ПОНАЕХАЛИ…
Citatum: «Խարիսխդ
ո՞ւր է, խարիսխդ» (Հր.Մաթևոսյան)
Օրերս կարդացի հայտնի լրագրող, մոսկովյան մի շարք պարբերականների հատուկ
թղթակից Իոսիֆ Վերդյանի «Խաչիկը վզին» («Хачик
на шее» И.Вердиян, 19.08.2002г., http://2002.novayagazeta.ru/nomer/2002/60n/n60n-s21.shtml) ռուսերեն հոդվածը: Ավելի քան տաս տարվա վաղեմության
այս հոդվածում վեր են հանված այսօր էլ արդիական, ազգային ու սոցիալ-հոգեբանական խնդիրներ:
Հեղինակը շատ կարևոր հարց է բարձրացնում՝
հայերիս (նաև՝ այլ ազգերի, մասնավորապես կովկասցիների) հանդեպ ձևավորված և առկա վերաբերմունքը
Ռուսաստանում առհասարակ, և վերջին տարիներին տեղ գտած այլատյացության ու անհանդուրժողականության
ֆոնի վրա, հատկապես:
Հոդվածն իրոք, մտահոգող է՝ գրված մտավորականի
ցավով և սրտի կսկիծով:
Ուշագրավ է սակայն նյութի կառուցման մեթոդաբանությունը:
Հոլովելով ռուսերենի բոլոր հոլովներով «խաչիկ» եզրը, հեղինակը, կարծես, գեղարվեստականացնում
է խնդիրը, ընթերցողին ներկայացնելով իր հիմնական գաղափարը:
Ամբողջ հոդվածում հետևողականորեն տարվում
է ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցելու, արդարանալու ու փաստարկելու թեզը, անխոնջ մղումը՝
որ… «լսե՜ք, ես խաչիկ չեմ, որովհետև….»: Բերվում են պատմական փաստեր, հայերի մասին
ականավոր ռուս գործիչներից մեջբերումներ, «երբեմնի ընդհանուր հայրենիքի ու պատմության»
վկայակոչում և այլն:
Հեղինակը, կարծես իրեն մեղավոր զգալով, ակամա
ընդունում է, համակերպվում է հենց իր կողմից՝ իր վրա դրված պիտակի հետ, ապա՝ փորձում
հերքել, թե դա այդպես չէ, կամ՝ արդարանալ:
Հոդվածում, սակայն, բաց է թողնված առանցքային
տարրը. Ինչպիսի՞ն է, այնուհանդերձ ԱՆՁԻ ԻՆՔՆԱԸՆԿԱԼՈՒՄԸ: Վերջին հաշվով, անձի (էթնիկական
խմբի, համայնքի, ազգի) ինքնաընկալումն ու ինքնանույնականացումն են պայմանավորում նրա
հոգեվիճակը, նրա անձնային և ազգային ինքնաբավությունը, այլ՝ ոչ դրսից արված պրոեկտումներն
ու պիտակավորումները: Խոսքս իհարկե, առողջ անձի (ազգի) մասին է:
Այո, եթե դու որպես էթնոսի կրող ինքնաբավ
չես, եթե քո ազգային նկարագիրը բացակայում է քո մեջ, իսկ ինքնությունդ հաստատ չէ, ստիպված
ես քեզ նայելու «ռուսի (թուրքի, ֆրանսիացու և այլն) պրիզմայով», ու «խաչիկացման» վտանգից
անընդհատ արդարանալու ես: Եթե դու լոկ օբյեկտ ես, կրավորական, անդեմ ու անգոյ, ապա
քեզ հեշտ է պիտակ կպցնել և դու անզոր ես լինելու դրանից ազատվել:
Ասել է, թե՝ If
You are not Somebody, you cannot be Anybody!
Ամփոփելով, ասեմ.
«Խաչիկը»
արտագնա աշխատանքի մեկնած մարդը չէ, ով կիսատ-պռատ ռուսերենով իր ընտանիքի օրվա հացի
խնդիրն է լուծում, բայց՝ մշտապես իր ազգային նկարագրով ու կոլորիտով է:
Կադր "Միմինո" ֆիլմից |
«Խաչիկը» սովետահայ քաղքենին է, որը երեկ
Սառնակունքից ուրբանիզացվել է Երևան, իսկ այսօր իր հայ երեխային ռուսական դպրոց է տալիս՝
կանխելու ապագայում նրա հավանական «խաչիկացումը»:
«Խաչիկը» Միմինոն չէ, ում մերժեց Լարիսա Իվանովնան,
և ով այդպես էլ իրեն չգտավ Մեծ ավիացիայում և վերադարձավ է իր գյուղը, իր ծնողի ու
իր շան՝ Զարբազանի մոտ:
«Խաչիկը» ռուսի տնփեսա Պապիշվիլին է, ով դատարանում
«չի կողմորոշվում»՝ հպարտանա՞, թե՞ ամաչի որ վրացի է...
«Խաչիկը» Ֆռունզը չէ, ով իր պարզամտության
պատճառով ուրիշի փոխարեն հայտնվել է հյուրանոցում: Նա այդտեղ հյուր է և ավելիին չի
հավակնում: Նա իր տունն ունի, իր հայրենիքը, ուր շտապում է վերադառնալ, որտեղ «мама
готовит долма», որն ամենահամեղն է, որտեղ «на кухне открываешь простой кран,
вода течет, второе место занимает в мире...», և նա հպարտ է այդ ամենով:
«Խաչիկը» պրոֆեսոր Խաչիկյանն է, ով ամաչում
է իր ազգակցի վարմունքի համար, ում կարծիքով «նրա նմանները խայտառակում են Ռեսպուբլիկան»:
«Խաչիկը» օտարն է յուրայինների մեջ և յուրայինը՝
օտարների: Ամեն քար իր տեղն է ծանր:
Էպիլոգ: Ես
կարդացի ցեղիս թողած աստվածային հետքերը երկրագնդի վրա, տեսա, համբուրեցի, պաշտեցի
– ես դարձա ցեղակրոն:
Գ.Նժդեհ
հրապարակվել է "Առավոտ" օրաթերթի ինտերնետային կայքում՝ http://www.aravot.am/2014/04/18/452349/