Հայոց
ցեղասպանության տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումների համատեքստում ի թիվս այլ հարցերի ակտիվորեն քննարկվում էր նաև ավանդական դարձած "ջահերով երթի" ժամանակ թրքական դրոշն
«այրել-չայրելու» հարցը:
Ոմանք դա հայրենասիրության և պահանջատիրության անզիջում
պայքարի ակնառու դրսևորում են որակում, մյուսները` անպտուղ
շոու, մի մասը կարծում է, թե դա քաղաքական ակցիա է`
ուղղված «արևմուտքին», որոշ վերլուծաբաններ էլ դա որակում են «լածիրակություն», հիմնավորելով, թե «մենք Պետություն ե՞նք, թե՞ Պաղեստինի նման խալխ...»: Հիմա` ի՞նչ անել. Այրե՞լ, թե՞...
Միանգամից ասեմ` այրե՚լ: Այրել, ցույց տալու թրքական պետության
և նրա ժխտողական պետական քաղաքականության հանդեպ վերաբերմունքը:
Եվ
պետք չէ ասել, որ դա քաղաքական կոռեկտությունից դուրս է: Ընդհանրապես հասկանալի չէ
«քաղաքական կոռեկտության» եզրի կիրառումը մի պետության հանդեպ, որն
այդ եզրույթի հետ որևէ աղերս չունի և երբևէ չի ունեցել («Հազար
տարում` հազիվ դառավ մարդասպան» Հովհ.Թումանյան):
Հիմա` երկու
վերապահում:
Առաջին. դա
պետք է անեն բացառապես քաղաքական ուժերի ներկայացուցիչները, երիտասարդները, մասնավորապես, ինչը և արվում
է: Պետությունն այս ակցիային չպետք է ունենա առնչություն: Մեր պետությունը թրքական ժխտողականության դեմ պետք է պայքարի
միջազգային քաղաքականության և դիվանագիտության հարթության մեջ:
Երկրորդ. այրել
է պետք ոչ այնքան Երևանում, որքան Վաշինգտոնում, Լոս-Անջելեսում,
Բրյուսելում, Ստրասբուրգում, Թել-Ավիվում,
Բեռլինում, Մոսկվայում, Ստամբուլում (եթե վաղը-մյուս օրը իրեն քաղաքակիրթ հռչակած Թուրքիայում խոսքի ազատությունը նման «գերաճ»
տա...), և այլուր: Այրել դեսպանատների դիմաց, այլոց աչքի առաջ, ի
ցույց դեսպանների, դիվանագետների, այդ երկրների իշխանությունների և հասարակությունների:
Այրել, ու ասել` թե ինչու ենք այրում այդ պետության խորհրդանիշը:
Այրում ենք, որովհետև
այդ պետությունը ժխտում է, ուրանում է իր
կատարած հանցագործությունը, դա անում է տասնամյակներ
շարունակ, համակարգված, հետևողական, օգտագործելով իր բոլոր միջոցները, ի
հեճուկս աշխարհի բազմաթիվ պետությունների ու միջազգային կազմակերպությունների` այս հարցով ունեցած հստակ դիրքորոշմանը, նրանց կողմից ընդունած ու դեռևս ընդունելիք փաստաթղթերի:
Պետության խորհրդանիշի այրումը, առհասարակ, շատ հասցեական քաղաքական ակցիա է: Սա քաղաքական պայքարի գործիք է և պետք է կիրառվի ճիշտ և նպատակային:
Հարկ է փաստել,
որ մեր հանրության մեջ մոտեցումների բազմազանություն և նմանատիպ դիսկուրսներ միայն այս հարցով չէ, որ առկա են:
Ցավոք, տարակարծությունները վերաբերում են ազգային մեր շատ հարցերին ու հիմնախնդիրներին, Հայ դատի ու պահանջատիրության բազմաթիվ ասպեկտներին: Տարբեր են պետական պաշտոնական ու քաղաքական կուսակցությունների մոտեցումները, սփյուռքյան և հայաստանյան
կազմակերպությունների
մոտեցումները, հետազոտական կենտրոնների և անհատ փորձագետների, գիտնականների մոտեցումները: Եվ այդ տարբերությունները թե՚ վերջնանպատակին են վերաբերում, թե՚ իրագործման ուղիներին:
Մինչդեռ, Հայոց պահանջատիրությունը պետք
է ունենա մեկ միասնական կոնցեպտ: Բաղկացած լինի ձևակերպված նպատակից, խնդիրներից, գործողությունների
ծրագրից: Այդ ծրագրում պետք է տեղ գտնեն քաղաքական, իրավական, դիվանագիտական, տեղեկատվական,
տնտեսական, ինչու չէ` նաև մշակութային պայքարի ամենաբազմազան ձևերը, որոնք պետք է կյանքի
կոչվեն զուգահեռաբար, մեկը մյուսի հետ համակցված, անպայմանորեն ճիշտ դերաբաշխումով:
Արդյունքը միայն այդ ժամանակ ի հայտ կգա:
Վերջապես, խնդիրը «այրել-չայրելը» չէ: Կարելի
է և չայրել, եթե հարցի համակողմանի քննարկումները հանգեցնեն քաղաքական այդ ակցիայի
անարդյունավետության կամ ժամանակավրեպ լինելու եզրակացության: Խնդիրը, մեծ հաշվով,
կոնցեպտի
առկայության և միասնական մոտեցման մեջ է. թե՚՚ Հայոց պահանջատիրության պայքարի
թեկուզ և փոքր, բայց այնուամենայնիվ` բաղադրիչ հանդիսացող այդ եղանակի կիրառման, և`
թե՚ համազգային նշանակության հիմնախնդիրների լուծման ուղիների առումներով, ընդհանրապես:
Սրանք այն հարցերն են, որտեղ քաղաքական բազմակարծությունը ոչ միայն արդյունավետ չէ,
այլև թույլատրելի չէ, ավելին` վտանգավոր է:
Cicatum: «Է~, բա եղա՞վ... հինգ հոգով վեց երգ ենք երգում...
Հարյուր հոգով մի երգ պիտի երգենք, որ օճորքը քանդվի":
«Եռանկյունի» ֆիլմից