Երեկ, օգոստոսի 12-ին «Հրապարակ» էլ.կայքը հրապարակել է տեղեկություն, համաձայն որի՝ «Մեր տեղեկություններով, այսօր ժ.18,00-ի կողմերը Վայոց ձորի Սերս գյուղում տագնապ են հայտարարել և տեղի զորամասի բոլոր պայմանագրային զինծառայողներին հանձնարարել են փնտրել տարածք ներթափանցած դիվերսանտներին»... Նյութը դիտվել է ավելի քան 6000 անգամ...
Ու հերթական անգամ ականատես ենք լինում իրեն «հայկական» կոչող լրատվամիջոցի ցուցաբերած անպատասխանատվության, տարածած հերթական ապատեղեկատվության ու հանրությանը, այս անգամ արդեն իրապես տագնապ հաղորդած լինելու հանգամանքին: Թե այդ ինչ
"աղբյուրներ" են, որ զինում են սույն լրատվամիջոցը
"իրենց տեղեկություններով",
կարելի է փնտրել մեր հարևան երկրում միայն:
Նշված զանգվածային լրատվության միջոցը մեկ անգամ չէ, որ հանդես է գալիս
"հավաստի" ապատեղեկատվությամբ: Հայտնի են նրա հրապարակումները Վայոց ձորի ներկայիս մարզպետի բազմակի պաշտոնանկությունների մասին: Այդ հրապարակումների՝ որպես կեղծիք պարզվելուն, բնականորեն պետք է հաջորդեր առնվազն նույն լրատվամիջոցի հրապարակային ներողությունը, իսկ առավելագույնը՝ այդ հրապարակումն անողի պաշտոնանկությունը, որպես հանրային պաշտոնյայի հեղինակությունն ու բարի համբավը արատավորելու դիտավորություն:
Մինչդեռ, զանգվածային կեղծիքը, ու մասնագիտական անպատասխանատվությունը շարունակում են մնալ մեր լրատվության դաշտում որպես բնականոն, ընթացիկ երևույթներ: Եվ եթե հանրային պաշտոնյայի պարագան կարելի է դիտարկել որպես մասնավոր դեպք, ապա վերջին հրապարակումը՝ իբր հայկական բնակավայր հնարավոր դիվերսանտների ներթափանցման մասին...., չի տեղավորվում ոչ մի ողջամիտ տրամաբանության տիրույթում:
Տարածել հակամարտության լարված այս պայմաններում նման տեղեկատվություն, նման վերտառությամբ, օրվա այդ ժամին (գիշերով)՝ շրջանցելով ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հավաստի աղբյուրները,.....
այստեղ իրոք դիվերսիայի հոտ է գալիս, բայց, ցավոք, այս կողմից:
Ժամանակը չէ՞ արդյոք, նման երևույթների հանդեպ հանրային-հասարակական համարժեք վերաբերմունք ցուցաբերել: Նման ստահոտ ու չճշտված տեղեկատվություններ տարածողներին արժանացնել համապատասխան մասնագիտական ու մարդկային վերաբերմունքի: Ինչքա՞ն կարելի է հանդուրժել մեր իրականության մեջ արժեք ու մշակույթ ստեղծող ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ հանդեպ նման անպարկեշտ ու թափթփված վերաբերմունք: