Citatum: “Ահաբեկչությունը քաղաքական պայքարի ձև է”
“Նեմեսիս” գործողության թղթափանակից
Ահաբեկչության
մասին խոսելիս շատ կարևոր է պարզել մի հարց. ո՞րն է ահաբեկչության բնույթը, բնությունը:
Արդյո՞ք այն սուբյեկտիվ երևույթ է` ծնված
մարդկանց գլուխներում որպես գաղափարախոսության իրականացման մեթոդ, թե՞ այն օբյեկտիվ երևույթ է` կապված որոշակի աշխարհքաղաքական
զարգացումների հետ, արդյո՞ք ահաբեկչությունը ազդեցության
եղանակ է` ներգործելու պատմական և քաղաքական ինչ-ինչ գործընթացների վրա, թե՞ այն
ինքնին հենց հակազդեցություն է պատմական
և քաղաքական որոշակի գործընթացների, ունի նրանցից ուղղակի կամ անուղղակի կախում և ըստ
այնմ հավակնում է պատմական կամ քաղաքական անհրաժեշտություն լինելու:
Այս
հարցադրումը չափազանց կարևոր է մի քանի պատճառներով:
Նախ,
բացահայտելով ահաբեկչության բնույթը և ծագման պատճառները, մենք պարզում ենք այդ
երևույթի կանխատեսելիության հնարավորությունը: Երկրորդ, ուսումնասիրելով
ահաբեկչության կապվածությունն ու կախումը պատմական և քաղաքական գործընթացներից,
հնարավորություն է ստեղծվում, վերջիններիս վրա ներգործելով, կանխել կամ բացառել
այն: Եվ վերջապես, հարցադրումը շատ կարևոր է, քանի որ այս նույն հարցադրման տակ են ընկնում պատմական այնպիսի կարևոր
գործընթացներ, ինչպիսիք են պատերազմները, հեղափոխությունները, կայսրությունների առաջացման
ու վախճանի երևույթները:
Եվ
եթե վերջիններս շատ, թե` քիչ ուսումնասիրված են պատմագիտական և այլ
տեսանկյուններից, դրանց հետ կապված դուրս են բերված որոշակի օրինաչափություններ,
ապա ահաբեկչությունը` որպես գլոբալ համամարդկային հիմնահարց ի հայտ եկավ
սեպտեմբերի 11-ի հայտնի դեպքերից հետո:
Եվ ուրեմն
ո՞րն է ահաբեկչության բնույթը, արդյո՞ք այն պատճառ է, թե` հետևանք, և վերջապես,
ո՞ր հասկացության համատեքստում է այն հարմար դիտարկել:
Ես
ուզում եմ փորձ կատարել, ահաբեկչությունը դիտարկել արդարության հասկացության
համատեքստում: Բայց ինչպե՞ս, չ՞է որ ահաբեկչությունը հանցագործություն է, իսկ
արդարությունը` բարոյագիտական կատեգորիա: Փորձենք, սակայն դիտարկել այն
փիլիսոփայական տեսանկյունից:
Արդարության
փիլիսոփայական իմաստը հակադրությունների ու
միասնության դիալեկտիկական օրենքի մեջ է: Ասել է, թե` ցանկացած համակարգ, լինի
դա հասարակություն, պետություն, թե` երկրագնդի աշխարհքաղաքական համակարգը
կենսունակ է և բնականոն է գործում միայն այն ժամանակ, երբ համակշռված է, այսինքն,
երբ նրա ներսում գործում են բազմաթիվ (առնվազն` երկու) միմյանց զսպող ուժեր և
ազդեցություններ, որոնց փոխգործակցության հետևանքով համակարգում ստեղծվում է
կայուն դինամիկ հավասարակշռություն: Այդ բնականոն հաշվեկշռի խախտման դեպքում,
որպես դիալեկտիկական անհրաժեշտություն, համակարգի ներսում ի հայտ են գալիս ուժեր,
ազդեցություններ, որոնք կոչված են վերականգնելու այդ խախտված հաշվեկշիռը: Եվ որքան
մեծ է բալանսի այդ խախտումը, այնքան ազդեցիկ և ակնառու է այդ ուժերի
ազդեցությունը:
Սովետական
կայսրության փլուզումը, միաբևեռ աշխարհքաղաքական համակարգի հաստատումը, աշխարհի
վրա Միացյալ Նահանգների քաղաքական և տնտեսական ազդեցության ահագնացումը,
գլոբալիզացիոն աննախընթաց գործընթացները և կենսական ձևերի ու արժեքների տարերային
ունիֆիկացումը հանգեցրեցին երկրագնդի` որպես աշխարհքաղաքական համակարգի բնականոն
հաշվեկշռի խախտման, որը չէր կարող մնալ անհետևանք:
Հետևանքը
ահաբեկչությունն էր, որն ի հայտ եկավ նոր` իսլամական ֆունդամենտալիզնի կերպարանքով,
ընդ որում, դրա` որակապես նոր դրսևորմամբ: Դա պատահական չէ, քանի որ արաբական աշխարհը,
առավել, քան մնացածը, տարբերվում է արևմտյան աշխարհից իր քաղաքական և էթնոմշակութային
արժեքային համակարգերով:
Citatum: “Обострение
дружбы народов…”
Այստեղից
կարելի է եզրակացնել. ահաբեկչությունը պատճառ
չէ, այն որոշակի աշխարհքաղաքական զարգացումների օբյեկտիվ հետևանք է: Այն իր ծագմամբ ազդեցության եղանակ չէ` ներգործելու
պատմական և քաղաքական ինչ-ինչ գործընթացների վրա, ահաբեկչությունը ինքնին հակազդեցություն
է պատմական և քաղաքական որոշակի գործընթացների, ունի նրանցից ուղղակի կամ անուղղակի
կախում և ըստ այդմ հավակնում է պատմական կամ քաղաքական անհրաժեշտություն
լինելու: