понедельник, 12 октября 2015 г.

ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՀԱՎԱԿՆՈՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Դիտեցի Արամ Աբրահամյանի հերթական «ԱՐՏ կանոնը»[1]

Արժեքաստեղծ ու դիտարժան հաղորդաշար է: Շնորհակալություն: Եվ ինչպես բոլոր որակյալ հաղորդումները ցուցադրվում է գիշերով... (ահա` մեր Հանրային հեռուստատեսության մշակութային քաղաքականությունը...):
Հատկապես դուր եկավ Բանավեճը, որի թեման մարդու, արվեստագետի ամբիցիաներն էին: Հյուրերը բավականին գեղեցիկ ու պատկերավոր անդրադարձան խնդրին, ընդգրկուն ու սպառիչ կերպով ներկայացրեցին իրենց տեսակետները:

Իրոք, «դրական» ու «բացասական» ամբիցիաների սահմանը շատ նուրբ է, հաճախ դժվար է տարբերակել` որ ամբիցիաներն են օգնում մարդուն առաջ գնալ իր նպատակներում, իսկ որոնք են, որ խանգարում են:
Հաղորդումը դիտելիս նկատեցի, սակայն, որ մեր չնաշխարհիկ լեզուն, մեր ոսկեղենիկ Հայերենը ցույց տալիս է մեզ այդ նուրբ սահմանը. «դրական» ամբիցիաները հավակնություններն են, «բացասականը»` անձի անհիմն հավակնոտությունը: (Ձեր հյուրերը բազմիցս գործածեցին այս եզրերը, չկարևորելով դրանց նրբերանգային տարբերությունները):

Իսկ ամբիցիաների իրական որպիսիությունը, իմ համեստ կարծիքով, հեշտ է տարբերակել: Պետք է պարզապես դիտարկել դրանք Ձևի և Բովանդակության համամասնության համատեքստում:

Եթե անձի (մտավորականի, արվեստագետի, առհասարակ` որևէ մարդու) ձգտումները մղում են նրան գործելու, արարելու, ինքնադրսևորվելու, գործի մեջ իրեն իրացնելու, իրեն գտնելու, ապա նրա մղումները և հավակնությունները միանգամայն դրական և ողջունելի են:

Իսկ եթե բանը սահմանափակվում է իրեն ցույց տալով, իր մասին խոսելով, իրեն գովազդելով, արդի լեզվով ասած` միայն սեփական PR-ով զբաղվելով, ապա գործ ունենք «հավակնոտ» մեկի և նրա փուչ ու դատարկ անբիցիաների հետ:

среда, 14 января 2015 г.

ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԳԵՆԵԶԻՍ

Էս աշխարհում ամեն մի բան ունի իրեն մի պատճառ,
Էս պատճառն էլ՝ ուրիշ պատճառ…
էսպես անվերջ, անդադար,
Մինչև պատճառն սկզբնական…
Յովհ.Թումանյան
«Հազարան բըլբում» պոեմ

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Սովետմիության փլուզումից և միաբևեռ աշխարհակարգի ձևավորումից հետո երկրագնդի վրա հաստատվեց մեկ գերտերության քաղաքական, տնտեսական և ռազմական հեգեմոնիան: Այդ իրավիճակը որքան աներկբա էր, նույնքան էլ ակնառու բոլորի համար, ու այդ երկրի քաղաքական ու ռազմավարական էլիտան (կամ՝ համաշխարհային օլիգարխիան՝ եթե կուզեք) որոշեց «ձևակերպել» այդ պետությունն իբրև «Աստվածաշնորհ»:

Պետության կացութաձևը, իմա՝ պետական ու հանրային ինստիտուտների իրավաքաղաքական հարաբերություն-ները, սահմանվեցին իբրև միակ ճշմարիտը, այնտեղ ընդունված հասարակական ու անձնային հարաբերությունների նորմերն իբրև միակ ընդունելին, իսկ արժեքներն ու նպատակները՝ իբրև բացարձակ: 
(Գրեթե միջնադարյան կաթոլիկ եկեղեցու գաղափարախոսությանը համահունչ – Հռոմի Պապի անսխալականության դոգման, նրա՝ Հիսուսի տեղապահի բացառիկ կարգավիճակը, ինկվիզիցիայի՝ որպես այլախոհության հետապնդման արդյունավետ գործիքի, բնականոն գոյությունը և այլն)

«Ի վերուստ տրվածի» կարգավիճակ ունեցողի համոզվածությամբ և վճռականությամբ այդ գերտերությունը սկսեց իր արժեքներն ու համոզմունքները տարածել մնացյալ ամբողջ աշխարհի վրա՝ դույզն ինչ անգամ կասկածի տակ չառնելով իր անսխալականությունը, քամահրելով մնացյալ աշխարհի էթնիկ, կրոնական ու մշակութային տարակերպությունն ու բազմազանությունը: Արհամարհելով այդ բազմազանության թե գոյության իրավունքը, թե նրա՝ իրապես ի վերուստ տրված լինելու հանգամանքը:

Բնականաբար, քաղաքական, տնտեսական ու արժեքամշակութային իր էքսպանսիան, որն այնուհետ պիտի ստանար «գլոբալիզացիա-համաշխարհայնացում» ազդահունչ ու մոդայիկ քաղաքագիտական եզրը, պիտի աշխարհին հրամցվեր ոչ ավել, ոչ պակաս՝ իբրև Առաքելություն (Մեսսիա):

«Ցանկացած ազդեցություն միշտ ծնում է
համարժեք և հակառակ հակազդեցություն»
Նյուտոնի 3-րդ օրենք
Նույնպես՝ բնականաբար, ոչ բոլոր պետություններն ու հասարակությունները (քաղաքակրթությունները!) «կիսեցին» նման առաքելության անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը: Եվ առաջ եկավ հակազդեցությունը... ահաբեկչության տեսքով:

Այն ի հայտ եկավ անհրաժեշտաբար, դիալեկտիկական անհրաժեշտությամբ, երբ պարզվեց, որ այլոց՝ սեփական արժեհամա-կարգի ու կենսական նորմերի «պարտադրման առաքելության» գործում այդ գերտերությունը չի խորշում գործածել և ոչ մի միջոց՝ միջազգային ճնշումներից մինչև պատժամիջոցներ, հատուկ ծառայությունների օպերացիաներից սկսած մինչև ռմբակոծում և պետությունների հիմնահատակ ավերում, փաստացի լայնածավալ պատերազմ. բացահայտ ռազմական ներխուժում ինքնիշխան պետության տարածք, տեղական իշխանության տապալում կամ ոչնչացում և այլն: 
Իրաք, Աֆղանստան, արաբական գարուն՝ Թունիս, Եգիպտոս, Յեմեն, Բահրեյն, Լիբիա, Սիրիա[1]...

Ահաբեկչությունը առաջ եկավ անհրաժեշտաբար, երբ պարզվեց, որ նույնիսկ մարդու իրավունքները, ազատական ու ժողորդավարական արժեքները, հանուն որոնց ծավալվել էր այդ «առաքելությունը» ընդամենը սին հասկացություններ են, դատարկ կատեգորիաներ, պատրվակ:
Իսկ ռազմական էքսպանսիայի իրական պատճառը արաբական աշխարհի կայունու-թյունը խաթարելն էր և Մերձավոր Արևելքի նավթային պաշարներին տիրապետելը: Այս անընդհատ փոքրացող և տեղեկատվությամբ լեցուն աշխարհում քաղաքականության իրական նպատակները որպես կանոն հայտնի են, կամ՝ արագ դառնում են այդպիսին:

...Եվ այդ խաչակիրների այդ արշավանքն ինչ էր. ասացին գնանք ազատենք Տիրոջ աճյունը, գնացին, հասան՝ այնքան պղպեղ ու համեմ կար, այնքան դարչին ու սամիթ կար... Շալակեցին դարչին ու պղպեղ, սամիթ ու ազատքեղ ու գնացին իրենց տները: Նրանց հարցրին. իսկ Տիրոջ աճյո՞ւնը. նրանք հարցրին. ի՞նչ Տիրոջ աճյուն. նրանց ասացին. դե Տեր Հիսուսի...- իսկ նրանք պղպեղով ճաշ էին ուտում, որ չլսված համեղ էր, և ժամանակ չունեին պատասխանելու պարապ հարցերի:
Հր. Մաթևոսյան, «Մեծամոր»

Ես բնավ չեմ արդարացնում ահաբեկչությունը, քավ լիցի: Դա չարիք է, որի դեմ պայքարել է պետք: Բայց փորձենք հասկանալ դրա ծագման պատճառը:
Ահաբեկչությունն առաջ եկավ հարկադրաբար, թույլ կողմի ձեռքին՝ որպես քաղաքական պայքարի ձև, որպես ընդվզում իրեն համաշխարհային ժանդարմ զգացող գերտերության ամենաթողությունների նկատմամբ, և՝ որպես բողոք մնացյալ աշխարհի լռելայն համաձայնության դեմ: Գոնե մենք՝ հայերս, պիտի նկատենք այս հանգամանքը:
Չէ որ ընդամենը տասնամյակներ առաջ մեր ազգային ողբերգության հետ կապված մենք ինքներս ենք բախվել եվրոպական «քաղաքակիրթ» տերությունների ցինիկ, երկդիմի ու ստորալուռ պահվածքին: Նրանց անթաքույց աջակցությանը ոճրագործ պետությանն ու նրա ղեկավարությանը: Եվ «վրիժառու», այլ ոչ՝ ահաբեկիչ ենք անվանում ԱՍԱԼԱ-յի մարտիկներին...

Ես չեմ արդարացնում ահաբեկչությունը: Նորից կրկնեմ: Դա չարիք է, որը խլում է անմեղ մարդկանց կյանքեր, ցավ ու վիշտ պատճառում հազարավորներին: Բայց հարկ է ըմբռնել այդ չարիքի պատճառը և պայքարել դրա' վերացման, այլ ոչ՝ հետևանքների դեմ: Գլխացավը գլխատումով չեն բուժում:
Նմանապես պարզամտություն է կարծել, թե ահաբերկչության պատճառը արմատական իսլամն է (ի դեպ նման գիտական եզր գոյություն չունի, այն հորինված է վերը նշված գերտերության կվազիգիտական շրջանակներում) և պետք է պայքարել դրա դեմ: Բնավ՝ ոչ: Վահաբիզմը, ջիհադականությունը, իսլամական ծայրահեղականության մյուս հոսանքները ընդամենն իրականացնում են արդեն ծրագրված (որոշված) վրիժառությանը (ահաբեկչությանը) «սպասարկելու» գործառույթ, այն է՝ ապահովում են այդ գործողության գաղափարախոսական-կրոնական հենքը, հիմնավորումը: Վերջապես, մահմեդական աշխարհում էլ սպանությունը սպանություն է, այն հանցանք է, եթե չի «հիմնավորվում» իրենց Սուրբ գրքի դրույթներով:

Տեսանի'ր արմատը: