, սահմանում գիտելիքների, ունակնությունների սոտուգման համակարգեր և այլն:

Իսկ ընտանիք կազմողներին չի «կանչում և հարցնում»՝ դու պատրա՞ստ ես զիջել քո էգոյի մի մասը հանուն քո երեխաների կամ կնոջ (ամուսնու): Դու սիրելու, զոհողության գնալու, հանդուրժելու, օգնելու, կարեկցելու (շարունակել՝ ըստ ճաշակի) կարողություններ և ունակություն ունե՞ս: Դու ունա՞կ ես ստորադասել քո անձնային փառասիրությունը, հաղթահարել զանազան վախերն ու թերարժեքությունները՝ հանուն համատեղ նոր իրողությունների:

Կամ ինչո՞ւ չի ստուգում ընտանիք կազմողի հոգեկան առողջության վիճակը, պարզում նրա բացահայտ կամ թաքնված հոգեկան խնդիրները, ստեղծում «ռիսկային» դեպքերի բազա, վիճակագրություն: Ինչո՞ւ է պետությունը միշտ վերջում արձագանքում տարբեր դժբախտություններին և անզոր դիտորդի նման գալիս արձանագրելու արդեն կատարվածը…

Նշածս հարցադրումներով թեստերն ու հարցաշարերն, ի դեպ, կիրառվում են բազմաթիվ եվրոպական երկրներում և ժամանակակից հոգեբանական գիտությունը և հոգեվերլուծական տեխնիկան վաղուց ունեն այդ զինանոցը՝ ամենայն մանրամասնությամբ պարզելու մարդու հոգեխառնվածքի ամեն մանրուք, ամեն բաղադրիչ՝ բնավորության նրբագույն դրսևորումներից մինչև հոգեկան լուրջ շեղումներ:

Պետությունը ստեղծել է ՔԿԱԳ (ԶԱԳՍ) կոչված պետական ինստիտուտը, որը վավերացնում է ամուսնության (ամուսնալուծության) փաստը: Ի՞նչ է տալիս պետական այս օղակը վիճակագրությունից և տնտեսական հաշվարկներից բացի: Արդյո՞ք այն լուծում է այդ ընտանիքների ներքին կայունության և հարաբերությունների որևէ ուսումնասիրության կամ բացահայտման խնդիր: Չեմ կարծում:

Ինչի՞ն է պետք պետական այս մարմնի գոյությունը, եթե այն չի ծառայելու այդ նույն ստեղծվող ընտանիքի «իմաստը» պարզելու և «նպատակը» արդարացնելու կարևոր առաքելությանը:

 ………………...................

Տեղի ունեցած և պարբերաբար տեղի ունեցող դժբախտությունները հանգեցնում են թերևս խիստ, բայց ինչ-որ տեղ արդարացի մտահանգումների:

Ամեն մարդ չէ, որ պետք է իրավունք ունենա ընտանիք կազմի: Ինչպես ամեն մարդ չէ, որ պետք է դառնա բժիշկ, քանդակագործ կամ հոգեբան: Ընտանիք կազմելը նույնպես կարողություն է, ունակությոն, տաղանդ՝ եթե կուզեք: Այն կամ կա, կամ՝ չկա: Եվ պետության խնդիրն է օգնել մարդկանց բացահայտել այդ ունակությունը: Պետության խնդիրն է նախապես բացահայտել հնարավոր ռիսկերն ու վտանգները և կանխարգելել ապագա դժբախտությունները: Հանուն մարդկային կյանքերի, հանուն առողջ ընտանիքների և հանուն առողջ հասարակության:

Հ.Գ.
Արդի քրեագիտությունն ու քրեական հոգեբանությունը տիրապետում են հսկայական վիճակագրական տվյալների, որոնք միարժեքորեն ապացուցում են մարդկանց հանցավոր վարքագծի, զանազան քրեական շեղումների (մանյակալ պահվածք, ատելություն, ագրեսիա, զանազան թերարժեքություններով պայմանավորված հանցավոր վարք, հակահա­սա­րա­կա­կան կայուն դիրքորոշումներ և այլն) և մանկական հասակում անառողջ հարաբերություններով ընտանիքից ձեռք բերած հոգեկան խեղումների  ուղղակի կապը:

четверг, 11 апреля 2019 г.

Ողջունում եմ Ձեզ իմ անձնական Բլոգում


Աստված մի արասցե` ապրեք փոփոխությունների դարաշրջանում...
Կոնֆուցիուս


Հարգելի ընթերցող,

Հարափոփոխ մեր աշխարհում մտածող մարդը վտանգված է առավել: Վտանգված են նրա արժեքները, սկզբունքները, կենսական ուղենիշները: Ելքը խորհելն է. խորախորհուրդ, ազնիվ, «արմատը տեսանելու» բարեպաշտ մղումով:

Այդպիսով, խորհելու իմ փորձն եմ արել` այս հարթակում զետեղելով իմ մտքերն ու խոհերը, եթե թույլ տաք՝ հրապարակախոսությունը մեր իրականության ամենատարբեր խնդիրների շուրջ: Որպես մարդ, որպես հայ, որպես քաղաքացի վերաբերմունքս եմ արտահայտել մեզանում և մեր շուրջը տեղի ունեցող ամենաբազմազան երևույթներին:


Վերլուծական, հրապարակախոսական հոդվածների զգալի մասը տարբեր տարիներին լույս է տեսել տպագիր և էլեկտրոնային մամուլում:

Սերոբ Անտինյան


пятница, 6 апреля 2018 г.

ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՍՊԵԿՏՆԵՐԸ, կամ ՊՈՍՏՍՈՎԵՏԻԿՈՒՍԻ ՀԱՄԱԽՏԱՆԻՇԻ ՃԻՐԱՆՆԵՐՈՒՄ (քաղաքական Էսսե) Մաս-3


Մաս 4: «Կեցցե՜ մեր դատարանը, աշխարհի ամենաարդա՛ր դատարանը…»

Սովետական մարդու «հակապետական» կայուն դիրքորոշումը և դրանից բխող վարքագիծը դրսևորվում էր առանց բացառության հասարակական հարաբերությունների բոլոր ոլորտներում: Պետական չինովնիկի ու միլիցիոների, դատավորի ու դատախազի, կուսակցական ու պետական վերնախավի ցանկացած ներկայացուցչի նկատմամբ առկա էր հասարակական խոր անվստահություն ու հակակրանք: Պետության ու հասարակության միջև անջրպետը այնքան էր խորացել, որ պետության հետ ունեցած ցանկացած հարաբերություն մարդիկ ձգտում էին լուծել «ոչ ֆորմալ» դաշտում՝ կաշառքի, ծանոթի կամ բարեկամի միջոցով, քանի որ ֆորմալ ինստիտուտները չէին աշխատում: Պետության ներկայացուցիչը (միլիցիոներ, քննիչ, դատախազ) մարդկանց ընկալման մեջ ոչ թե օրենքի պահապան ու երաշխավոր էր, ում հարկ էր դիմել անհրաժեշտության դեպքում, այլ ճիշտ հակառակը՝ մի նոր պրոբլեմ, մի նոր «գլխացավանք», «շառ ու փորձանք», ումից անհրաժեշտ էր հնարավորինս հեռու մնալ:

Եվ հակառակը, հասարակական տոտալ անվստահության պայմաններում պետությանը «վստահող», նրա ներկայացուցչի հետ հարաբերություն ունեցող և անհրաժեշտության դեպքում՝ դիմողները, այդ հասարակության մեջ պիտակավորվում էին որպես «գործ տվող» և բանսարկու:

Զարմանալի և տարօրինակ է, բայց Խորհրդային Միության մեջ պլանային էր ոչ միայն տնտեսությունը: Պլանային էր ամեն ինչը՝ դեմոգրաֆիան, սպորտային ցուցանիշները, նույնիսկ ԲՈՒՀ-երի և դպրոցների (!) տարեվերջյան քննական արդյունքների ցուցանիշները (կար «գերազանցության» գնահատականի, կարմիր դիպլոմների, դպրոցական ոսկե մեդալների «լիմիտ»)…

Այս ամենը, անշուշտ, չէր կարող չառաջացնել նորմալ, բանական մարդկանց զայրույթը և խոր հակակրանքը պետության և նրա ստեղծած համակարգի նկատմամբ:

«Ազատ շնչող մարդու» հայրենիքում պլանային էր իրավապահ և դատաիրավական համակարգերի ողջ գործունեությունը. Պլանային էին դատարանների, դատախազության ու քննիչների աշխատանքային արդյունքները, ներքին գործերի համակարգում հանցագործությունների բացահայտման ցուցանիշները: Այս վերջին «պլանը» ուղղակի աղետ էր անմեղ մարդկանց գլխին, որոնց վրա «բարդում էին» գործեր, խեղում մարդկային ճակատագրեր:

Citatum:                                    Շեկոյան:
-       Գառնի՛կ, կենտրոնացի՛ր, տես՝ որ մեկին ես ճանաչում: Սրա՞ն
-       Չեմ ճանաչում.
-       Էս մեկի՞ն
-       Չեմ տեսել
…………..
-       Գառնիկ, որ դու Շեկոյանին չօգնես, ընկեր Շեկոյանը ո՞նց պիտի քո հանցագործին բռնի…

«Խոշոր շահում», Հայֆիլմ, 1980 թ.


Ոստիկանությունը (моя миллиция меня бережет), որը քաղաքացիների անվտանգության երաշխավորն էր, կոչված էր պահպանելու հասարակական կարգը, լուծելու մարդկանց խնդիրները,  ըստ էության, ինքն էր «խնդիր» դառնում այդ նույն քաղաքացիների համար, երբ մարդիկ դիմում էին ոստիկանություն: Անվերջ հարցաքննություններով, քաշքշուքներով ու կասկածելի հարցապնդումներով տուժողը հանկարծ դառնում էր կասկածյալ, ապա՝ մեղադրյալ[1]:

Առանձին մեծ և կարևոր թեմա է սովետական հասարակության իրավական գրագիտության խնդիրը: Իրավաբանի (դատախազ, դատավոր, քննիչ) մասնագիտությունը հասարակական լայն շերտերի համար տակավին անհասանելի ու անմատչելի մի «բարձունք» էր, որ հասու էր «ընտրյալներին» միայն: Իրավաբանության ֆակուլտետներ կլորիկ գումարներով ընդունվում էին գերազանցապես դատավորների, դատախազների նույնքան կլորիկ ժառանգները՝ սերնդափոխությունը և արժեքների շարունակականությունն ապահովելու և սովետական դատաիրավական համակարգը վերարտադրելու համար:

Դատախազությունից կախյալ դատարանների, դատավորների, քննիչների և պետական «ձեռնածու» փաստաբանների պարագայում իրական արդարադատության մասին խոսք լինել չէր կարող:

Վերջին հաշվով, այս բոլոր պայմանների առկայությամբ, քաղաքացիների իրավական պաշտպանությունը հանգում էր արդեն «սահմանված» չափեր ունեցող կաշառքների ու «մաղարիչների» ինստիտուտի լայն գործունեությանը:

Օրենքների չիմացությունը և տարրական իրավական գրագիտության բացակայությունը չափազանց խոցելի էին դարձնում շարքային քաղաքացիներին: Իրավական պետությանը բնորոշ «անմեղության կանխավարկածի» բացակայության պայմաններում «օրենքի մարդու» (ճանապարհային միլիցիոներ, թե քննիչ) ներկայացրած ցանկացած մեղադրանք ինքնիստինքյան դառնում էր դատավճիռ, և մարդը այլ ճանապարհ չուներ, քան «հնազանդորեն» պատիժը կրելը, կամ պատճից ազատվելը՝ անպայմանորեն կաշառքով: Ստեղծված էր մարդկանց իրավունքները ոտնահարելու, նրանց կեղեքելու, նսեմացնելու «կատարյալ» մի համակարգ, որը դարձել էր սովորական, «բնականոն» և որի հետ մարդիկ համակերպվել էին…

Երկրի ամբողջ դատաիրավական համակարգը կանխարգելիչ և արդարադատական գործառույթ կատարելու փոխարեն, «մասնագիտացել էր» պատժիչ խնդիրներ իրագործելու վրա: «Բռնելը» և «պատժելը» սովետական դատաիրավական համակարգի հիմնական ու առանցքային խնդիրն էր՝ «մեղավոր, թե անմեղ՝ կպարզենք հետո» սկզբունքի լայն կիրառումով:

Իհարկե, ասածս բացարձակ չէ և չի տարածվում ամբողջ համակարգի և պետական (իրավապահ) համակարգում աշխատող բոլոր մարդկանց վրա: Համակարգում կային ազնիվ ու օրինապաշտ բազմաթիվ աշխատակիցներ: Այնուհանդերձ, համակարգի գործունեության ընդհանուր տրամաբանությունը և փիլիսոփայությունը բերում էին վերը նշված արդյունքների և պետության ու հասարակության միջև անջրպետի առավել խորացմանը, անվստահության մեծացմանը:

Դատաիրավական և իրավապահ համակարգերի այս մանրամասն դիտարկումը պատահական չէ: Պետք է փաստել, որ սովետական դատաիրավական համակարգի ողջ փիլիսոփայությունը Կայսրության փլուզումից հետո փոխանցվեց նորանկախ Հայաստանին: Եվ չնայած անկախությունից ի վեր տեղի ունեցած պետական կառավարման և դատաիրավական համակարգերի ավելի քան 20 տարի ընթացող հսկայածավալ բարեփոխումներին, հարկ է փաստել, որ Սահմանադրությամբ ամրագրված՝ իշխանությունների տարանջատման, դատարանների անկախության, մարդու իրավունքների գերակայության սկզբունքները, անմեղության կանխավարկածը, արդար դատաքննության անքաքտելի իրավունքը և շատ այլ իրավունքներ դեռևս մնում են լիարժեք չկենսագործված:


Որպես ամփոփում:

Ցանկացած պետության առաջնային և կարևոր գործառույթներից է իր տարածքում օրինականության ապահովումը: Սա պետության ուղղակի պարտականությունն է: Եթե պետությունն իր այս գործառույթը բավարար չափով չի իրականացնում, և ինստիտուցիոնալ մակարդակով ստեղծված են այս պարտականության կատարման համար էական խոչընդոտներ, ավելորդ է խոսել պետության հանդեպ հանրային վստահության, քաղաքացիների մոտ պետականամետ մտածողության, առավել ևս՝ պետության հանդեպ հարգանքի կամ համակրանքի մասին:

Citatum:                                                       Вселенский опыт говорит,
Что погибают царства
Не оттого, что тяжек быт
или страшны мытарства.
А погибают оттого
(и тем больней, чем дольше),
Что люди царства своего
Не уважают больше.
Булат Окуджава


Մաս 5: Առանց դիմադրության

Դիմադրությունը մշակութաբանական և փիլիսոփայական կարևորագույն կատեգորիաներից է: Այն ինքնության հիմքն է՝ թե առանձին մարդ-տեսակի, թե ազգի՝ որպես էթնիկական միավորի, թե՝ որևէ հանրության և հասարակության համար: Դիմադրությունն է հասարակության (անհատի) և պետության զարգացման կարևորագույն նախապայմանը: Դու կարող ես հենվել և առաջ գնալ միայն այն բանի վրա, որը քեզ դիմադրում է: Դիմադրության առկայությամբ կարելի է դատել համակարգի (հասարակական, սոցիալական, քաղաքական և այլ) «առողջության» և կենսունակության աստիճանի մասին:

Դիմադրությունը նաև ստեղծարարության և նախաձեռնողականության ելակետն է:  Այն հիմքն է իրականության փոփոխման, նոր իրողությունների ստեղծման: Դիմադրությունն է մերժում անընդունելին՝ նոր, ավելի լավ առաջարկ ստանալու համար: Այն բացասում է վատ ներկան, հրաժարվում՝ հանուն լավ ապագայի: Դիմադրությունը արդի քաղաքակրթության շարժիչ ուժն է, քաղաքակրթական և մշակութային բոլոր գործընթացների մեկնակետը:

Սովետական տոտալիտար համակարգը մերժում էր ամեն տեսակ դիմադրություն՝ սկզբում մահվան (մահապատիժ, աքսոր, բռնաճնշումներ), ապա՝ սոցիալապես մեկուսացնելու, սոցիալական լուսանցք մղելու սպառնալիքով (հալածանքներ, հետապնդումներ, նսեմացում, հանրային նվաստացում, «ասուժդամսներ» և այլն):

Դիմադրողներին և «անհամաձայններին», որոնք իրականում փոքրաթիվ էին, դիսիդենտ (լատ.` dissidens, dissidentis)՝ չհամաձայնվող) կամ այլախոհ էին անվանում: Սա պիտակ էր խորհրդային հասարակության մեջ:
Մնացածները «համախոհ» էին, գոնե՝ արտաքնապես: Ներքուստ ունեցած դժգոհությունները չէին արտահայտում, գոնե՝ հրապարակային:

Տասնամյակների հարմարվողականությունը և կրավորականությունը, սակայն, առաջ բերեց մի սերունդ, որն անընդունակ էր ինքնուրույն մտածելու, որոշումներ կայացնելու, տնօրինելու իր ճակատագիրը: Սերունդ, որը «սովոր էր», որ իրեն ապահովեն աշխատանքով, որ իր մասին հոգ տանեն, իր փոխարեն որոշեն իր ապագան ու կյանքի նպատակները… Եվ` դա անի պետությունը: Իրոք, երբ բոլոր որոշումները՝ սկսած քո գաղափարական և աշխարհայացքային մոտեցումներից, մինչև քո աշխատանքն ու առօրյան «պլանավորված են», ի՞նչ կարիք կա ծանրաբեռնելու ուղեղը:

Այդ խորհրդային սերունդը ստեղծել է ներկայիս հասարակության չպայքարող, չընդվզող, համակերպվող և հարմարվող, ըստ էության՝ կրավորական տեսակը, հասարակություն, որն ընդունակ չէ դիմադրելու: Հասարակություն, որին հնարավոր է վախեցնել, համոզել, կաշառել: Հասարակություն, որին կարելի է նսեմացնել, հարստահարել, ստրկացնել: Հասարակություն, որը հանձնվում է առանց դիմադրության:
Ի հակադրություն վերը նշվածի, մենք այլևս ունենք նաև «Անկախության սերունդը», սերունդ, որն առավել կիրթ և զարգացած է. գիտի՝ ինչ է արժանապատիվ կյանքն ու ճիշտ հարաբերությունները, գիտի իր իրավունքներն ու պետության պարտականությունները, տեր է իր արժանապատվությանը: Սերունդ, որը պայքարող և ընդվզող է, դիմադրող է: Վկան՝ Մաշտոցի պուրակի, «Էլեկտրիկ Երևան», «Չենք վճարելու 150 դրամ» շարժումները և այլն:

Այս սերունդը, համարձակ է, ազատամիտ, տեր է իր երկրին ու պետությանը, իր կյանքին ու իրավունքներին:

Այդ սերունդը միայն՝ որոշում կայացնող չէ… Առայժմ…
06.04.2018թ.


Հ.Գ. Հոդվածաշարիս այս վերջին, երրորդ մասը գրվել է ապրիլի 6-ին, երբ Հայաստանի Հանրապետության Հպարտ Քաղաքացին դեռ «չէր արել» իր Քայլը: Նա արեց դա մեկ շաբաթ անց: Արեց խրոխտ, հաստատակամ ու վճռական: Արեց աներկբա ու խորը համոզմունքով: Արեց հանուն ազատության ու ընդդեմ ստրկամտության: Արեց հանուն վաղվա օրվա ու ավելի լավ ապագայի: Արեց ու… փոխեց մեր իրականությունը: Դա արեց առավելապես պայքարող ու ընդվզող սերունդը, դիմադրող սերունդը, մեր փայլուն երիտասարդությունը:

Քաղաքացիական հզոր շարժումը, հասարակական զարթոնքը, «թավշյա հեղափոխությունը» եկան փաստելու. մենք այլևս ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ենք: Մենք հանրությունից այլևս վեր ենք ածվել հասարակության, որն ունի ընդհանուր հանրային շահի հստակ գիտակցում ու ընմբռնում, և որ այլևս հետսովետական իրականությունն անցյալ է:

Մշակութային տրանսֆորմացիայի մեկնարկը տրված է, տրված է հզոր թափով, պոստսովետիկուսի համախտանիշը հաղթահարվում է: Այս նոր հասարակությունը կերտելու է նոր քաղաքական մշակույթ, որն իր հետ վերջնականապես սրբելու է տանի հետխորհրդայինի վերջին մնացուկները՝ «հակապետական» քաղաքացուց մինչև շեֆին քծնող ու հաճոյացող նեոկոմսոմոլ:

Մենք այլևս ապրում ենք Նո՛ր հասարակության մեջ, Նո՛ր Հայաստանում:
26.04.2018թ.


հրապարակվել է «Առավոտ» օրաթերթում 



[1] Քրեական գործերով զբաղվող բազմաթիվ փաստաբաններ պնդում են, որ այս արատավոր պրակտիկան լայնորեն տարածում ունի նաև մեր ժամանակներում

суббота, 31 марта 2018 г.

ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՍՊԵԿՏՆԵՐԸ, կամ ՊՈՍՏՍՈՎԵՏԻԿՈՒՍԻ ՀԱՄԱԽՏԱՆԻՇԻ ՃԻՐԱՆՆԵՐՈՒՄ (քաղաքական էսսե) Մաս-2


Մաս 2: Սովետական մարդու ընդհանուր բնութագիրը

Եվ այսպես, փաստենք, որ հետխորհրդային շրջանում քաղաքական և տնտեսական բարեփոխումները՝ դեմոկրատիզացիան և մարկետիզացիան չուղեկցվեցին հասարակության մշակութային վերափոխմամբ: Տեղի չունեցավ նոր արժեքների, նոր արժեհամակարգի վրա հիմնված վարքաբանական մոդելների ստեղծում և ներդրում: Հասարակությունը շարունակեց «կրել և կենսագործել» հին, Սովետից ժառանգած հանրային-հասարակական հարաբերությունները կարգավորող սոցիալ-մշակութային մոդելները և վարքաբանությունը: Իսկ որո՞նք էին դրանք: 

Որպեսզի պատասխանենք այս հարցին, փորձենք տալ «միջին վիճակագրական» սովետական մարդու (քաղաքացու) ընդհանուր բնութագիրը:
ü  Ինչպիսի՞ն է նա, իր առօրյան և կենցաղը
ü  Ինչպե՞ս է պատկերացնում նա իր կյանքը, իր աշխատանքը, հարաբերությունները ղեկավարության և կոլեգաների հետ,
ü  Իր հարաբերությունները այլ մարդկանց, ընկերների, հարևանների, բարեկամների հետ
ü  Իր հարաբերությունները պետության, պետական չինովնիկի, միլիցիոների, դասախազի, դատավորի ու քննիչի հետ
ü  Իր հարաբերությունները դպրոցի, հիվանդանոցի, առևտրի կետի հետ և այլն:

Եթե փորձենք խմբավորել հարաբերությունների ու փոխհարաբերությունների այս գունապնակը, կարելի է այս ամենը տեղավորել երեք խմբի մեջ՝
1.     Մարդ – մարդ,
2.    Մարդ – հասարակություն,
3.    Մարդ – պետություն:

Հարաբերությունների 3-րդ խումբն ամենակարևորն է հասարակության որպիսիության տեսանկյունից: Այն բնորոշում է մարդու (քաղաքացու) և պետության փոխհարաբերությունները բոլոր մակարդակներում:

Միանգամից փաստենք, որ «մարդ-պետություն» հարաբերությունների դիտանկյունից «միջին ստատիստիկական սովետական» մարդը հակապետական էր:

Այստեղ հարկ է պարզաբանել մի նրբություն: Մշտապես երկակի իրականության (դուալիզմ) մեջ ապրող սովետական մարդը ֆորմալ առումով «ճիշտ» սովետական քաղաքացի էր, ով Կոմկուսի անդամ էր, պարտաճանաչ մասնակցում էր պարտժողովներին, պլենումներին, ճառեր էր լսում, ծափահարում, գովում սովետական իշխանություններին նրանց վարած ճիշտ և պրոգրեսիվ քաղաքականության համար:

Իրական կյանքում, սակայն, այդ մարդը (շարքային բանվորից մինչև ռայկոմի քարտուղար) իր խոհանոցում, կամ մերձավորների շրջապատում իշխանությանն ու պետությանը մշտապես հայհոյող, պետությանն ու նրա որևէ ներկայացուցչին (միլիցիոներ, դատավոր, դատախազ, պետական չինովնիկ կամ խիստ կուսակցական) ծայրահեղ չվստահող ու նրա հետ շփումից խուսափող, պետությունից առաջին իսկ հնարավորության դեպքում գողացող, օրենքը չսիրող ու օրենքը շրջանցող անհատ էր:
Այս ամենը առավել «հմուտ ու ճարպիկ» անողները հասարակության մեջ իրական դիրք ու հեղինակություն ունեին, նրանք էին «հարց լուծում» հասարակական առօրյա հարաբերություններում:

Գողանալը պետությունից, կամ որ նույնն է «հանրային սեփականությունից» (ինչը որպես անձնական օգտագործման միջոց մասնավոր չէր՝ հանրային էր) այնքան լայն տարածում գտած և համընդհանուր «վարքագծի նորմ» դարձած երևույթ էր, որ գոյություն ուներ հատուկ դրա դեմ պայքարի մարմին՝ ОБХСС - Отдел по борьбе с хищениями социалистической собственности[1]


Այսինքն, մենք գործ ունենք հանրությունից գողանալու երևույթի (տվյալ դեպքում՝ դրա դեմ պայքարի մարմնի ստեղծման) ինստիտուցիոնալացման հետ, երբ հանցագործության որևէ առանձին տեսակի համար համակարգում ստեղծվում է առանձին մասնագիտացված մեծ կառույց: Սա, անշուշտ, հետաքրքիր ֆենոմեն է պետության իրավական համակարգում և իրավական մշակույթի տեսանկյունից, առհասարակ:

Սովետական շարքային քաղաքացու վարքի այս մոդելն, իհարկե, իր հիմքերն ու իր բացատրությունն ունի: Մարդը «չարիքի կայսրություն» կոչվող պետության մեջ «հակապետական էր» շատ պարզ և հասկանալի պատճառով. պետությունն իր ողջ էությամբ և գործունեությամբ հակամարդկային էր (ապամարդկային):

Եթե դուրս գանք սովետական լոզունգների վեհ ձևակերպումներից, համագումարների, պլենումների ու պարտժողովների ժամանակ հնչող երկար ու բոցաշունչ ճառերի բարձրագոչ բովանդակությունից (սովետական երջանիկ մարդու, ամեն ինչով ապահովված քաղաքացու, դեպի պայծառ ապագա հաղթական քայլող կոմսոմոլի և այլն) և գանք իրականություն, ապա կայսրության բոլոր ժամանակաշրջանների համար պետք է փաստենք պետության կողմից աքսորներում ու ճամբարներում հալածվող, Հայրենական պատերազմում հաճախ որպես «թնդանոթի միս» (ցավալիորեն) գործածվող, գյուղերում սովխոզներում ու կոլխոզներում անխնա շահագործվող, քաղաքներում մշտապես աշխատող ու չարչարվող, բայց այդպես էլ բարեկեցություն չտեսած սովետական մարդու գոյությունը (ցանկը կարելի է անվերջ շարունակել): 

Նույնիսկ արդեն պետության «կայացած» տարիներին՝ 1970-80-ականներին, շատ թե քիչ նորմալ կյանք ու կենսապայմաններ ունենալու համար սովետական մարդը պիտի «կողմնակի» (անաշխատ) եկամուտ ունենար, մշտապես կաշառք տար ու վերցներ, ունենար ծանոթներ տարբեր խանութներում, որ կարողանար բան «ճարել», ծանոթներ պետական հիմնարկներում, որ կարողանար օրենքի սահմաններում «հարց լուծել», ծանոթներ հիվանդանոցում, որ կարողանար (էլի կաշառքով-բանով) իր առողջական խնդիրները հոգալ, վերջապես՝ ծանոթներ իրավապահ մարմիններում, որ այդ «ծանոթությունների» համար չբռնեին և այլն:

Պետությունն իր կառավարման առանձնահատկությամբ ստեղծել էր մի համակարգ, որտեղ մարդը «ոչինչ չարժեր» և միջոց էր ծառայում ավելի «բարձր» խնդիրների ու ավելի վեհ հռչակված գաղափարների սպասարկման համար: Կյանքն ու հասարակական հարաբերությունները Սովետում կարգավորվում էին ոչ թե օրենքներով ու իրավական համակարգով, այլ ոչ ֆորմալ ինստիտուտների մի ամբողջ ահռելի համակարգով, որտեղ մարդը ծայրաստիճան անպաշտպան էր պետության ու պետական համակարգի դեմ:

Հարկ է ընդգծել, որ հարցերի նման՝ դետալավորված և խորացված դիտարկումը պատահական չէ: Սրանք բոլորը հանրության արժեքային մոտեցումներից բխող կոնկրետ վարքաբանական մոդելներ են պետության և հասարակության հետ քաղաքացու հարաբերվելու որոշակի կաղապարներ, կենսադիրքորոշում, որը մեր հետ սովետական իրականությունից տեղափոխվել է այժմէական իրականություն և շարունակվում է լայնորեն «գործածվել»:


Մաս 3: «Անաշխատ» եկամտի ասպետները

Citatum:                                         -  Աշխատավարձդ ինչքա՞ն ա, տղա ջան.
-       Հարյուր վաթսուն ռուբլի…
-       Հա՜, աշտոժ…, բա դու կողմնակի եկամուտ-բան չունե՞ս…
«Երջանկության մեխանիկա», Հայֆիլմ, 1982 թ.

Կողմնակի կամ «անաշխատ» եկամուտը (հիրավի՝ զարմանահրաշ բառակապակցություն!) ուշ խորհրդային, լճացման շրջանի սոցիալ-տնտեսական հարաբերությունների կարևոր ու անբաժան մասն էր, խորհրդային «արժանապատիվ» քաղաքացու վերջնականապես «կայացած» լինելու հանգրվանը: Սա յուրօրինակ ցուցիչ էր ճարպկության, հաջողակ և «ձեռներեց» հանդես գալու, հասարակության մեջ որոշակի դիրք ունենալու, հարգանք ու հեղինակություն վայելելու համատեքստում:

Ապրել միայն աշխատավարձով… մի տեսակ անհարմար էր՝ բառի թե բուն, թե փոխաբերական իմաստներով: Համատարած կաշառքի, մաղարիչների, «լավությունների» ներքո գործող սոցիալական հարաբերությունների միջավայրում շարքային քաղաքացին առանց եկամտի հավելյալ աղբյուրների չէր կարողանում լուծել իր խնդիրները, արդյունավետ հարաբերվել պետական և հասարակական կառույցների, մարդկանց հետ:

Այդ հավելյալ եկամուտը «գոյանում էր» շատ տարբեր աղբյուրներից, ով՝ ինչպես կարողանում էր: Շինարարը «ավել» շինանյութ էր ծախում, գործարանի բանվորը նույն գործարանից մասեր էր «տուն տանում», բժիշկն ու դեղատան աշխատողը միշտ իրենց մոտ «չճարվող» դեղեր ունեին և այլն: Կարճ ասած՝ գողանում էին: Գողանում էին բոլորը, շուկայի տնօրենն ու արտադրամասի պետը, խանութպանն ու վարիչը, բրիգադիրն ու սովխոզի նախագահը… Գողանում էին պետութունից, այն՝ ինչը հնարավոր էր, ինչը պատշաճ չէր վերահսկվում: Այդպիսին էր համակարգը:

Լինել պահեստապետ, կամ առավել ևս «քաղաքային տորգի պետ»[2] շարքային սովետական քաղաքացու երազանքն էր: Դա ուղիղ ճանապարհ էր դեպի իրական բարեկեցություն, մեծ շրջապատ ու լայն հնարավորություններ: Դա արդյունավետ միջոց էր «ընկերանալ» տեղի պարտիական (կուսակցական) և պետական վերնախավի հետ, միլպետի (տեղի ոստիկանության բաժանմունքի պետ) ու դատախազի հետ, միշտ պահանջարկված լինել, միշտ «պետքական մարդ» լինել ընկերական ու բարեկամական շրջապատում:

Այս ամենի պարադոքսն այն է, որ տարիների ու տասնամյակների ընթացքում այս համակարգը և հարաբերությունների այս մշակույթը այնքան «յուրացվեց» հանրության կողմից, այնքան արմատացավ, որ դարձավ սովորական, բնականոն երևույթ: Այն ըստ էության, ինստիտուցիոնալացվեց, դարձավ հասարակական հարաբերությունների յուրօրինակ կարգավորիչ: Եվ քանի որ «համակարգի» մեջ էին և մաս էին բոլորը՝ շարքային բանվորից մինչև ռայկոմի (շրջանային կոմիտե) քարտուղար, պետական վերահսկող և իրավապահ մարմինները «աչք էին փակում» այս ամենի վրա, կար «լուռ թողտվություն», ստեղծված հարաբերությունների առնչությամբ ձեռք էր բերված համընդհանուր «կոնսենսուս»:

Հասարակական հարաբերությունների արդեն ձևավորված այս մշակույթը չէր կարող էական փոփոխություններ կրել հետխորհրդային ժամանակաշրջանում:

Citatum:                          - Մենակ աշխատավարձով ե՞ս, ո՞նց, բա կողքից բիզնես-բան… (էստեղ հանգուցային բառը՝ «կողքիցն» է)

Հետխորհրդային մարդու համար աշխատավարձը չի կարող լինել արժանապատիվ, իր սոցիալական կարիքները բավարարող: Չի կարող ի սկզբանե, հենց սահմանմամբ, չի կարող, և՝ վերջ: Նա չի կարող զբաղվել մեկ աշխատանքով, կենտրոնանալ դրա վրա, զարգացնել այն, նվիրվել գործին, սիրել այն: Նա պարտադիր պիտի ունենա եկամտի հավելյալ աղբյուր, արդի ժամանակներում՝ բիզնես: Եվ նա այդ բիզնեսը պետք է «կպցնի», ինչպես և՝ փողը:

Ընդհանրապես, հետխորհրդային մարդու որոշակի տեսակի մոտ փող աշխատելը դա «փող կպցնելն է», դա առանց էական ջանքերի (ֆիզիկական, թե՝ մտավոր) ֆինանսական կարողությունների տիրանալն է, տիրապետելը: Ըստ որում, էական չէ՝ ինչ ճանապարհով, օրինական, թե՝ ապօրինի, բարոյական թե՝ անբարո: Սա է ձեռնարկատիրության և բիզնեսի նրա ընկալումը, ինչպես խորհրդային ցեխավիկի մոտ էր:

Հետխորհդային իրականության մեջ, այդ թվում և Հայաստանում, մեծ տարածում գտան և բառացիորեն «ծաղկեցին» զանազան շահումով խաղերը, «լոտոները» և վիճակախաղերը: Առանց նախնական ֆինանսական և մտավոր ներդրում ունենալու՝ հարստանալը սովետական և հետսովետական քաղաքացու հավատամքն է, նրա կենսափիլիսոփայությունը: Իհարկե նաև՝ երազանքը, նրա թաքուն իղձը:
«Օդից փող». մերօրյա հայտնի վիճակախաղի մեծ մասայականությունն ու հնչեղությունը զարմանալիորեն դիպուկ և ճշգրիտ բնորոշում է այն արժեքամշակութային տարածությունը, որում ապրում ենք այժմ:

(շարունակելի)

հրապարակվել է «Առավոտ» օրաթերթում 
https://www.aravot.am/2018/03/31/946080/


[1]  հայերեն՝ Սոցիալիստական սեփականության հափշտակումների դեմ պայքարի բաժին՝ պետական առևտրի կազմակերպություններում և հաստատություններում, սպառողական, արդյունաբե­րա­կան և անհատական կոոպերացիաներում, խնայբանկերում և այլն

[2] Горпромторг – городской отдел торговли промышленными товарами