Citatum: …или
у кого-то есть другие соображения?!
И.В.Сталин
Ամեն ինչ այս կյանքում իր գինն ունի. Աքսիոմատիկ այս ճշմարտությունից
զերծ էչ նաև Մեծ քաղաքականությունը: Քիչ է ասել՝ «զերծ չէ», այն հենց խիստ հաշվարկների
վրա էլ հիմնված է, հաշվարկների ու շահերի: Մնացածը՝ «ազգերի եղբայրություն», «ռազմավարական
գործընկերներ», «եղբայրական (մեծ-ախպերական) ժողովուրդներ», ինչպես ասում են, քնարերգություն
է, լիրիկա:
«Հայաստանը պատրաստվում է ստորագրել «Ասոցացման համաձայնագիրը», «Խորը և համապարփակ ազատ առևտրի» պայմանագիը, որն անելուց հետո անհնար կլինի Եվրասիական միությանը միանալը: Այդ երկուսը բացառում են միմյանց: Կապված տնտեսական հարցերի հետ՝ երկիրը չի կարող միաժամանակ մտնել խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մեջ լինել և առանձին պայմանագիր ստորագրել Եվրասիական միության հետ:»
Եվրոպայի խորհրդի արտաքին հարաբերությունների փորձագետ Ժաննա Կոբզովա
«Հայաստանը պետք է կատարի ոչ թե աշխարհքաղաքական, այլ՝ քաղաքակրթական
ընտրություն»
Զդիսլավ Ռաչինսկի, Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտակարգ
և լիազոր դեսպան
Գազի գինը բարձրանալու է: Արդեն կասկած չկա: Այս անգամ՝ հաստատ:
Արդեն մեկ-երկու տարի տևած խոսակցությունները առարկայացան հայաստանյան ընտրական ցիկլի
ավարտին համահունչ:
Սա այն գինն է, որն առայժմ
վճարելու է Հայաստանը Եվրոպական միության հետ «խաղեր» տալու համար: Դժվար է ասել՝
սրանով կավարտվի կայսերապաշտական քաղաքականությունը:
Բայց դա էլ ամբողջը չէ: Երեկ տեղեկատվություն տարածվեց, որ Գյումրու
ռուսական 102-րդ ռազմաբազան համալրվում է տարածաշրջանում նմանը չունեցող հրթիռային
սպառազինությամբ:
Ինչպես ИА REGNUM գործակալությանը հայտնել է Ռուսաստանի զինված
ուժերում առկա աղբյուրը, բազայի սպառազինման համար սկսվել է նոր ծանր տեխնիկայի մատակարարումը,
իսկ շուտով կմատակարարվի լուրջ հրթիռային սպառազինություն: «Ամենայն հավանականությամբ`
խոսքը գնում է «Իսկանդեր-Մ» օպերատիվ տակտիկական հրթիռային համակարգի և «Տորնադո» համազարկային
համակարգի մասին»,- հաղորդել է անանուն աղբյուրը: Արժի նշել, որ «Իսկանդեր-Մ» օպերատիվ
տակտիկական հրթիռային համակարգը անսխալ կարող է խոցել մինչև 500 կմ հեռավորության
վրա գտնվող թիրախները, ընդ որում, թռիչքի հետագծի առանձնահատկություններից ելնելով`
ոչ մի հակահրթիռային համակարգ ի զորու չէ դրանք վնասազերծել:
Ի՞նչ է սա. Ռազմական ներկայության ամրապնդո՞ւմ: Ի՞նչ նպատակով:
Կարելի է բացատրությունը սկսել պարզապես ժամանակակից ռազմական
տեխնիկայով ռազմաբազան վերազինելու Ռուսաստանի ընթացիկ գործողություններից և ավարտել
գլոբալ տարածաշրջանային սպասվող ռազմական գործողություններին պատրաստ լինելու՝ ժամանակի
հրամայականով:
Հարցերը շատ են: Պատմական, աշխարհաքաղաքական, տնտեսական բազմաթիվ
օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններով պայմանավորված մեր պետության տոտալ կախվածությունը
մեր հյուսիսային «ռազմավարական» գործընկերոջից աննախադեպ է: Այդպիսին, հավանաբար, կլինի
տեսանելի ապագայում:
Ասում են՝ մեր արևմտյան դարավոր ոխերիմ հարևանից ռազմական ագրեսիայի
մշտական վտանգը այդ աննախադեպ կախվածության հիմնական պատճառն է: Թերևս:
Ցանկալի կլիներ միայն հասկանալ: Կարելի է դեռևս ջանքեր գործադրել
երկրի արտաքին քաղաքականության, իսկ Հայաստանի նման «խեղճուկրակ» պետության համար՝
«արտաքին քաղաքական կախվածության» դիվերսիֆիկացման ուղղությամբ,
թե, ինչպես ասում էր մեր ընկերներից մեկը «արդեն ուշ ա~»: