четверг, 10 ноября 2005 г.

ԸՆՏՐՈՎԻ, ԹԵ՞ ՆՇԱՆԱԿՈՎԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ


Եվ դարձյալ, մեր խառնվածքին ու բնավորությանը հատուկ` այս հարցին Սահմանադրական փոփոխությունների համատեքստում տրվել է ավելի մեծ արժեք և կարևորություն, քան այն իրենից ներկայացնում է: Ըստ որում կենտրոնանալով դրա վրա և անընդհատ շահարկման ենթարկելով, անուշադրության են մատնվել փոփոխությունների նախագծի առավել առանցքային նշանակություն ունեցող տարրերը (իշխանությունների տարանջատման և հակակշռման, կառավարության, արդարադատության խորհրդի, կարգավորող մարմինների ձևավորման և գործունեության մեխանիզմները և այլն):

Հարկ է վերջապես դրսևորել մասնագիտական բարեխղճություն և պարկեշտություն` փաստելու, որ լինի Երևանը համայնք, թե ունենա մարզի կարգավիճակ, նմանապես` մարզպետները ընտրվեն թե նշանակվեն, դա ընդամենը պետական կառավարման մոդելի խնդիր է, և ոչ մի կապ չունի ոչ ժողովրդավարության, որ մարդկանց ազատ կամարտահայտման, ոչ էլ, եթե կուզեք, Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի հետ:

Հանրային կառավարման մոդելներն աշխարհում բազմաթիվ ու բազմապիսի են և յուրաքանչյուրի պարագայում կան մշակված մեխանիզմներ, համակարգի տարբեր մակարդակներում արդյունավետ իրականացնելու թե պետական, թե տեղական ինքնակառավարում:

Այս առումով չկա «լավ» կամ «վատ» մոդել, այլ` տվյալ կոնկրետ դեպքում, առկա բնակչության թիվը, տեղաբաշխվածությունը, խնդիրների ընդհանրությունը և այլ գործոնները հաշվի առնելով, գոյություն ունեն կիրառելի և ոչ կիրառելի մոդելներ ու մեխանիզմներ: Դրանք բոլորը վերջին հաշվով միտված են դեպի բնակիչն ու նրա խնդիրները և արդյունքում ողջ հանրային կառավարումը հանգում է տեղական նշանակության խնդիրների լավ կամ վատ լուծմանը: Վերջինս այն փարոսն է, որին պետք է ուղղված լինեն թեմոդելի և մեխանիզմների ընտրությունը, թեդրանց բարեփոխմանն ու փոփոխմանն ուղղված ջանքերը:

Այսքանով հանդերձ դժվար է ենթադրել, թե չբարեփոխված Սահմանադրությամբ Երևանին տրված մարզի կարգավիճակը լուրջ խոչընդոտներ էր հարուցում թաղային համայնքների մակարդակով արդյունավետ տեղական ինքնակառավարում կազմակերպելու և իրականացնելու առումով:

Խնդիրը այստեղ բոլորովին այլ է և կապված է, մի կողմից` տեղական ինքնակառավարման էության սխալ ընկալման և մեկնաբանման հետ, մյուս կողմից Երևանի քաղաքապետի պաշտոնն ընտրովի դարձնելու` քաղաքական հետևանքների անտեսման հետ:

Տեղական ինքնակառավարման իմաստն ու էությունը իշխանության ապակենտրոնացման միջոցով տեղական նշանակության խնդիրների առավել արդյունավետ լուծումն է: Այսինքն, կենտրոնացված պետական մակարդակից տեղական մակարդակ իշխանության փոխանցմամբ հնարավորություն է ընձեռնվում տվյալ տեղանքում ապրող բնակչությանը` համայնքին, ինքնուրույն ձևավորել տեղական ինքնակառավարման մարմիններ, նպատակ ունենալով ավելի արագ և ռացիոնալ ձևով լուծելու մարդկային առօրյա կենսագործունեությանն առնչվող խնդիրները (սոցիալական, աշխատանքային, կոմունալ-կենցաղային, բնակարանային, հանգստի, ժամանցի և այլն): Ըստ այդմ համայնքն ի դեմս ՏԻ մարմինների (համայնքի ղեկավար և ավագանի) օրենսդրորեն ամրագրվում և սկսում է հանդես գալ պետական իշխանությունից հարաբերականորեն առանձին, անկախ տնտեսական, իրավական միավոր: Այն ունի առանձնացված սեփականություն, իրականացնում է գործարքներ, իրավահարաբերություններում հանդես է գալիս որպես սուբյեկտ և այլն:

Համայքն այսքանից զատ որոշ սահմաններում նաև ինքնուրույն քաղաքական միավոր է, և համայնքի ղեկավարի պաշտոնը բովանդակային առումով քաղաքական է. ՏԻ մարմինները` համայնքի ղեկավարն ու ավագանին, մշակում և իրագործում են տվյալ համայնքի քաղաքականությունը: Վերջինս փաստաթղթային առումով կարճաժամկետ հատվածում արտահայտվում է համայնքի բյուջեով և եռամյա զարգացման ծրագրով, երկարաժամկետ  հատվածում` համայնքի երկարաժամկետ ռազմավարական ծրագրերով: Բայց եթե հանրապետության ավելի քան 900 համայնքներում այսքանով սահմանափակվում է համայնքի ղեկավարի պաշտոնի քաղաքական բովանդակությունը, նույնը չի կարելի ասել Երևանի պարագայում: Երևանը որպես մայրաքաղաք և քաղաք առանձնահատուկ է: Երևանում է կենտրոնացված երկրի բնակչության ավելի քան 1/3-ը, մտավոր ներուժի 70% և տնտեսական ու ֆինանսական կարողությունների 80%-ը: Սա երկրի բնակչության և ռեսուրսների տեղաբաշխման առումով անոմալ երևույթ է, բայց և այնպես իրողություն է, որի հետ պետք է հաշվի նստել:

Այսքանով հանդերձ ակնհայտ է, որ Երևանի քաղաքապետի պաշտոնն ունի այլ քաղաքական բովանդակություն և դրա զբաղեցումն ուղղակի ընտությամբ որոշիչ նշանակություն է ունենալու ողջ երկրի քաղաքական համակարգի և զարգացումների վրա:

Հետո ի±նչ, կասեք, թող ունենա, ի±նչ վատ բան կա դրա մեջ:

Պարզվում է` կա:

Դարձնելով Երևանի քաղաքապետի պաշտոնն ընտրովի մենք ոչ թե խթանում ենք ՏԻ կայացումը, այլ ճիշտ հակառակը, վնասում ենք Երևանում տեղական ինքնակառավարմանը, որովհետև ընտրությունը կենտրոնանալու է ոչ թե տեղական նշանակության խնդիրների առավել լիարժեք և արդյունավետ լուծման առաջնահերթության, այլ երկրի հաջորդ Նախագահի պաշտոնի հավակնությունների միջև պայքարի վրա:

Արդյունքում տուժելու է շարքային երևանցին, որը փոխանակ իր համար քաղաքապետ ընտրի, չգիտես ինչու ակամա, համակարգի պարտադրանքով մասնակցելու է նախնական նախագահական ընտրություններին:

Պարզ ասած, հանրապետության բնակչության գրեթե կեսն ունեցող քաղաքի (համայնքի) ղեկավարի պաշտոնը դարձնելով ընտրովի, մենք չենք լուծում բնակիչների ճիշտ և նպատակային կամարտահայտման և ոչ մի խնդիր, փոխարենը Երևանում այլասերում ենք տեղական ինքնակառավարումը:


10 նոյեմբերի 2005թ.