Citatum: -
Այ էսպես է, որ տեսնում է իրեն ուշադիր լսում են, ինչքան
ասես՝ կնվագի, բայց որ ասում եմ նստիր պարապելու
դառնում եմ թշնամին…
ասես՝ կնվագի, բայց որ ասում եմ նստիր պարապելու
դառնում եմ թշնամին…
-
Ա՛յ քույրս, մեղք չի՞ էս երեխան,
ինչո՞ւ ես չարչարում…
“Երջանկության մեխանիկա”
Հայտնի ֆիլմի այս դրվագը բոլորիս ոչ
վաղ անցյալը հիշեցրեց, երբ իրեն հարգող յուրաքանչյուր “ինտիլիգենտ” ընտանիք իր բնակարանում
պարտադիր պետք է դաշնամուր ունենար (ցանկալի է Petroff, բայց կարելի էր “յոլա գնալ”
նաև՝ մոմակալներով Բելառուսով), որի վրա ամուր ու անշարժ պիտի դրված լինեին երկու չինական
ծանր ծաղկամաններ….
Սովետական ձևապաշտական ու քաղքենիական
այդ վարքուբարքի մեջ, սակայն, մի արժեքավոր բան կար: Հանրության մտավորական մասի մոտ
անձի երաժշտական կրթությունը (կրթվածությունը) կարևորվում էր, իսկ բազային երաժշտական
կրթությունը պետական մշակութային քաղաքականության պարտադիր մաս էր: Կայսրությունը փլուզվեց իր հետ տանելով
երաժշտական “պարտուսը” (պարտադիր ուսուցում), իսկ երաժշտական դպրոցները հանձնվեցին
համայնքներին՝ որպես ուսումնական հաստատության տիպի արվեստի դպրոցներ:
Ներկայումս երաժշտական դպրոցները Հայաստանի
Հանրապետությունում պատկանում են համայնքներին և ունեն համայնքային ոչ առևտրային կազմակերպության
(ՀՈԱԿ) կարգավիճակ: Դա նշանակում է, որ համայնքները կարող են սեփական հայեցողությամբ
ստեղծել, վերակազմակերպել և լուծարել այդ հաստատությունները: Որոշել դպրոցների կադրային
հարցերը, հաստիքների տեսակները և քանակը, բնականաբար ներազդելով ուսուցման գործընթացի
որակի և բովանդակության վրա: Գոնե իրավաբանորեն՝ այդպես է:
Պետական միասնական քաղաքականության
հետ միակ կապող օղակը, թերևս, “Հայաստանի Հանրապետության երաժշտական, արվեստի, գեղարվեստի
եվ պարարվեստի դպրոցների օրինակելի ուսումնական պլանները հաստատելու մասին” ՀՀ կրթության
և գիտության նախարարի հրամաններն են, որոնցով սահմանված են ուսումնական գործընթացի
տեսակները, ձևերը, ժամաքանակը ըստ տեսակների և այլն: Ուսումնական այդ պլանի հենց առաջին
կետով արձանագրվում է՝ “Հայաստանի Հանրապետությունում երաժշտական, արվեստի, գեղարվեստի և
պարարվեստի դպրոցները (այսուհետ` դպրոց) լրացուցիչ կրթության ուսումնական հաստատություններ
են և իրականացնում են մշակութային կրթություն` նպաստելով երեխաների գեղագիտական զարգացմանը”:
Առաջին հայացքից իսկ պարզ է դառնում, որ երաժշտական դպրոցները սույն տրամաբանությամբ
դասվել են գեղարվեստի և պարարվեստի դպրոցների հետ նույն հարթության մեջ, և ընդամենը
կոչված են նպաստելու երեխաների գեղագիտական դաստիարակությանը…
Երաժշտական դպրոցը արվեստի խմբակ չէ:
Այն կրթական կարևորագույն հաստատություն է, որտեղ պիտի իրականացվի երաժշտական համակարգված
և հետևողական կրթություն: Երաժշտական դպրոցները երաժշտական մշակութային շարունակական
կրթության առաջնային և կարևոր օղակն են, որտեղ ապագա երաժիշտները ստանում են նախնական
երաժշտական մասնագիտական կրթություն: Կարելի է ասել, որ ապագա երաժիշտները իրենց առաջին
մկրտությունը ստանում են երաժշտական դպրոցում: Ավելին, հենց երաժշտական դպրոցում է
բացահայտվում երեխայի երաժշտական ունակություններն ու տաղանդը և դպրոցի որպիսիությունից
է կախված նրա՝ որպես երաժշտի հետագա կայացումը, կամ չկայացումը:
Մինչդեռ, այս ոլորտում սիրողական մոտեցումների
պակաս չկա: Մայրաքաղաքում և երկրի բազմաթիվ համայնքներում երաժշտական դպրոցների և տարբեր
ստեղծագործական կենտրոնների ու խումբ-խմբակների միավորման հիման վրա ստեղծվում են
“արվեստի դպրոցներ”, “գեղագիտության քոլեջներ” և այլ գեղեցիկ ու ժամանակակից անվանումներով
հաստատություններ՝ խեղափոխելով երաժշտական դպրոցի դերն ու նշանակությունը և վնասելով
երաժշտական-մշակութային կրթական գործընթացը: Համակարգված և հետևողական կրթության ավանդույթները
պահպանված են, թերևս, միայն մայրաքաղաքի երկու-երեք երաժշտական դպրոցներում, եթե չհաշվենք
Չայկովսկու անվան “տասնամյակը”:
Այս համատեքստում անհասկանալի ու խայտաբղետ
պատկեր է նաև “ավելի վերևում”, երաժշտական միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական
հաստատությունների պատկանելիության հետ կապված: Երևանի պետական կոնսերվատորիան և երկու
երաժշտական քոլեջները՝ Ռոմանոս Մելիքյանի և Առնո Բաբաջանյանի անվան, ՀՀ կրթության և
գիտության նախարարության ենթակայության տակ են, իսկ Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական
մասնագիտական դպրոցը՝ ՀՀ մշակույթի նախարարության: Ակնհայտ է, որ այստեղ խաթարված է թե՛ միասնական պետական քաղաքականության,
թե՛ կրթական անընդհատության սկզբունքը, այս դեպքում՝ երաժշտական կրթության:
Տարօրինակ է, բայց լինելով մշակութային
կրթության կարևորագույն օղակներ, երաժշտական դպրոցները ոչ մի ուղղակի առնչություն չունեն
ՀՀ մշակույթի նախարարության և, ընդհանրապես, պետական մշակութային քաղաքականության հետ:
Մինչդեռ, երաժշտական դպրոցը կենդանի օրգանիզմ է (ինչպես ցանկացած կրթական, առավել ևս՝
մշակութային կրթական օջախ) և մեր երկրի երաժշտական հանրույթի անբաժանելի օրգանական
մասը: Երաժշտական դպրոցները իրենց կրթական և գեղարվեստական առօրյայով պետք է հաղորդակից
լինեն ժամանակակից երաժշտական մշակութային կյանքին, անցուդարձին, հնարավորություն ունենան
տեղեկացված լինելու երկրում տեղի ունեցող կարևոր մշակութային իրադարձություններին,
աշխարհահռչակ երաժիշտ-արվեստագետների հյուրախաղերին և այլն, ասել է թե ապրեն լիարժեք
մշակութային կյանքով: Նշված հանգամանքների պարագայում այս ամենը իրականանալի չի թվում:
Նման
մի աճպարարություն արեցին մեր հանրակրթական դպրոցների հետ, երբ վերջիններս “ձեռքից-ձեռք”
էին անցնում. կրթության նախարարությունից՝ համայնքներ, ապա՝ մարզպետարաններ ու նորից
նախարարություն: Որոնումները ավարտվեցին և գործընթացը վերջնականապես հստակեցվեց, երբ
պարզ դարձավ, որ հանրակրթությունը պետք է տեղավորվի կրթական միասնական պետական քաղաքականության
ներքո և իրականացվի բացառապես պետական գործադիր իշխանության կողմից՝ վերջինիս հանրապետական
(ՀՀ կրթության և գիտության նախարարություն) և տարածքային գործադիր մարմինների (մարզպետարանի
կրթության բաժին) միջոցով:
Կարծում եմ, այս հարցերը շատ կարևոր են և դրանց պետք է տրվի ոչ թե հայեցողական,
այլ՝ համակարգային լուծումներ: Հարկ է վերանայել երաժշտական դպրոցների ենթակայության
հարցը ապահովելու երաժշտական մշակութային կրթության անընդհատության, պետական մշակութային
քաղաքականության մեջ վերջինիս ճիշտ և նպատակային ընդգրկվածության ապահովման առումներով: